Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Բոստանջյանը չի բացառում, որ գազի գնի 30%-ը սուբսիդավորի Եվրոպան, որ Եվրասիական միության կողմը չնայենք (Տեսանյութ)

Մայիս 22,2013 14:12

Կառավարությունը կհիասթափեցնի գազի գնի բարձրացման լուրից «ուրախացած ու  չարախնդացող որոշ մարդկանց»

 Այսօր ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը վստահեցրեց, որ բոլոր այն մարդիկ, որոնք  «չարախնդում եւ հրճվանք էին ապրում» գազի գնի բարձրացման մասին լուրը լսելով, վաղը կհիասթափվեն, քանի որ հայրենի կառավարությունը «ամեն ինչ անելու է, որպեսզի այդ մարդիկ առիթ չունենան ուրախանալու»:

«Ֆորում» ակումբում պարոն Մինասյանն ու ԲՀԿ-ական, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը գազի գնի բարձրացման պատճառների ու հետեւանքների մասին կարծիք հայտնեցին` ասելով, որ դա անխուսափելի էր, քանի որ ամբողջ աշխարհում էլ էներգակիրները թանկանում են: Թե պարոն Մինասյանն ո՞ւմ նկատի ուներ չարախնդացողների եւ հրճվանք ապրողների թվում, այդպես էլ անուններ չհրապարակեց, չնայած լրագրողների այն պնդումներին, թե անուններ տա: Մկրտիչ Մինասյանը միայն ասաց. «Այդ լուրը լսելով, շատերը չարակամությամբ ու հրճվանքով են արձագանքում, մտավախություն բոլորս էլ ունենք, բայց եթե դա չարակամությամբ է արվում, հեսա- հեսա կբարձրանա եւ վատ կլինի, դա, իսկապես, չարակամություն է եւ տագնապ չէ»:

Վարդան Բոստանջյանը վստահ է, որ մարդիկ ավելի շատ բարկացած են, որ գազի գնի բարձրացման մասին իշխանությունները ձայն չեն հանել եւ միայն նոր են այդ մասին խոսում, մինչդեռ արդեն որքան ժամանակ է լուրերը կային: Արձագանքելով Մկրտիչ Մինասյանի այն խոսքերին, թե «վաղը կիմանանք, թե կառավարությունն ինչպես է մեղմելու գազի գինը», պարոն Բոստանջյանն ասաց. «Վաղը երեկոյան կիմանանք: Ինչո՞ւ պետք է երեկոյան իմանանք, ինչո՞ւ դրա մասին մենք չենք կարողանում շուտ իմանալ: Հասարակության լայն շերտի  հետ կապված մի երեւույթ է գազի սպառումը եւ, բնականաբար, դրա թափանցիկությունը ցանկալի է բոլորի համար»:

«Վաղվա քննարկումները կլինեն թափանցիկ»,-վստահեցրեց ՀՀԿ-ական պատգամավորը` նկատի ունենալով վաղը ԱԺ-ում արտահերթ նիստում գազի գնի շուրջ քննարկվելիք միջոցառումը:

Հարցին, թե գազի գնի բարձրացումը, կարկուտից տուժած գյուղացիների վիճակը եւ երկրում առկա այլ սոցիալական խնդիրները արդյոք չե՞ն հանգեցնի սոցիալական բունտի եւ դրանից խուսափելու համար ի՞նչ են անելու երկրի իշխանությունները,

ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանն ասաց, որ «մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեղմենք գազի գինը, կառավարությունն իր ռեսուրսները պետք է օգտագործի, որպեսզի բնական աղետից տուժած գյուղացիներին օգնի եւ աջակցի»:

Պարոն Մինասյանի մեկնաբանությունները` տեսանյութում

Վարդան Բոստանջյանը համոզված է, որ սոցիալական բունտ չի լինի. «Չեմ ուզում մտածեմ, որ կլինի այդպիսի մեծ լարվածություն: Ես չէի ուզենա, որ մենք իրավիճակներն ավելի բարդացնենք: Փոքր երկիր ենք, մեծ հնարավորություններ չունենք եւ, բնականաբար, այս պարագաներում, բազմաթիվ խնդիրներ կծագեն»:

Պարոն Բոստանջյանի կարծիքն առավել մանրամասն` տեսանյութում

Aravot.am-ի հարցին, թե երեկ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը չբացառեց, որ գազի բարձրացված գնի երեսուն տոկոսը հնարավոր է՝ սուբսիդավորվի ռուսական դրամաշնորհների հաշվին, դուք ունե՞ք այդպիսի տեղեկատվություն,

պարոն Մինասյանն ասաց. «Ես գիտեմ, որ հարցը քննարկվելու է, թե որ ճանապարհով է մեղմվելու վճարները` վաղը պարզ կլինի»:

Վարդան Բոստանջյանն այլ կարծիքի էր: Նա լսել էր, որ երեսուն տոկոսը հնարավոր է սուբսիդավորվի Եվրոպայի կողմից, որպեսզի «Հայաստանը չնայի Եվրասիական միության կողմը»:

Հարցին, թե Մաքսային միության անդամ երկրների համար ավելի ցածր է գազի գինը եւ չե՞ք կարծում, որ սա ինչ-որ առումով Ռուսաստանի կողմից ճնշում է մեր երկրի վրա, որպեսզի մենք էլ ստիպված լինենք մտնել այդ միություն, Մկրտիչ Մինասյանը պատասխանեց. «Որեւէ անգամ ես չեմ հիշում, որ Հայաստանի Հանրապետությանը կոնկրետ առաջարկություն արված լինի Մաքսային միություն մտնելու համար:  Այդպիսի խնդիր դրված չէ մեր առաջ, դա կամավորության սկզբունքով է, մեր կառավարությունը, երկրի բարձրագույն իշխանության հետ միասին ինքն է որոշելու, թե Մաքսային միության անդամ դառնալ, թե ոչ, ես ինքս գտնում եմ, որ բոլոր հնարավորությունները սպառված չեն քաղաքական եւ տնտեսական քննարկումների արդյունքում մեր ռազմավարական գործընկերների հետ հնարավորություն կստեղծվի, որպեսզի գազի գնի բարձրացումը  շատ մեղմ լինի»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031