Ի տարբերություն գործընկերների, զգեստների նկարիչ Ռուբինե Հովհաննիսյանը չի հոգնել այդ պրոցեսից
Հայ ազգային տարազը իր ողջ հարստությամբ ու ոճական առանձնահատկություններով վաղուց արժանացել է բազմաթիվ ուսումնասիրողների ուշադրությանը: Այդ պատճառով էլ գրվել, հրատարակվել են մեր տարազին վերաբերող բազմաթիվ աշխատություններ:
Ժամանակակից աշխարհի ինտենսիվ զարգացման հետ մեր ազգային տարազները կարծես ավելի գավառական են թվում: Գուցե սա է պատճառներից մեկը, որ, մասնավորաբար, պարային կոլեկտիվների որոշ բեմադրությունների հասցեին մշտապես դժգոհություններ են հնչում տարազների վերաբերյալ:
Այս առիթով «Առավոտի» հետ զրույցում զգեստների նկարիչ Ռուբինե Հովհաննիսյանն ասաց. «Իմ էսքիզներով արված զգեստները նույնպես հեռու են տարազ կոչվելուց: Սակայն սա ունի իր պատճառը. ես արդեն 25 տարի համագործակցում եմ պարարվեստի «Բարեկամություն» անսամբլի հետ: Իսկ կոլեկտիվի գեղարվեստական ղեկավար, անվանի խորեոգրաֆ Նորայր Մեհրաբյանի բեմադրությունները նոր մտածողության արդյունք են, իրենց մեջ կրում են ժամանակի շունչն ու ավանդականի լավագույն հատկանիշները: Հետեւաբար, զգեստները չէին կարող լինել զուտ տարազ կամ ժամանակակից հագուստ: Ուստի, աշխատելով որեւէ բեմադրության կամ պարային համարի զգեստների վրա, պետք է ճիշտ համադրել դրանք, գտնել, ինչպես ընդունված է ասել՝ ոսկե միջինը»:
Ի դեպ, վերջերս Սանկտ Պետերբուրգում կայացած «Ֆոլկլորից մինչեւ մոդեռն-սուպեր պար» միջազգային առաջին փառատոնում, որտեղ «Բարեկամությանը» շնորհվեց Գրան պրի, Ռուբինե Հովհաննիսյանի զգեստներն էլ արժանանալով ժյուրիի ուշադրությանը, ճանաչվեցին լավագույնը:
Ռուբինե Հովհաննիսյանը ժամանակին կատարելագործվել է Մեծ թատրոնում՝ Նիկոլայ Զոլոտարյովի արվեստանոցում: Հենց Մոսկվայում, Ռուբեն Սիմոնովի անվան թատրոնում իրականացրել է Սոֆոկլեսի «Էդիպը Կոլոնում» ներկայացման բեմի ձեւավորումն ու զգեստների դիզայնը, արվեստագետի էսքիզներով են արված հայկական գաղթօջախների՝ Հալեպի «Անդրանիկ», Սիդնեյի համանուն պարախմբերի, ԱՄՆ-ի, Կանադայի, Մոսկվայի «Հայասա» անսամբլի եւ այլ խմբերի համերգային ծրագրերի զգեստները: Ազգային օպերային թատրոնում էլ հեղինակ է Մինկուսի «Դոն Քիշոտ», Խաչատրյանի «Գայանե», Էդգար Հովհաննիսյանի «Վարդանանք», Պիացոլայի «Տանգո», Երաժշտական կամերային թատրոնում՝ Օրֆի «Բերնաուերի դուստրը», Վեբերի «Կատուները», Կոչիանտեի «Էսմերալդա», Սաթյանի «Լիլիթ» եւ այլ ներկայացումների զգեստների: Ռ. Հովհաննիսյանը «զգեստավորել» է նաեւ Չալդրանյանի «Ձայն բարբառո» եւ Վարժապետյանի «Անուշ» ֆիլմերը: «Բարեկամությունում» իրականացրել է Հախինյանի «Լոռեցի Սաքոն», Բաբաջանյանի «Հերոսական բալլադ», Բորոդինի «Իշխան Իգոր» օպերայից «Պոլովեցյան պարեր» խորեոգրաֆիկ ներկայացումները եւ այլն:
Անդրադարձ եղավ հայաստանյան պարային կոլեկտիվների հասցեին վերջին շրջանում հաճախ հնչող անճաշակ կամ ազգային տարազից հեռու «հագուկապին»: Մեր զրուցակցին հիշեցրինք, որ, օրինակ, Մոսկվայում պահպանվել են խորհրդային շրջանում գործող գեղարվեստական արտադրական արվեստանոցները: Տիկին Ռուբինեն նշեց, որ ժամանակին պարային անսամբլներում ու թատրոններում բուռն գործունեություն էին ծավալում իր գործընկերներ Ռոբերտ Էլիբեկյանը, Սուսաննա Ալավերդյանը, Աշոտ Համբարձումյանը եւ մյուսները: Ռեպլիկի կարգով էլ ասաց, որ գուցե նրանք հոգնել են էսքիզից մինչեւ վերջնական արդյունքը ձգվող քաշքշուկից. «Ինքս հաճույք եմ ստանում էսքիզի վրա աշխատելուց, իսկ հետո՝ արտադրություն մտնելու առաջին պահից եւեթ, սկսվում են պրոբլեմները: Իսկապես անհրաժեշտ է, որ վերանայվի այս ոլորտը, հենց թեկուզ Մոսկվայի օրինակով, մեզ մոտ էլ վերականգնվեն արվեստանոցները, որտեղ ոչ միայն զգեստ, այլ նաեւ թատերական աքսեսուարներ արտադրվեն»: Հետո էլ առանց մանրամասնելու օրինակ բերեց Յուրի Գրիգորովիչի խորեոգրաֆիայով երեւանյան «Սպարտակը», որի զգեստները Սոլիկո Վիրսալաձեի էսքիզներով կարվել են Կրասնոդարում… Դիտարկմանը, թե չի՞ կարծում, որ բեմանկարիչ մասնագիտությունից բացի, պետք է լինի նաեւ զգեստների նկարիչ, Ռուբինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Չեմ կարծում… Բեմանկարիչը կարող է նաեւ նույն հաջողությամբ զգեստների էսքիզներ իրականացնել: Մյուս կողմից էլ՝ մեզանում այսքա՜ն մոդելավորողներ կան. ցանկության դեպքում նրանք կարող են խորանալ այդ բնագավառում»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ