Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Չհնչած հարցեր

Մայիս 22,2013 14:40

Դուք չե՞ք զարմանա, եթե որեւէ երկրի խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ որեւէ ընդդիմադիր վեր կենա եւ ասի. «Ախ, ինչ հրաշալի ծրագիր է, ես երկու ձեռքով կողմ եմ քվեարկելու այդ ծրագրին, որովհետեւ այն  հաստատուն քայլերով մեր երկիրը տանում է դեպի բարեկեցություն»: Գուցե որեւէ տոտալիտար երկրում նշանակովի «ընդդիմությունը» նման ելույթներ ունենա, բայց այնտեղ, որտեղ կա որոշակի քաղաքական գործընթաց, դա պարզապես հնարավոր չէ: Հայաստանում նման բան 22 տարի չի եղել եւ հուսով եմ՝ երբեք չի լինելու:

Կառավարության ծրագրի քննարկման մեր եւ քաղաքակիրթ երկրներում ընդունված ձեւերի տարբերությունից մեկն այն է, որ այնտեղ քաղաքական միավորները, որոնք խորհրդարանում են հայտնվել  արդար ընտրությունների արդյունքում, ներկայացնում են հասարակության այս կամ այն սեգմենտները եւ, հետեւաբար, ելույթներ են ունենում ու քվեարկում են այս կամ այն արժեքային համակարգից ելնելով: Ասենք, ազատականները ցանկանում են իջեցնել հարկերը, սոցիալիստները՝ բարձրացնել  (Ֆրանսիայում՝ այն աստիճանի, որ սկսվել է գործարարների «արտագաղթը»), ազգայնականները կոչ են անում խստացնել էմիգրացիոն օրենսդրությունը, իսկ «կանաչները»՝ արգելել պոլիէթիլենե տոպրակները:

Մեզանում նման բան գոյություն չունի՝ մոտավորապես 1992 թվականից սկսած ընդդդիմադիրները չեն խորանում նման խնդիրների մեջ. նրանք միայն մի բան են ասում իշխանություններին՝ «դուք գող եք, ավազակ եք ու թալանչի եւ պետք է օր առաջ հեռանաք, թե չէ՝ երկիրը կկործանվի»: Դա, իհարկե, դուր է գալիս մշտապես սոցիալապես ծանր վիճակում գտնվող լայն ժողովրդական զանգվածներին, բայց չի նպաստում բուն ծրագրի քննարկմանը: Նման իրավիճակի պատճառներից մեկն այն է, որ 1995-ից սկսած՝ խորհրդարանը չի ձեւավորվում արդար ընտրություններով եւ չի արտացոլում հասարակության սեգմենտների շահերը:  Ասում եմ՝  «պատճառներից մեկը», որովհետեւ 1990 թվականին ձեւավորված Գերագույն խորհուրդը միանգամայն լեգիտիմ էր, բայց կոմունիստներից եւ ՀՀՇ-ից սերած ընդդիմությունը դարձյալ բարձրացնում էր բացառապես «ալան-թալանի» թեման:

Հայաստանյան երկրորդ առանձնահատկությունը, որը մասամբ պայմանավորված է առաջինով, այն է, որ կառավարությունն իրականում հաշվետու չէ խորհրդարանի առաջ: Հակառակ դեպքում այժմ ընթացող քննարկումների առանցքային թեման կլիներ հետեւյալը. 5 տարի առաջ նույն կառավարությունը, որը ձեւավորվել էր նույն խորհրդարանական մեծամասնությունից, նույնպես առաջարկել էր ծրագիր, որում գրված էին հստակ ցուցանիշներ՝ ՀՆԱ-ի, ներդրումների, ծնելիության աճի, աղքատության կրճատման եւ այլ կարեւոր ուղղությունների վերաբերյալ: Բայց 2008-ի հայտարարագրված ցուցանիշներից ՈՉ ՄԵԿԸ չի իրականացվել, երբեմն թղթի վրա գրվածն ու իրականը տարբերվում են մի քանի անգամ: Ինչո՞ւ: Մի՞թե միայն համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով: Այդ հարցը պետք է քննարկվի ոչ միան կառավարությանը «քլնգելու», այլեւ հասկանալու համար, թե ինչն է մեզ խանգարել, եւ ինչ անել, որ այսօրվա խոստացած թվերն իրականություն դառնան:

Կառավարության անդամների վերլուծություններում այդ հարցերի պատասխանները չհնչեցին: Ընդդիմադիրներն էլ զբաղված են ավելի «գլոբալ» քննադատությամբ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. ani says:

    Որպեսզի այդ հայտարարագրված ցուցանիշները իրականացվեին, թեկուզ մասամբ, պարզապես քաղաքական կամք էր պետք, կամք դրանք իրագործելու և սեփական ախորժակը պակասեցնելու համար, ինչպես նաև պրոֆեսիոնալ կառավարություն: Ամեն ինչ այդքան ձախողելու այլ օբյեկտիվ պատճառներ ես չեմ տեսնում: Դա բնականաբար հասկանում են նաև կառավարությանը քլնգողները: Հետևաբար արժանի են միայն քլնգվելու, ուրիշ պատճառներ փնտրելը, փորձել հասկանալը ուղղակի ձևականություն կլիներ ու ժամանակի կորուստ: Այլ հարց է, թե ով ինչ շարժառիթներով է քլնգում

  2. Մարգար Մախսուդյան says:

    Իրոք՝ հասկանալու կամ չհասկանալու խնդիր չկա, ռեժիմը այնպիսի ռեժիմով է սնվում, ինչպես նաև այնքան թափանցիկ կերպով, որ կույր պետք է լինել, այն էլ մտոք՝ որևէ բան չհասկանալու համար: Խնդիրն այն է, որ ռեժիմն այնքան փութաջանորեն ու արհեստավարժ կերպով է ամայացնում երկիրը ու փչացնում մարդկանց, որ շատ է նմանվում այն ֆուտբոլիստին, որը հակառակորդի դարպասի փոխարեն իր սեփական դարպասն է գնդակներով լցնում: Սա նման մի յուրատեսակ ինքնքհրկիզման հայտի, որի հետևանքով մնացած բնակչությունն էլ… կարող է կոպիտ հնչել՝ բայց էշի նահատակության կարժանանա՝ առանց չափազանցության:
    Ինչ վերաբելում է հոդվածին՝ ապա այն սովորականների շարքից է.
    Պտտվիր, պտտվիր կարուսել,
    Ես քո երգը վաղուց եմ լսել… կամ՝
    Солдат спит – служба идет…
    Հավասարապես խփելով էշխանությությանն ու էշխանությանն ընդդիմացողներին, այսպես ասած՝ նալի ու մեխի ոճի մեջ, ստեղծվում են պարարտ պայմաններ, որտեղ շատ հանգիստ լուծվում է ինքնավերարտադրության հարցը, իսկ թե ինչպե՞ս է դա իրականանանում, բերեմ մի փոքրիկ դրվագ ԱԺ՝ մարտի 1-ի հանձնաժողով ստեղծելու 20/ 05/2013 Ժամը 12:29:09 PM քվեարկությունից.
    52 Շուշան Պետրոսյան Դեմ
    53 Արտաշես Գեղամյան Դեմ
    54 Խոսրով Հարությունյան Դեմ
    55 Հայկ Բաբուխանյան Դեմ
    Ցուցակն ամբողջությամբ կարող եք ըմբոշխնել այստեղից.
    https://parliament.am/register.php?do=bulletin&ID=5262

  3. Spartak says:

    Հարգելի Մարգար, ,,նալի ու մեխի,, դարձվածքի հետ համաձայն եմ, բայց դրա համար չի կարելի մեղադրել հոդվածագրին,քանի որ խնրի շուրջ առաջին անգամ չէ, որ խոսվում է: Քսան տարի գրվում է, բարձրաձայնվում, որ գեղեցիկ մտքերով ժողովուրդ չես կերակրի, կոնկրետ գործեր են պետք, բայց… ,,Պտտվիր կարուսել, պտտվիր,,: ,,Խեղճ,, Բագրատյանը նույնիսկ առաջարկեց նախագահականում պահակ աշխատել՝ միայն լսեն իր առաջարկները,բայց… Իմ նախորդ մեկնաբանությունում գրել էի միջակության մասին, ստիպված եմ կրկնել՝ միջակությունն այսօր բույն է դրել մեր կյանքի յուրաքանչյուր ոլորտ,և ցավն այն է, որ ոչ ոք իրեն չի ը նդունում այդ կարգավիճակում, ինքն ամենակարող է ու վերջ:Ուղղակի զզվելի է լսել ճառեր, որոնք ավելի շատ հիշեցնում են խորհրդային տարիների համագումարների շնչակտուր ու վերամբարձ արտահայտու թյոնները:Դրանք չէի՞ն, որ փուչիկների պես պայթեցին բոլորիս գլխներին:Հիմա էլ նույն դատարկ պայթյուններն ենք լսում մեր գլխավերևներոմ ու կերակրվում դատարկ խոսքերով:Գործնական , կոնկրետ քայլեր չկան: Ինչի երկու հազար դրամով թոշակ բարձրացնելով ձեռքերը կարելի է լվանալ ու մեկ տարի շարունակ այդ մասին բարձրաձայնել:Կամ՝ վերևներում ռիսկ չանե՞ն մի մեծահարուստի վրա մատ թափ տալ՝ չաղավաղելու ծածկած շուկան, վերջ դնի ցինիկ կամակորությանը:Չե՞ն ուզում,թե՞ չեն կարողանում… ,,Նալի ու մեխի,, պատմությունը հա շարունակվելու է, քանի կառավարման ապարատից արմատախիլ չի արվել ՄԻՋԱԿՈՒԹՅՈՒՆ կոչվածը:

  4. Nem says:

    Հառգելիներս,
    сам дневалний-сам дежурний,
    Քանի դեռ կա այս մօտեցումը, ոչինչ չի ստացվի, կարծում եմ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031