Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի ավելի քան 20-ամյա գործունեության ամփոփմանը նվիրված միջոցառում Վիեննայում

Մայիս 22,2013 13:02

Վիեննայում տեղակայված Ներքին Ավստրիա երկրամասի ներկայացուցչությունում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում՝ նվիրված ավստրիական ֆինանսավորմամբ կառուցված եւ 1992 թվականից գործող Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի (ԱՄՀ) ավելի քան 20-ամյա գործունեության ամփոփմանը: Համաձայն ՀՀ առողջապահության նախարարության, Ավստրիական մանկական հիվանդանոցին օժանդակող միության խորհրդի եւ Ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրինության միջեւ դեռեւս 2009թ. ապրիլի 4-ին ստորագրված հուշագրի՝ ԱՄՀ-ում տեղի ունեցած վերապրոֆիլավորման արդյունքում հիվանդանոցում սկսել է գործել ծննդօգնության եւ գինեկոլոգիայի բաժանմունք, Գյումրու ծննդատունը տեղափոխվել է ԱՄՀ, հաստատությունն էլ վերանվանվել է Մոր եւ մանկան հիվանդանոց:

Միջոցառմանը հիվանդանոցի ավելի քան 20-ամյա գործունեությանը նվիրված ամփոփիչ ելույթներով հանդես եկան ԱՄՀ-ին օժանդակող միության նախագահ դոկտոր Քրիստոֆ Լեխները, նրա տեղակալ, միության պատվավոր գործադիր տնօրեն, հիվանդանոցի հիմնադրումից ի վեր եւ մինչեւ 2012 թվականը աշխատանքների համակարգող Հանս Դյոլլերը, հիվանդանոցի նախագծող եւ կառուցապատման աշխատանքների համակարգող պրոֆեսոր Գյունտեր Պետերը, ավստրիական Կարիտասի ներկայացուցիչը եւ Ավստրիայի Հայ Առաքելական եկեղեցական համայնքի անդամ Ռուդոլֆ Մաղաքյանը, Գյումրու Մոր եւ մանկան հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը:

Հանդիսավոր միջոցառմանը ելույթներ ունեցան նաեւ Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը եւ Հայաստանում Ավստրիայի դեսպան Ալոիս Կրաուտը: Դեսպան Կիրակոսյանը նախ շնորհակալություն հայտնեց այն բոլոր անհատներին եւ ավստրիական կազմակերպություններին, որոնք ավելի քան 2 տասնամյակ իրենց շարունակական նպաստն են բերել հիվանդանոցի կենսագործունեության անխաթար ապահովմանը եւ, մասնավորապես, նշեց, որ ԱՄՀ-ի գործունեությունը Հայաստան-Ավստրիա համագործակցության լավագույն օրինակ է հանդիսանում եւ վերածվել է երկու երկրների ու ժողովուրդների բարեկամության յուրօրինակ խորհրդանիշի: Դեսպանը նաեւ համոզմունք հայտնեց, որ 2013 թ. Երեւանում Ավստրիայի զարգացման գործակալության գրասենյակի հիմնմամբ, ավստրիական օժանդակությունը կունենա իր հետեւողական շարունակությունը՝ արդեն զարգացման քաղաքականության բնագավառում հայ-ավստրիական համագործակցության համատեքստում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031