Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՍՀՄ-ը վերականգնելու հավակնություններ ունեցողները կկորցնեն ՌԴ-ի աջակցությունը

Մայիս 22,2013 13:13

«Մեր առջև դրված նպատակներից կարևորն այն է, որ որևէ կերպ քաղաքական միություն չստեղծենք: Պատմական այս տարածաշրջանի համար դա մի տեսակ ֆոբիա էբայց մեզ հարկավոր է ստեղծել լիարժեք տնտեսական միություն, որը թույլ կտա մեզ ամրապնդել մեր տնտեսությունը ու միևնույն ժամանակ նոր գլոբալ տնտեսության տեղ զբաղեցնել: Եվ ես ավելի քան վստահ եմ, որ այդ նոր գլոբալ տնտեսությունը կայացնելու են ոչ թե 200 պետություններ, այլ 20 տարածաշրջանային ալյանսներ, որոնք այսօր արդեն ձևավորվում են»,- Մոսկվայում գտնվող հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հիմնական ուղղությունների նախարար Տատյանա Վալովայան` խոսելով Եվրասիական տնտեսական միության հեռանկարների մասին: Հիշեցնոնք, որ հայ լրագրողները Մոսկվայում են գտնվում «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտության եւ վերլուծության հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: Նախարարը նկատեց, որ անգամ հզոր Ռուսաստանը, նույնիսկ ԱՄՆ-ը չեն կարող միայնակ հայտարարել իրենց մասին համաշխարհային ասպարեզում. «Այդ իսկ պատճառով մենք այսօր ոչ մի կերպ չենք խոսում քաղաքական միության ձևավորման մասին և միության արտաքին քաղաքական ուղղվածության մասին: Մենք անգամ չենք մտածում այդ մասին քննարկումներ անցկացնել, որովհետև արտաքին քաղաքականության հարցերը բոլորս միասին քննարկում ենք ՄԱԿում և ես հույս ունեմ, որ այդ մակարդակին էլ կմնա»: Ռուսաստանցի պաշտոնյան հավաստիացնում է, որ Մաքսային միության նախաձեռնությունը բացառապես տնտեսական նշանակություն ունի:

Տատյանա Վալովայան նշեց նաև, որ նախաձեռնության հեղինակ երկիրն իր առջև խնդիր չի դրել բանակցել ինչ-որ երկրների հետ` Եվրասիական տնտեսական միությանը միանալու համար: Դա իրենց պետք չէ եւ ոչ էլ ձեռնտու է: Ասաց, որ իրենք  ելնում են նրանից, թե ԱՊՀ երկրներից որևէ մեկը որոշակի հետաքրքրություն է ցուցաբերում հարցի վերաբերյալ: Այս առումով նա նկատեց, որ ժամանակի ընթացքում Հայաստանի հետաքրքրությունը վերածվեց նրան, որ մեր պետությունը դիտորդի կարգավիճակով մտավ Եվրասիական տնտեսական միություն: Իսկ ահա Վրաստանն ու Ադրբեջանը նման հետաքրքրություն չեն արտահայտել և Ռուսաստանն էլ, շեշտեց պաշտոնյան, դրան ըմբռնումով է մոտենում:

Անդրադառնալով դիտարկմանը, թե շատ են հնչում կարծիքներ, որ այս գաղափարի վերջնարդյունքն ի վերջո լինելու է խորհրդային միության վերածնունդը, Տատյանա Վալովայան ընդգծեց` ոչ ոք, առավել ևս Ռուսաստանում, նման նպատակ իր առջեւ չի դնում. «Եթե որևէ մեկը երբևիցէ հայտարարի, թե ցանկանում է Եվրասիական տնտեսական միության հիմքի վրա ստեղծել խորհրդային միություն, ապա կկորցնի նախևառաջ ՌԴ-ի աջակցությունը: Կարծում եմ, դա արհեստականորեն է արվում, որպեսզի նման տրամադրություններ լինեն, քանի որ մարդիկ շատ լավ գիտակցում են, որ ինչ արվում է, ճիշտ է արվում և գաղափարը շատ կարևոր է տնտեսության տեսանկյունից»:

Հայկական ԶԼՄ-ների ղեկավարներն ու լրագրողները այցի առաջին օրը այցելեցին նաեւ «ՐԻԱ Նովոստի» և «ԻՏԱՐ ՏԱՍՍ» պետական գործակալություններ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Մոսկվա

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031