Լրահոս
Օրվա լրահոսը

Վախթանգ Դարչինյանի մարզիչը նրան խորհուրդ է տալիս հրաժեշտ տալ բռնցքամարտին ու զբաղվել անձնական կյանքով

Մայիս 22,2013 13:46

Բայց միայն հերթական՝ 9-րդ չեմպիոնական տիտղոսը նվաճելուց հետո

«Վիկ Դարչինյանը մոտ երեսուն տարի մարզվել է ինձ մոտ՝  7 տարեկանից: Իմ միակ աշակերտն է, որ այդ տարիքից է ընդունվել, որովհետեւ ես 8-10 տարեկանից էի ընդունում: Զգացի, որ իր մոտ այրում է բռնցքամարտի հանդեպ ցանկությունը: Սկզբի մարզումները ցույց տվեցին, որ ինքը մարտիկ է, մարտական  բնավորություն ունի»,- այսօր «Տեսակետ» ակումբում, վերհիշելով աշխարհի նախկին չեմպիոն Վախթանգ (Վիկ) Դարչինյանի բռնցքամարտում կատարած առաջին քայլերը, պատմեց բռնցքամարտիկի մարզիչը՝  Վազգեն Բադալյանը:

Մարզչի խոսքով՝ Վախթանգ Դարչինյանի հաջողության գաղտնիքը հիմնականում կայանում է նրա նպատակասլացության ու  անվախության մեջ:

«Ես, որպես նախկին բռնցքամարտիկ, էդ կյանքն ապրել եմ ու գիտեմ, որ գալիս է մի շրջան, երբ հոգնում ես կրկնությունից, քաշային կատեգորիան փոխելուց: Ես կհորդորեի, որ էս չեմպիոնական տիտղոսը տանելուց հետո հրաժեշտ տա բռնցքամարտին, որովհետեւ ինքն ունի իր անձնական կյանքը, իր ընտանիքը: Իսկ բռնցքամարտը համարվում է շատ ծանր մարզաձեւ, եւ Հայաստանում  իր դերը բռնցքամարտի զարգացման հարցում շատ մեծ է»,- նշեց Վ. Դարչինյանի մարզիչը:

Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց, թե արդյոք բռնցքամարտը թողնելու թեմայի շուրջ երբեւէ խոսե՞լ է Վախթանգի հետ:

Մարզիչը պատասխանեց.

«Ես եւ նրա ծնողները մի կողմ ենք էս հարցում: Ես 42 տարի մանկավարժական գործունեություն եմ ծավալում եւ լավ եմ հասկանում մարդու հնարավորությունները: Ես նաեւ մտածում եմ նրա անձնական կյանքի ու առողջության մասին: Ես նրան ծնողական վերաբերմունք եմ ցուցաբերել իմ ողջ կյանքի ընթացքում: Ես նրան իմ որդու նման սիրում եմ»:

Նշենք, որ մայիսի 11-ին ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Լարեդո քաղաքում անցակցրած մենամարտի չորրորդ ռաունդում Վախթանգը նոկաուտի էր ենթարկել մեքսիկացի բռնցքամարտիկ Խավյեր Գալլոյին:

 

Աշոտ ԱԹԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031