Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծնողներիս ներել չեմ կարողանում». Մի աղջկա պատմություն

Մայիս 22,2013 16:07

 

Ընդամենը 4 տարեկան էր, երբ ծնողներն առաջին անգամ ամուսնալուծվեցին: Այդ ժամանակ դեռ չէր հասկանում, թե անըդհատ կռիվների պատճառը որն է, միայն ականատես էր լինում վեճերին, որոնք անպայման ավարտվում էին ծեծով: Մեկ տարի մոր ծնողների տանը ապրելուց հետո դարձյալ վերդառնում են հոր տուն: Սակայն ոչինչ չէր փոխվել. կռիվները շարունակվում էին, հայրն օրերով տուն չէր գալիս: Երբեմն էլ փոքրիկ Սոնային էր իր հետ տանում այն տունը, որտեղ ապրում էր նոր կնոջ և նորածին աղջկա հետ. «Ես ընդամենը հինգ տարեկան էի: Ինձ համար շատ բաներ դժվար էր հասկանալը, բայց ես գիտակցում էի, որ պապան արդեն մենակ իմը չի: Երբեմն նույնիսկ մտածում էի, որ գուցե ինձ չի էլ սիրում»,-ասում է Սոնան:

Սոնայի հայրը մորը փախցրել էր: Սոնան այդպես էլ չի կարողանում հասկանալ՝ եթե չէին սիրում իրար, ինչո՞ւ էին նման բան արել: Ծնողները ևս երկու անգամ բաժանվում են, նորից միանում. «Ես արդեն հաշտվել էի այդ վիճակին: Գիտեի՝ որ ոչինչ փոխել չեմ կարող, որովհետև հորս նոր ընտանիքում ևս մի երեխա էր ծնվել: Բայց ամեն ինչ գնալով ավելի դժվար էր դառնում ինձ համար թե´ տանը, թե´ դրսում՝ երեխաների հետ շփվելիս: Փոքր գյուղ էր, բոլորը ճանաչում էին իրար, բոլորը խոսում էին: Երբ դպրոց պիտի գնայի, մամայի ծնողների տանն էինք, ու այնտեղի դպրոց գնացի: Մաման էլ ընդունվեց նույն դպրոցում աշխատելու, բայց մեկ տարի անց դուրս եկավ, ինձ էլ դպրոցից հանեց, ու մենք դարձյալ տեղափոխվեցինք: Մեր գյուղի դպրոց էի գնում: Ամեն ինչ շատ լավ էր, ինձ նույնիսկ դասարանի ավագ էին նշանակել, սակայն դա տևեց մի տարի»: Ուսումնական տարին դեռ չավարտված՝ մայրը վերցնում է աղջկան և այս անգամ արդեն վերջնական հեռանում ամուսնու տնից: Մի օր էլ՝ տանը մնացած իրերը վերցնելու պատրվակով մայրը Սոնային բերում է հոր տուն, իսկ ինքը հեռանում: «Մաման գնաց ուրիշ տղամարդու հետ, իսկ ես մնացի ոչ մեկի հույսին: Հորեղբայրս իր տղաներին հազիվ էր կարողանում պահել, պապան այդ տուն չէր գալիս, ես մի ամիս դասի չգնացի, մինչև պապիկս թոշակը ստացավ ու ինձ ճանապարհածախսի գումար տվեց (Մայրը կրկին Սոնային տարել էր իր նախկին դպրոցը, որ կողքի գյուղում էր, և Սոնան պիտի ավտոբուսով գնար – Հեղինակ): Գնացի դասի. մեր դպրոցում բոլորն արդեն գիտեին, որ մայրս հեռացել է, բոլորն ինձ տարօրինակ էին նայում, նախկին ընկերներս չէին ցանկանում հետս շփվել, ուսուցիչները խղճում էին»,-պատմում է մեր հերոսուհին:

Այդ ընթացքում մորական պապը մի քանի անգամ գնում է Սոնային իրենց տուն տանելու, սակայն Սոնան չի ցանկանում գնալ պապի հետ: Սակայն, տեսնելով, որ հոր կողմից ոչ մեկը իրեն պահելու ցանկություն չունի, վերջապես գնում է: Մինչև հիմա արցունքով է հիշում այն խոսքերը, որ ասել էր տատին, երբ վերջինս նրան կանգառից վերցրեց ու տարավ տուն. «Ես գիտեմ, որ ձեր տանը ինչ-որ բան լինի, եթե մեղավոր էլ չլինեմ, դուք իմ վրա եք խոսելու»: Հիմա, երբ հիշում է, ասում է, որ չէր սխալվում, սակայն արդեն ոչ մի չարություն չկա մեջը, միայն շնորհակալ է, որ իրեն պահել ու մեծացրել են: Սակայն Սոնայի համար շատ դժվար է եղել շրջապատին մերվելը, ինչի համար էլ միշտ խուսափել է շփումներից, որովհետև բարդույթավորված էր և իրեն թվում էր, թե բոլորը իրեն խղճում են: «Ես փորձում էի ժամանակս սպանել գիրք կարդալով: Սկզբում չէի կարողանում դասերս սովորել, ոչ թե ընդունակ չէի, այլ չէի կարողանում կենտրոնանալ, մտքերս անընդհատ ուրիշ տեղ էին: Բայց մի անգամ դասարանում միջադեպ եղավ, որից հետո որոշեցի, որ բոլորին ապացուցելու եմ, թե ինչքան խելացի եմ ես»,- պատմում է աղջիկը: Ահա այդ ցանկությունն էլ նրան մղում է մեծ ձեռբերումների: Առաջադիմությամբ դառնում է առաջիններից մեկը ողջ դպրոցում, բարձր դասարանցիների հետ մասնակցում օլիմպիադաների, մրցույթների: Բայց դասընկերների հետ խնդիրները չեն ավարտվում. մշտական վեճեր, վիրավորանքներ նրա հասցեին, նաև նախանձ: Սոնան նույնիսկ ընտրվում է որպես դպրոցի Աշակերտական խորհրդի նախագահ:

«Ես երբեք դասարանի քեֆերին ու էքսկուրսիաներին չէի մասնակցում, որովհետև ամաչում էի փող ուզել տնեցիներից: Դա ինձ ավելի ու ավելի էր հեռացնում դասընկերներիցս: Հետո դասարանում շատերը սկսեցին մասնավոր պարապել բուհերի համար, իսկ ինձ չուղարկեցին պարապելու: Ես որոշեցի ինքնուրույն պարապել ու ընդունվել», – հիշում է Սոնան:

Ոչ մեկը չի հավատացել աղջկա ուժերին, և բոլորն անակնկալի են եկել, երբ նրա անունը կարդացել են համալսարան ընդունվածների ցուցակում: Ուսումնառության տարիներն ավելի հանգիստ են անցնում, որովհեև նոր միջավայրում նրա պատմությունը ոչ մեկ չգիտեր: «Ես ամեն ինչ անում էի, որ ծնողներս իմանան, թե ինչ են կորցրել: Ես իմ մրցանակներով, գիտական հաջողություններով ուզում էի նրանցից վրեժ լուծել, որովհետև ժամանակի ընթացքում սկսել էի մեղադրել բոլորին, իսկ ծնողներիս ներել չեմ կարողանում իմ չունեցած մանկության ու խեղդված պատանեկության համար: Գուցե եթե այդ տարիների ընթացքում փորձեին ինձ տեսնել, շփվել հետս, ես կկարողանայի ներել, բայց…»,-տխուր ժպիտով հիշում է Սոնան:

Իսկ Սոնայի կյանքում ամենամեծ բարդությունը սկսվել է համալսարանն ավարտելուց հետո. «Այդ ամբողջ ընթացքում ես ինձ ուժեղ էի ձևացնում. ոչ մեկ չպիտի իմանար իմ պատմությունը, ոչ մեկ չպիտի հասկանար, որ ես ինչ-որ դժվարություններ ունեմ: Սակայն ժամանակի ընթացքում նյարդերս տեղի տվեցին: Ես դադարեցի մարդկանց հետ շփվել»:

Սոնայի մեծագույն երազանքն է եղել գեղեցիկ ընտանիք ու շատ երեխաներ ունենալը, միշտ վստահ է եղել, որ լավագույն մայրն է լինելու, սակայն տարիների հետ սկսել է վախենալ տղաների հետ շփվելուց, ընտանիք կազմելու միտքը նրան սարսափեցնում է. «Ես վախենում եմ, որ ճակատագիրը կկրկնվի, ու իմ երեխաները ստիպված կլինեն անցնել այն ամենի միջով, ինչի միջով, որ ես եմ անցել», – ասում է Սոնան հուսահատ ու մեղավոր հայացքով: Երկարատև հոգեթերապիաներից հետո, կարծես, նրա մոտ ամեն ինչ կարգավորվել է, փորձում է աշխատանք գտնել և հույս ունի, որ աշխատանք գտնելուց հետո կհանդիպի նաև իր «ասպետին», որի գոյությանը կրկին սկսել է հավատալ:

«Դպրոցում մեզ սովորեցնում էին, որ ծնողները պատասխանատու են երեխաների համար, մինչդեռ երեխաները՝ ոչ: Իսկ ես ամեն անգամ պնդում էի, որ պատասխանատու չլինելով հանդերձ, մենք պատասխան ենք տալիս: Ես իմ կյանքի լավագույն տարիներով արդեն պատասխան եմ տվել ծնողներիս անտարբերության համար: Կարծում եմ՝ արդեն ժամանակն է, որ սկսեմ ապրել: Ես վստահ եմ, որ լավագույնը դեռ առջևում է ու շատ ճիշտ են այն խոսքերը, որ «Ցավն է հաճախ առաջ մղում», – ժպիտով հայտնում է Սոնան:

 

Գրի առավ՝ Հռիփսիմե Գալստյանը

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031