Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ջհանգիրյանը պատժող մարդու հոգեբանությո՞ւն ունի

Մայիս 22,2013 14:50

«Ցմահ դատապարտվածներին մեր իշխանությունները համարում են կորած մարդիկ: Բայց ամեն հանցագործ պետք է հույս ունենա, քանի որ նրանք մեր հասարակության անդամներն են. չի կարելի այդքան դաժան լինել»,- Այսօր «Մեդիա կենտրոնում»  խոսելով Հայաստանում ցմահ դատապարտյալների թեմայով՝ ասաց  Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Խոսելով օրենսդրական ակտերի մասին՝ Իշխանյանը նշեց. «Թեեւ մեկ տարով հետաձգելն ավելի լավ է, քան մերժելը, բայց կարեւոր է, որ 18-21 տարեկանների մասին օրենքն ընդունվի, որպեսզի մարդիկ հույս ունենան: Կամ՝ գոնե հայտարարություն արվեր, որ վստահ լինեին, որ նման  օրենք է ընդունվելու: Չէ որ այստեղ մարդկային ճակատագիր է, քաղաքական շահարկումները պետք է մի կողմ դնել»:

Իշխանյանն նշեց, որ  Գագիկ Ջհանգիրյանն դեմ է 18-21 տարիքային շեմը բարձրացնելուն, որովհետեւ, իր կարծիքով, այդ դեպքում բանակային հանցագործությունները կշատանան: մինչդեռ Իշխանյանը գտնում է՝ «Սա պատժող մարդու հոգեբանություն է՝ հատուկ ստալինյան ժամանակներին»:

Նրա կարծիքով՝ մինչեւ 21 տարեկան շեմը բարձրացնելը կարեւորագույն որոշումներից մեկը պետք է լինի:

Անդրադառնալով կալանավայրերին՝ Իշխանյանն ասաց, որ Հայաստանում բանտարկյալների պահման պայմանները անմարդկային են.  «Կեցության պայմաններն անմարդկային են. 8 հոգու համար նախատեսված խցերում պահում են 20 եւ ավելի բանտարկյալներ»: Նրա խոսքով՝  եթե լրագրողներին ներս չեն թողնում, տեսնելու, ակնհայտ է, որ թաքցնելու բան ունեն, ու քանի որ լրագրողներն օրենքով իրավունք ունեն մուտք գործելու, Իշխանյանը կոչ արեց լրագրողներին՝ պայքարել իրենց իրավունքների համար:

«Ցմահ բանտարկյալների խցերը համեմատաբար բարվոք վիճակում են. սա, ինչպես եւ բոլոր բարվոք վիճակում գտնվող բանտախցերի կարգավիճակը, միայն ծնողների շնորհիվ է այդպես»,-հավաստիացրեց Իշխանյանը:

Նա նաեւ հայտնեց, որ միջազգային հանրությունը ցմահ բանտարկությունը որակում է որպես ավելի մեղմ պատիժ, քան մահապատիժը, իսկ  մեր հասարակության մեջ վիճելի է՝ որն է ավելի մեղմ. «Այլ հասարակություններում բանտարկյալի պահվածքով պայմանավորված՝ տարբեր խրախուսական մեխանիզմներ են կիրառվում: Մեզ մոտ դրանք չկան:

Համատարած ծեծը, ջարդը՝ ինքնախոստովանական ցուցմունքների համար՝ առանց փաստաբանի, առանց զանգի հնարավորության…»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031