Այսօր «Մեդիա կենտրոնում» «Հայաստանում ցմահ դատապարտյալների գործերի ու պատժաչափերի վերանայման, ներման ու համաներման նախադեպի բացակայությունը» թեմայով քննարկման ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Երանուհի Թումանյանցը տեղեկացրեց, որ առաջիկայում սկվելու են աշխատանքներ ընդհանուր գործերի վերանայման ուղղությամբ, որից հետո Մարդու իրավունքների պաշտպանը հանդես կգա նախաձեռնությամբ: Նա կարծիք հայտնեց, որ
18-21 տարեկան հանցագործների հանդեպ ցմահ բանտարկություն կիրառելը շատ խիստ պատիժ է՝ «Ողջ աշխարհում այս տարիքի անձինք դեռեւս անչափահաս են համարվում: Սրա վերաբերյալ մեր առաջարկներն Ազգային ժողովում կքննարկվեն 2014 թվականին»:
Ցմահ դատապարտյալների հարցերով քաղաքացիական նախաձեռնության անդամ Զարուհի Մուրադյանն էլ հավելեց, թե Մհեր Ենոքյանը վերհանեց ցմահ դատապարտյալների բոլոր խնդիրները Հայաստանում. «Սկզբից մենք խնդրագրերով էինք դիմում օրենսդիր մարմիններին, բայց այդպես էլ որեւէ արձագանք չստանալով, հասկացանք, որ դա փակուղի է, պետք է հանդես գալ նաեւ օրենսդրական նախագծերով»:
Հայագետ, կինոգետ Արծվի Բախչինյանի խոսքով էլ՝ օրեր առաջ Մհեր Ենոքյանի «Զուգահեռ աշխարհներ» գրքի շնորհանդեսն էր, նա կոչ արեց կարդալ այդ գիրքը, քանի որ այն աննախադեպ է իր տեսակի մեջ.
Կարդացեք նաև
«Մհերը դարձել է մի տեսակ հավաքական կերպար՝ Հայաստանի ցմահ բանտարկյալի: Կոչ եմ անում գնել Մհեր Ենոքյանի գիրքը, որից ստացված ողջ հասույթն ուղղվելու է նրա կրթությանը:Մհերը դարձել է Հայ–ռուսական համալսարանի ուսանող եւ ուսման վարձը ծնողներն են հոգում: Մհերի գիրքը գնելով՝ կօգնենք նրա ծնողներին» :Կինոգետը հետաքրքրվողների համար հայտնեց, որ ցմահ բանտարկյալ Մհեր Ենոքյանի գիրքը կարելի է ձեռք բերել «Արտբրիջի», ՆՓԱԿ-ի գրախանութներից, կամ՝ դիմելով ցմահ դատապարտյալների հարցերով քաղաքացիական նախաձեռնությանը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ