Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյան. «Թող ոչ թե մեկ ամսվա աշխատավարձը, այլ մեկ տարվա փայաբաժինը փոխանցեն արմավիրցիներին»

Մայիս 22,2013 15:44

Երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խոստացավ, որ իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցելու է կարկուտից տուժած արմավիրցիներին օգնելու համար բացվելիք հաշվեհամարին: Այնուհետև հորդորեց պատգամավորներին՝ իրենց «սուրբ պարտքը» կատարեն եւ օգնեն գյուղացիներին:

Aravot.am-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազանից, ում անունը բազում բիզնեսների հետ է կապվում, հետաքրքրվեց` նա իր աշխատավարձը փոխանցելո՞ւ է արմավիրցիներին: Վ. Այվազյանն ի պատասխան նշեց. «Թույլ տվեք ես իմ սեփական կամքով իմ որոշումը կայացնեմ, կլինի՞: Շնորհակալ եմ»:

ԱԺ նախկին պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանն էլ նկատում է, որ Հ. Աբրահամյանի առաջարկը «մեղմ ասած բացարձակապես խնդիր չի լուծում, քանի որ դրա լուծումը ոչ թե այն է, որ պատգամավորները սրտաճմլիկ տեսարան ստեղծեն, մի հատ էլ լավամարդ դուրս գան, այլ այդպիսի տարածքները պիտի արագ ճանաչվեն աղետի գոտի»: Այնուհետև հավելեց. «Ճիշտ կլիներ, որ ԱԺ նախագահը հարցը դներ այնպես, որ տարածքը ճանաչվում է աղետի գոտի, և բնական աղետներից  տուժած մարդիկ փոխհատուցվեին: Թե չէ նրանցից որևէ մեկին այդ ողորմությունը պետք չէ: Մարդիկ չեն ուզում տեսնել սրտաճմլիկ և PR-ով միավորներ հավաքող պատգամավորների, այլ ուզում են տեսնել պետության աջակցությունը»:

Մեր հարցին` եթե Դուք պատգամավոր լինեիք, Ձեր աշխատավարձը կփոխանցեի՞ք արմավիրցիներին: Ս. Սաֆարյանը պատասխանեց. «Ոչ, ես չէի փոխանցի, քանի որ այդ մարդիկ ողորմության կարիք չունեն: Նրանք սոցիալապես ծայրահեղ անապահովներից չեն, որոնց համար հինգ-տասը հազար դրամը լուրջ խնդիր լուծեր: Նրանք ֆերմերական գործունեություն են ուզել տարածել, այնինչ ոչ միայն եկամուտներ չեն ունենալու, այլ տոկոսներ են փակելու: Նրանք ուզում են ազատվել խնդրից, որը ծագել է ֆորսմաժորային իրավիճակում: Մի կողմից պատգամավորների այս ակցիան չես կարող քննադատել, քանի որ հումանիստական մոտեցում են ցուցաբերել, մյուս կողմից էլ, եթե հայտարարագրերում նշում են իրենց տարեկան փայաբաժինների մասին, ապա թող ոչ թե մեկ ամսվա աշխատավարձը, այլ մեկ տարվա փայաբաժինը փոխանցեն արմավիրցիներին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031