Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դեմիրճյանի տուն-թանգարանին հերթ կհասնի՞

Մայիս 22,2013 15:30

DERENIK-21977 թվականից բացված տուն-թանգարանի հիմնանորոգումն անընդհատ հետաձգվում է

«Մնում է, որ մեր պետական այրերը ընտրություն կատարեն՝ իրենց համար Դեմիրճյանի արձանն ու տուն-թանգարա՞նն է ավելի կարեւոր, թե՞ 200 դրամով վաճառվող կարկանդակը»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Դ. Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանը:

Աբովյան 29 հասցեում գտնվող Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան առաջին անգամ այցելողները նախեւառաջ կնկատեն տուն-թանգարանի մուտքի մոտ տեղադրված հարակից տարածքում գործող գրավատան մեծ չափերով ցուցանակը:

Գրողի տուն-թանգարան առաջին անգամ այցելողները հավանաբար կհանդիպեն եւս մեկ խոչընդոտի՝ ինչպե՞ս գտնել տուն-թանգարանը:

«Շատ դժվար են գտնում տեղը: Մենք ստիպված ենք լինում գնալ «Երիտասարդական» մետրոյի մոտից դիմավորել մեր այցելուներին»,- պատմեց տիկին Ռաֆայելյանը: Տուն-թանգարանի առաջին այցելուի աչքից հաստատ չեն վրիպի նաեւ տուն-թանգարանի պատերի ճաքերն ու շենքի ավելի բարձր հարկերում ապրող բնակիչների տներից հոսած ջրերի հետքերը:

«2006-ից ասում էին՝ հաջորդ տարի, հաջորդ տարի: Այս տարի ինձ արդեն չեն ասում, թե որոշակի երբ կլինի: Այստեղ խնդիրն այն է, որ տուն-թանգարանը մասնաճյուղ է եւ ուղղակի չի ֆինանսավորվում: Հավանաբար միջոցները սուղ են, չեն պատկերացնում՝ առաջիկայում երբ հնարավոր կլինի գումար հատկացնել հենց այս թանգարանին: Այստեղ խնդիրները բարդացել են, որովհետեւ տարիներ, տաս-նամյակներ շարունակ կուտակվել են իրար վրա եւ չեն լուծվել»,- մեր զրուցակիցն այսպես բացատրեց 1977 թվականից բացված տուն-թանգարանի հիմնանորոգման հետաձգումը:

Տուն-թանգարանի վարիչը հավելեց, որ, այնուամենայնիվ, մասնակի վերանորոգում տուն-թանգարանում մի քանի անգամ եղել է. «Հատկացումներ լինում են: Մասնակի վերանորոգումներ էլ: Արվում է ծայրահեղ անհրաժեշտը: Մենք մի քանի ամիս առաջ մասնակիորեն ջրագիծն ու հոսանքի գծերն ենք նորոգել: Բայց այդքան կարկատան անել կլինի՞»:

Չնայած խնդիրներին՝ տուն-թանգարանի ղեկավարությունը դեպի ապագա ձգվող ծրագրեր ունի:

«Պետք է տուն-թանգարանի առջեւի տարածքն ազատվի, ու Դեմիրճյանի արձանը դրվի: Այստեղ արձան կանգնեցնելու մասին քաղաքապետի որոշումն արդեն կա: Մենք մտածում ենք, որ արձանը պետք է լինի ներկայիս հուշասյան տեղում, իսկ հուշասյունն ուզում ենք տեղադրել այն երկու ծառերի արանքում, որոնք իր ձեռքով տնկել է Դեմիրճյանը»,- ասաց տուն-թանգարանի վարիչը:

ԱՇՈՏ ԱԹԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031