Լրահոս
Օրվա լրահոսը

Վկան բացահայտեց ողջ իրականությունը

Մայիս 22,2013 15:36

Հերթական տուժած քաղաքացու բնակարանի թալանի հետքերը տանում են դեպի Վլադիսլավ Մանգասարյանի պարտքերը:

Մաշտոցի 33/1 շենքում բնակարանի համար վճարած, սակայն բնակարան չստացած՝ տուժած գնորդ Լուսինե Գյուլխասյանի բնակարանի թալանի հեղինակների անուններն արդեն բացահայտ հնչում են Կենտրոնի դատարանի դահլիճում: Մասնավորապես, տուժած քաղաքացու բնակարանն այլ անձի հանձնելու կեղծ գործարքները այս գործով վերջին նիստում լիովին բացահայտեց հերթական վկան՝ Վլադ Մանգասարյանի եղբայր Ռուբեն Մանգասարյանի հետ արդեն Լուսինե Գյուլխասյանին վաճառված բնակարանի առուվաճառքի պայմանագիր կնքած Արթուր Գալստյանը:

Պարզ դարձավ, որ Գյուլխասյանի բնակարանը իրականում տնօրինել է ոչ թե Ռուբեն Մանգասարյանը, այլ նրա եղբայր Վլադիսլավ Մանգասարյանը: Իսկ Ռուբեն Մանգասարյանի եւ Արթուր Գալստյանի միջեւ բնակարանի կեղծ առուվաճառք է տեղի ունեցել, իրականում այդ գործարքը տեղի է ունեցել մի կողմից՝ բնակարանի իրական սեփականատեր Վլադիսլավ Մանգասարյանի, մյուս կողմից՝ Հարթունյան ընտանիքին պատկանող «Ջի Էյջ Սթորիջ Էնթփրայզս» ընկերությունից հայտնի Սեւակ Արզարունու միջեւ:

Իսկ ավելի ստույգ՝ վկա Արթուր Գալստյանը դատարանին հայտնեց, որ բնակարանի առուվաճառքի պայմանագիր կնքել է «Ջի Էյջ Սթորիջ Էնթփրայզս» ընկերության տնօրենի որդու լիազորված անձ հանդիսացող Սեւակ Արզարունու հանձնարարությամբ, քանի որ այդ ժամանակահատվածում աշխատել է այդ ընկերությունում: Արզարունին 2010 թվականի սեպտեմբերի 23-ին Արթուր Գալստյանին հանձնարարել է գնալ նոտարական գրասենյակ եւ կնքել բնակարանի առուվաճառքի մի ձեւական գործարք, որում պարզապես բնակարանն իր անունով է արվել եւ ավելի ուշ արդեն օտարվել է այլ անձի:

Արթուր Գալստյանի խոսքով՝ ինքը հետագայում է պարզել, որ Սեւակ Արզարունին պետք է 2800 քառակուսի մակերեսով տարածք ստանար Վլադիսլավ Մանգասարյանին պատկանող «ՎՄԳ գրուպ» ՓԲԸ կողմից Դավիթաշենում կառուցվող մի բազմաֆունկցիոնալ շենքից, իսկ դրա համար որպես երաշխիք Արզարունուն տվել են Լուսինե Գյուլխասյանին պատկանող բնակարանը եւ եւս մեկ բնակարան՝ նույն շենքի նույն հարկից, որն էլ արվել է ոմն Գագիկ Պապոյանի անվամբ:

Ավելի ուշ, «Ջի Էյջ Սթորիջ Էնթփրայզս» ընկերությունում տնօրինության եկած Նարեգ Հարթունյանը պարզել է, որ իրենց որպես երաշխիք տրված բնակարանը «ՎՄԳ գրուպին» չի էլ պատկանում, այլ վաճառված է մեկ այլ անձի՝ ինչ-որ Արմեն Գալստյանի: Ըստ վկայի՝ Հարթունյանն այդ ժամանակ հանձնարարում է իր հաշվապահ Աթուր Գալստյանին գնալ եւ այդ բնակարանը փոխանցել որպես իրական սեփականատեր ի հայտ եկած Արմեն Գալստյանին, իսկ ավելի կոնկրետ՝ նրա մատնանշած անձ Գայանե Ստեփանյանին: Եվ Արթուր Գալստյանն այդպես էլ անում է:

Հիշեցնենք, որ այս գործով դատախազ Արման Հակոբյանը, անդրադառնալով Ռուբեն Մանգասարյանի եւ Արթուր Գալստյանի միջեւ բնակարանի վաճառքին, քննիչին ուղղված իր ցուցման մեջ արձանագրել էր Ռուբեն Մանգասարյանի անարժանահավատ ցուցմունքը, թե իբր Էդուարդ Եսայանն իրեն վճարած չի եղել 2007թ. մարտ-ապրիլ ամիսների շինանյութի 200 հազար ԱՄՆ դոլարը, ինքը պարբերաբար զգուշացրել է եւ չստանալով գումարը, 2010թ. սեպտեմբերի 23-ին, 70.000 ԱՄՆ դոլարի չափով պարտքի դիմաց բնակարանն անվանափոխել է պարտատեր Արթուր Գալստյանի անվամբ: Հնարածին պարտքի առկայության վերաբերյալ իր ցուցմունքով Ռուբեն Մանգասարյանը «մոլորության մեջ էր գցել» նախաքննության մարմնին եւ դրանով փորձել էր պատճառաբանել իր պահանջի իրավունքը, որի դիմաց էլ, իբր, հետագայում ձեռք է բերել Գյուլխասյանին հանձնման ենթակա բնակարանը: Իսկ դատարանում վկա Արթուր Գալստյանի ցուցմունքը հաստատեց, որ իրականում ոչ մի գումարային հարց էլ այս ամենում չի եղել: Նախ՝ Լուսինե Գյուլխասյանին վաճառված բնակարանը Վլադիսլավ Մանգասարյանը եղբոր ձեռքով անհատույց հանձնել է Արթուր Գալստյանին, իսկ հետագայում արդեն Արմեն Գալստյանի կողմից մատնանշված կեղծ գնորդ Գայանե Ստեփանյանին:

Մայիսի 23-ի նիստում դատարանում վկայություն կտան Արմեն Գալստյանը եւ Գայանե Ստեփանյանը:

Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության
նախաձեռնող խումբ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031