ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանում, դատավոր Գոհար Մատինյանի նախագահությամբ, այսօր ավարտվեց թոշակառու, նախկինում 9 տարվա ազատազրկման դատապարտված Ռազմիկ Աբրահամյանի բողոքի քննությունը:
Թոշակառուն դատարան էր ներկայացել միայնակ:
Նա մինչ վերաքննիչ դատարան դիմելը դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ «Առավոտ» եւ «Հայկական ժամանակ» օրաթերթերում 9 տարի առաջ տպագրված հոդվածների կապակցությամբ: Մարտի 7-ին մերժվել էր նրա հայցապահանջն ամբողջությամբ, այդ թվում՝ նաեւ բարոյական վնասի հատուցման համար յուրաքանչյուր լրատվամիջոցից երկուական միլիոն դրամի պահանջը:
Նախագահող Գոհար Մատինյանը հրապարակեց Ռազմիկ Աբրահամյանի վերաքննիչ բողոքը:
Կարդացեք նաև
Բողոքաբերն անդրադարձել էր «Առավոտի» «Պեդոֆիլը կստանա՞ երկու տարի» եւ «Հայկական ժամանակի» «62-ամյա պիդերաստը խոստովանել է իր մեղքը» հրապարակումներին, հանգել էր նրան, որ «նախաքննական գաղտնիքը հրապարակայնորեն տարածելու համար քննիչը ոչ մի պատասխանատվության չի ենթարկվել»:
Եթե առաջին ատյանի դատարանում նախկին դատապարտյալը նշում էր իր «գործարար համբավն» արատավորող տեղեկությունների մասին, ապա վերաքննիչում՝ իր բերած բողոքում (առաջին ատյանի 1 էջանոց ձեռագիր անգրագետ բողոքը փոխարինվել է 5 էջանոց համակարգչային շարվածքով գրագետ շարադրանքով-Ռ.Մ.) նա վիճարկում է պատիվն ու արժանապատվությունը, բարի համբավն արատավորող, սուտ տեղեկություններ տարածելու համար նյութական, դրամական, եւ բարոյական վնասը բռնագանձելու պահանջի մասին:
Դատարանին Ռ.Աբրահամյանը հայտնել էր, որ աշխատել է ոչ միայն թիվ 15 դպրոց-վարժարանում, այլ նաեւ մանկավարժական ինստիտուտում:
Նա նշել էր իր գործով վկա ոմն Ա.Մնացականյանի մասին, չասելով, թե լրատվամիջոցներն ինչ կապ ունեն նշյալ վկայի հետ, կամ ինչու է նշվում հայցադիմումում մի անուն, որը հրապարակման մեջ գոյություն չունի, աղբյուր էլ չէ, հայտնելով, որ վկան դատարանում տվել է «ակնհայտ սուտ ցուցմունքներ», իրեն տվել է բացասական բնութագիր, ասել է, որ անկազմակերպ է, «իբր ստացել եմ գրավոր նկատողություն դպրոցի ղեկավարության կողմից»:
Նախկինում դատապարտվածի կարծիքով, լրատվամիջոցներն արատավորել են իր պատիվը, ինչը դատարանի ուշադրությանը չի արժանացել, եւ ըստ նրա՝ կայացվել է սխալ դատավճիռ:
«Հայկական ժամանակի» ներկայացուցիչն էր օրաթերթի տնօրենը՝ Վահագն Հովակիմյանը:
Դատարանում կողմերը այլ միջնորդություններ չունեին:
Նախագահողի հարցին, թե «Դուք ձեզ մեղավոր ճանաչե՞լ եք», դատապարտյալն ասաց, որ ճիշտ է, իրեն մեղավոր ճանաչել է, բայց մեղավոր չի եղել»:
Դատական ակտը կհրապարակվի հունիսի 6-ին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ