Կողմնակի դիտորդի համար այս տեսարանը կարող էր անգամ ծիծաղելի լինել: Պատկառելի տեսքով՝ պաշտոնական կոստյումներով ու մեծ մասամբ՝ ակնոցավոր մարդկանց մի խումբ լարված հետեւում է էկրանին, որտեղ մեկ անիմացիա է ցուցադրվում, մեկ էլ մանկական տեսախաղի որեւէ հատված, եւ այս ամենն ուղեկցվում է լրջագույն զեկույցներով:
Այսպես էր երեկ առավոտյան Լոնդոնում ընթանում ԵԽԽՎ մշակույթի, գիտության, կրթության եւ մեդիայի հանձնաժողովի կազմակերպած «Ազգային խորհրդարանների դերը Եվրոպայում մեդիա կարգավորման հարցերում» համաժողովը: Քննարկման առաջին թեման աուդիովիզուալ մեդիայում բռնությունն էր եւ դրա հետեւանքները երեխաների ու հասարակության վրա: Եվ հընթացս անգամ «Թոմ ու Ջերի» մուլտֆիլմը հիշեցին, թե ինչպես են այնտեղ մուկն ու կատուն միմյանց պատուհանից դուրս նետում, «Սուպեր Մարիո» խաղից կադրեր ցուցադրեցին, որտեղ Մարիոն մեկը մյուսի հետեւից կենդանիներ է ոչնչացնում: PEGI (Pan European Game Information) կազմակերպության դասակարգմամբ՝ նման բռնության տեսարանները կարելի է նայել թերեւս անգամ մինչեւ 3 տարեկաններին՝ բռնությունը իրականին նման տեսարաններով չի ուղեկցվում, ինչ-որ տեղ հումորային է: Սակայն նույն կազմակերպության ներկայացուցչի ցուցադրած 18 եւ ավելի տարիքային խմբերի դասակարգմամբ տեսախաղերի հատվածները, որտեղ եւ բռնությունը, եւ արյունը, եւ մարդկանց տառապանքները վերարտադրված էին համարյա բնականորեն՝ ստիպեց ներկա կանանցից մեկին հառաչել. «Նայում ես սա եւ ուրախանում, որ երեխաներ չունես»:
Մինչդեռ տեսախաղեր ստեղծողներն անցած տարիների ընթացքում հենց փորձում են առավել բնական՝ մարդկային կերպարներով խաղեր ստեղծել, որտեղ գրաֆիկան ավելի «ռեալիստական» է: «Նաեւ այսպիսով է բռնությունը դառնում սովորական»,- արձանագրեց զեկուցողը՝ Քենթի համալսարանի ներկայացուցիչ Նեյլ Մըքլաթչին: Նա ներկայացրեց անցկացված հետազոտությունների արդյունքները՝ 15 րոպե նման խաղեր խաղալուց հետո, որտեղ կրակոցներով պիտի ոչնչացնես դիմացդ դուրս եկածներին, մարդիկ դառնում են իրոք ավելի ագրեսիվ: «Սա ավելին է, քան միայն խաղը»,- եզրակացրեց նա:
Կարդացեք նաև
Կինոնկարների դասակարգում իրականացնող բրիտանական կազմակերպության ներկայացուցիչ Դեյվիդ Օսթինը տեղեկացրեց, թե արդեն պայմանավորվածություն ունեն ITunes Store-ի հետ, ըստ որի՝ բովանդակության դասակարգմանը չհամապատասխանող շարժանկարները տեղ չեն գտնում ITunes Store-ում, նաեւ հայտնեց, թե նույն հարցով բանակցում են նաեւ Disney ստուդիայի հետ: Ի դեպ, ավելի վաղ էլ Միացյալ Թագավորության երեխաների համացանցային ապահովության գործադիր մարմնի անդամ Ջոն Քարրն էր հայտնել, որ բրիտանական բջջային կապի բոլոր օպերատորները ստորագրել են հուշագիր, որով չեն թույլատրում իրենց ծառայությունների միջոցով այցելել պոռնոկայքեր, ինքնասպանություն ու բռնություն քարոզող կայքեր:
Սակայն հարցին, թե ինչպե՞ս երեխաներին բացատրել, որ չօգտագործեն այն բովանդակությունը, որը նախատեսված չէ իրենց տարիքային խմբի համար՝ Դեյվիդ Օսթինն առավել կարեւորեց կրթության, դպրոցների դերը:
Կողմնակալ
հեռարձակողը կարող է զրկվել արտոնագրից
Օրվա երկրորդ կեսին համաժողովում սկսեցին քննարկել արդեն համացանցի եւ քաղաքականության փոխկապակցվածության հարցերը՝ տեղեկատվական ու հաղորդակցական նոր տեխնոլոգիաների ազդեցությունը ժողովրդավարության վրա: Եվ առաջին հերթին հանդես եկավ Բրիտանական համայնքների պալատի Մշակույթի, մեդիայի եւ սպորտի հանձնաժողովի նախագահ Ջոն Վիթինգդեյլը: Նա ներկայացրեց, թե ինչպիսի օրենսդրական կարգավորումներ կան, որ լրագրողները չչարաշահեն խոսքի ազատությունը: Մասնավորապես հայտնեց, թե հեռարձակողներն իրավունք չունեն ներկայացնել միայն մի կողմի տեսակետ, հանդես գալ կողմնակալ դիրքորոշմամբ, այլապես կարող են ոչ միայն տուգանվել, այլեւ անգամ զրկվել հեռարձակման արտոնագրից: Այդպես եղել է, ասենք, մեկուկես տարի առաջ Press TV հեռուստաալիքի պարագայում, որն ըստ Վիթինգդեյլի՝ զբաղվում էր բացառապես քաղաքական քարոզչությամբ եւ փաստացի Իրանի քաղաքականության խոսափողն էր Մեծ Բրիտանիայում: (Ի դեպ, համաժողովի ընթացքում ուշագրավ ձեւակերպում արեց ԵՄ մեդիա ազատության բազմակարծության փորձագետների խմբի անդամ Բեն Համերսլեյը, թե հին մեդիաները հիմնված էին դեֆիցիտի վրա, օրինակ՝ հաճախականությունների դեֆիցիտի):
Հանձնաժողովի նախագահը նաեւ նկատեց, թե թերթերի տպաքանակները գնալով նվազում են, հնարավոր է, որ 5-10 տարի հետո ընդհանրապես էլ գոյություն չունենան. «Իսկ մենք դեռ շարունակում ենք մտածել, թե ինչպես կարգավորենք նրանց գործունեությունը: Տեղական մամուլի ներկայացուցիչներն էլ դժգոհում են, թե իրենք գոյատեւման խնդիր են լուծում, մինչդեռ լրացուցիչ ֆինանսական խնդիրներ ենք ստեղծում իրենց համար»: Եվ այս համատեքստում կարեւորեց, որ առավել կենտրոնանան առցանց լրատվամիջոցների վրա:
«Առավոտի» դիտարկմանն ի պատասխան, թե՝ հնարավոր չէ կարգավորել այն ամենը, ինչ հրապարակվում է առցանց, քանի որ մասնավորապես մեր երկրում հաճախ անգամ հայտնի չի լինում, թե տվյալ առցանց ԶԼՄ-ի հրատարակիչն ով է՝ Ջոն Վիթինգդեյլն ասաց, թե Հայաստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է մեր ԶԼՄ-ներին առնչվող հարցեր: Եվ մասնավորապես տեղյակ է մեր լրատվամիջոցների ֆինանսավորման ոչ բավարար թափանցիկության մասին: «Իսկ մենք պահանջում ենք, որ պարզաբանվի, թե տվյալ լրատվամիջոցն ում է պատկանում»:
Նկատենք, որ Ջոն Վիթինգդեյլը հայ-բրիտանական խորհրդարանական խմբի անդամ է, 2011-ին եկել էր Երեւան եւ ասուլիսում հայտնել. «Մենք այցելեցինք Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ տեսանք կատարվածի բոլոր ապացույցները: Վերադառնալով Բրիտանիա՝ ես կպատմեմ այն ամենը, ինչ տեսա, իմ տպավորությունները կկիսեմ իմ գործընկերների հետ»: Նաեւ ասել էր, թե մտադիր է ցուցահանդես կազմակերպել բրիտանական խորհրդարանում՝ իրազեկելու համար խորհրդարանականներին Հայոց ցեղասպանության մասին: Համաժողովի ուղղվածությունն այլ էր, հարցուպատասխանի ժամանակն էլ՝ սահմանափակ, ուստի չպարզեցինք, թե արդյոք իրականացրե՞ց իր մտադրությունը:
Համաժողովն այսօր շարունակելու է աշխատանքը:
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Լոնդոն
«Առավոտ» օրաթերթ