Կապանի տարածաշրջանի Սյունիք համայնքում տեղում ստեղծված հանձնաժողովն արդեն ուսումնասիրել է օրեր առաջ ուժեղ քամու հետեւանքով համայնքի Սյունիք, Սզնակ եւ Դիցմայրի գյուղերում հասցված վնասի չափը: Ըստ Սյունիք համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանի՝ ընդհանուր վնասի չափը կազմել է մոտ 5 մլն դրամ: Նշենք, որ մայիսի 20-ին գրանցված ուժեղ քամու հետեւանքով մեծ ավերածություններ են եղել այստեղ. տների, անասնագոմերի, համայնքային ենթակայության կառույցների տանիքներ վնասվել, բերքատու ծառեր տապալվել եւ այլն:
Առավել շատ վնասներ եղել են Սյունիք եւ Սզնակ գյուղերում, բնակիչների տների, Սզնակ գյուղի ակումբի շենքի, Սյունիքի մշակույթի տան տանիքները շարքից դուրս են եկել, իսկ անձրեւի տեսքով տեղումները դեռ շարունակվում են տարածաշրջանում եւ հերթական անհարմարությունները պատճառում վնասված տանիքներ ունեցող տների բնակիչներին: Դիցմայրի գյուղում նույնպես ավերածություններ են եղել, սակայն ոչ մեծ ծավալով, այստեղ հիմնականում թթենիներ եւ ընկուզենիներ են տապալվել գետնին: Սամվել Սարգսյանի խոսքով՝ համայնքն իր միջոցներով կնորոգի համայնքային ենթակայության կառույցների տանիքները, սակայն բնակիչներին օգնել չի կարող, վնասները մեծ են, իսկ համայնքային բյուջեն նման հնարավորություններ չունի: «Քամու 25 մ/վ արագության դեպքում պետությունը փոխհատուցում է, քամու արագությունը բավականին բարձր է եղել մեզ մոտ, սակայն Սյունիքի մարզային հիդրոմետ կայանը չի արձանագրել, որովհետեւ քամին եղել է հարավարեւելյան, իսկ կայանը հակառակ կողմում է գտնվում, դրա համար իրենց մոտ չի գրանցվել: Ավերածությունների վերաբերյալ թղթերն ուղակվել են արտակարգ իրավիճակների վարչություն, որտեղ պետք է ուսումնասիրություններ արվեն: Ընդհանուր հաշվարկվել է 170 հատ վնասված շիֆեր, տանիքի փայտերն էլ են ջարդվել: Համայնքային ենթակայության կառույցների վնասված հատվածները սկսել ենք վերանորոգել, սակայն բնակիչներին չի ստացվելու աջակցել, ընթացիկ ծրագրեր ունենք, որոնք չենք կարող դադարեցնել», – նշեց պարոն Սարգսյանը: Բնակիչների պատմելով՝ քամու հետեւանքով նախկինում եւս ավերածություններ եղել են իրենց գյուղերում, սակայն նման մեծ ավերածությամբ դեպք առաջին անգամ է գրանցվել, ինչն իրենց լուրջ դժվարությունների առջեւ է կանգնեցրել: Նրանք հույս ունեն, որ պետությունը կաջակցի եւ կօգնի լուծել գյուղացիների խնդիրը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ