Գեղագիտության ազգային կենտրոնում այս օրերին ցուցադրվում են Նկարիչների միության պատվավոր անդամ, նախկին բռնցքամարտիկ, վաստակաշատ մարզիչ, ոստիկանության գնդապետ Վազգեն Բադալյանի գեղանկարչական աշխատանքները:
«Առավոտը» նրա հետ հարցազրույցում փորձեց պարզել, թե ո՞րն է նրա իսկական կոչումը:
– Սա ձեր չորրորդ անհատական ցուցահանդեսն է, բայց առաջի՞նը Երեւանում:
– Այո: Մինչ այդ իմ աշխատանքները ցուցադրվել են Վանաձորում, Ստեփանավանում եւ Նոյեմբերյանում: Չէի պատկերացնում, որ Երեւանում էլ անհատական ցուցահանդես ունենալու հնարավորություն կունենամ, քանի որ այստեղ մշակութային կյանքն ավելի աշխույժ է, որակն ու չափանիշները` ավելի բարձր: Եղավ: Ցուցահանդեսի բացմանը ճանաչված արվեստագետներ դրվատանքի խոսքեր ասացին իմ կտավների մասին: Եվ դա ինձ ոգեւորում է: Տեսնում եմ, որ երեւանցիներն էլ են, կարծես, ընդունում: Բոլորն էլ նշում են, որ ուրույն ոճ ունեմ ու նման չեմ ուրիշների: Դա ինձ շատ է ուրախացնում, քանի որ նկարչական կրթություն չունեմ: Այնպիսի տպավորություն է, ասես, այսօր մի նոր չեմպիոն տվեցի:
Կարդացեք նաև
– Մարզիկ, մարզիչ, ոստիկան, գեղանկարիչ… որքան տեղյակ եմ, նպատակ ունեք դրսեւորվել նաեւ լրատվական դաշտում: Այսքան մասնագիտությունների մեջ ո՞րն է ավելի հոգեհարազատ, ո՞րն է ձեր իսկական կոչումը:
– Ես կյանքում օրինապահ մարդ եմ: Երբ դեռ ոստիկանությունում չէի, շատերը, այդ թվում նաեւ մարզիկները, ասում էին, թե շատ եմ դիտողություններ անում: Բայց դա ինքնանպատակ չէ: Կա օրենք, կարգ եւ դրանք պետք է պահպանել: Ինչպե՞ս մանկավարժը կարող է ժարգոնով խոսել, ասել՝ սիրում եմ իմ քաղաքը, թուղթը նետել փողոցում, իրական կամ կեղծ ազատամարտիկը, որ երկրապահ է եղել, խաղաղ ժամանակներում ոճիր կատարի: Սպորտում արել եմ բաներ, որոնք, իմ համոզմամբ, դեռ երկար ժամանակ չեն գերազանցվի: Մշակույթի ոլորտում նոր եմ քայլեր անում: Իսկ ընդհանուր առմամբ ես ինձ կբնութագրեի այսպես. «Մարզիկ, որը նաեւ նկարում է»:
– Որպես բռնցքամարտիկ՝ ի՞նչ հաջողություններ եք ունեցել:
– Ինն անգամ եղել եմ Հայաստանի չեմպիոն, որից վեցը՝ մեծահասակների, համամիութենական մրցաշարերի վեցակի հաղթող եմ, ԽՍՀՄ գավաթի երրորդ մրցանակակիր:
– Իսկ որպես մարզիչ ավելի կայացած եք: Այդպես չէ՞:
– Սկսած 1978 թվականից մինչեւ այսօր հաղթողներ եմ աճեցնում: Իմ անվանի սաների նվաճումները թվարկելը երկար կտեւի: Նշեմ նրանցից մի քանիսի անունները. Սուրեն Օհանյան, Բաբկեն Սահրադյան, Լեռնիկ Պապյան, Հայկ Պոստոլոկյան, Արթուր Փարվանյան: Նրանք տարբեր տարիների դարձել են բազմաթիվ միջազգային հեղինակավոր մրցաշարերի, ԽՍՀՄ, Եվրոպայի, աշխարհի առաջնությունների հաղթողներ եւ մրցանակակիրներ: Կարծես՝ Վախթանդ Դարչինյանին մոռացա (ծիծաղում է):
– Վիկի մասին արժի առանձին խոսել: Մանավանդ, օրերս նրա նոկաուտով տարած հերթական հաղթանակից հետո:
– Վախթանգը բացառիկ երեւույթ է բռնցքամարտում: Պրոֆեսիոնալ բռնցքամարտում երեք քաշային կարգերում ութ գոտի է նվաճել: Չգիտեմ, ԱՊՀ երկրներում այդպիսի բռնցքամարտիկ կա՞: Բայց որ աշխարհում շատ քչերն են այդպիսի հաջողությունների հասել, միանշանակ է: Հիմա Վիկն ուզում է իններորդ գոտին նվաճել: Իհարկե, նրան նպատակի իրականացում եմ մաղթում: Բայց նաեւ գտնում եմ, որ մարդն ունի նաեւ անձնական կյանք եւ խիզախումների մեջ պիտի ժամանակը գնահատի:
– Վերջին շրջանում Վախթանգը մի քանի անհաջողությունների մատնվեց: Ինչո՞վ եք դա բացատրում:
– Վիկն ընդամենը մեկ անգամ է պարտվել՝ Նոնիտո Դոներին: Շատերը, այդ թվում նաեւ Վախթանգը, ասում են, թե դա պատահական էր: Իսկ ես ասում եմ՝ ոչ: Տակտիկական սխալ թույլ տվեց ու պարտվեց: Թեկուզ մեկ հարվածով: Մյուս պարտություններն ու ոչ-ոքիները հիմնականում մրցավարական սխալների ու խախտումների հետեւանք են: Վախթանգը ռինգում, ինչպես ասում են, շատ շատերի է ծեծել, բայց ինքը ծեծ չի կերել: Իսկ դա բռնցքամարտիկի անչափ կարեւոր բնութագիր է:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ