Հայտնի են մրցանակակիրները
Օրերս ավարտվեց «ԱՐՏ-ՖԵՍՏ» առաջին երիտասարդական հանրապետական փառատոնը, որը միավորում է արվեստի մի քանի ճյուղ՝ կինո, թատրոն, կերպարվեստ եւ այս տարի ընդգրկում էր 130 մասնակիցների աշխատանքներ, որոնք գնահատվեցին մասնագիտական հանձնաժողովի կողմից: Մինչ մրցանակների հանձնվելու պահը, փառատոնի փակմանը ցուցադրվեց ՊՆ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանի պոեզիայի հիման վրա բեմադրված «Տաթեւականչ» պոետիկական ներկայացումը: Թատերարվեստի բնագավառում ոսկե մրցանակակիր չեղավ, փոխարենը ժյուրին առանձնացրել էր երկու արծաթե եւ երեք բրոնզե մրցանակակիրներին: Մրցանակների թվով առանձնացան Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի, Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Երեւանի եւ մասնաճյուղերի ուսանողները: Ի դեպ, «Լուսանկարչություն» անվանակարգի ոսկե մեդալակիրը մասնագիտությամբ դեղագործ էր եւ Երեւանի բժշկական պետական համալսարանի նախկին ուսանող: Փառատոնի շրջանակներում հատուկ մրցանակ հանձնվեց Երեւանի պետական համալսարանի «Մշակույթի կենտրոնի» թատերական խմբակին, ինչպես նաեւ պաշտպանության նախարարությանը:
«Ես կուզեի այսօր մրցանակ չհանձնել: Կուզեի ինքս մրցանակ ստանալ եւ լինել ձեր՝ երիտասարդներիդ փոխարեն՝ սպասելով անհամբերությամբ իմ անվանը»,- մրցանակ հանձնելուց առաջ նշեց մասնագիտական հանձնախմբի անդամ, կինոգետ Դավիթ Մուրադյանը:
Նշենք, որ փառատոնն այս տարի անցկացվում էր առաջին անգամ՝ ՀՀ մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ: Փառատոնի տնօրենն է ԵԹԿՊԻ Ուսումնական թատրոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանը, իսկ գեղարվեստական ղեկավարը՝ ԵԹԿՊԻ ռեկտոր Արմեն Մազմանյանը:
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ