Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հրանուշ Հակոբյանը հանդիպեց «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի տեղական մարմինների ներկայացուցիչների հետ

Մայիս 22,2013 14:56

ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ նախարար Հրանուշ Հակոբյանի հանդիպումը «Հայաստան» hամահայկական hիմնադրամի տեղական մարմինների 20 երկրներում գործող ատենապետերի և վարչությունների անդամների հետ:

Հանդիպման ընթացքում նախարարը կարևորեց «Հայաստան» հիմնադրամի դերը և շնորհակալություն հայտնեց հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ Սփյուռքի նախարարության ծրագրերին աջակցելու համար: Նախարարը նշեց, որ կառավարության այս տարվա ծրագրում առավել մեծ ուշադրություն է դարձվելու տնտեսության զարգացմանը, գերակա ճյուղերում կիրականացվեն լուրջ ներդրումներ, որոնք էլ իրենց հերթին կբերեն նոր աշխատատեղերի ստեղծմանն ու առավել բարձր աշխատավարձերի ապահովմանը: Հանդիպման մասնակիցներին ուղղված իր խոսքում նախարարը կարևորեց մի շարք արդիական խնդիրներ. հորդորել սփյուռքահայերին Հայաստանում աշխատատեղեր ստեղծել, ուշադրություն դարձնել հայոց լեզվին, որպեսզի երիտասարդները խոսեն հայերեն, հակառակ պարագայում նրանք կորցնում են հայ մնալու կարևորագույն բաղադրիչը: Լեզվի պահպանման հարցում նախարարը կարևորեց սփյուռքահայերի մասնակցությունը նախարարության կողմից կազմակերպված «Ամառային դպրոցի» աշխատանքներին, որի ընթացքում դասավանդվում են և´ արևելահայերեն, և՛ արևմտահայերեն:

Նախարարը առաջնահերթություն համարեց նաև Սփյուռքում ապրող երեխաների Հայաստան այցելելը: Նշվեց, որ «Արի Տուն» ծրագրով 2009-ից մինչ օրս Հայաստան են այցելել շուրջ 3000 պատանիներ և աղջիկներ:

Սիրիահայերի հիմնախնդիրներին վերաբերող զեկուցումով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը: Նա ներկայացրեց այդ ուղղությամբ նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքները: Ֆ. Զաքարյանը նշեց, որ 10-ից ավելի փոփոխություններ են կատարվել իրավական փաստաթղթերում, որոնք հեշտացնում են սիրիահայերի մուտքն ու կեցությունը Հայաստանում: Նշվեց, որ սիրիահայերին առնչվող կրթական, առողջապահական բոլոր խնդիրները լուծվել են անվճար հիմունքներով: Խոսվեց նաև Աշտարակում սիրիահայերի համար բնակելի թաղամաս հիմնելու մասին:

«Սիրիահայերի խնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Լենա Հալաջյանը սիրիահայերի անունից շնորհակալություն հայտնեց բարերարներին, «Հայաստան» hամահայկական hիմնադրամին և Սփյուռքի նախարարությանը:

Նախարար Հրանուշ Հակոբյանը ներկաներին տեղեկացրեց, որ սիրիահայերին տրամադրել են 500 000 դոլարից ավել ցածր տոկոսով վարկեր, որպեսզի իրենց գործը սկսեն Հայաստանում: Բարձր գնահատելով սիրիահայերի մարդկային ու մասնագիտական որակները՝ նախարարն ասաց. «Սիրիայի հայերը շատ աշխատասեր են, որ բնագավառ մտնում են՝ ծաղկեցնում են»:

Տեղի ունեցավ կարծիքների փոխանակում, հանդես եկան «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Կարեն Օհանյանը (Շվեդիա), Սարգիս Քոթանջյանը (ԱՄՆ) և ուրիշներ:

Ներկաները Սփյուռքի նախարարին առաջարկեցին, որ նախարարությունը օգտվի «Հայաստան» հիմնադրամի տարբեր երկրների ռեսուրսներից, այդ երկրների հայկական դեսպանատներում Սփյուռքի նախարարության ներկայացուցիչներ ունենա: Հրանուշ Հակոբյանը հավելեց, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Լիբանանի հայկական դեսպանատներում արդեն կան Սփյուռքի նախարարության ներկայացուցիչներ, բայց անհրաժեշտ է աշխարհագրությունը ընդլայնել:

Հանդիպման ավարտին տեղի ունեցավ «Արի Տուն» ծրագրի մասին ֆիլմի դիտում:

ՀՀ Սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031