Ռուսաստանցի նախարարը` Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության մասին
Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնության ընդհանուր սահման չունենալու փաստը որեւէ կերպ չի կարող խոչընդոտել Եվրասիական միության կայացմանը: Վերջին շրջանի այս վիճելի թեման կրկին քննարկման առարկա դարձավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հիմնական ուղղությունների նախարար Տատյանա Վալովայի եւ Մոսկվայում գտնվող հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Հայ լրագրողները ՌԴ մայրաքաղաքում են գտնվում «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտության եւ վերլուծության հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: Տատյանա Վալովան կարծում է, որ այն հանգամանքը, որ միջազգային պրակտիկայում համատեղ սահմանի առկայությունը չի կարող պարտադիր նախապայման հանդիսանալ որեւէ, հատկապես, տնտեսական համագործակցության համար, պետք է որ փարատի հայկական կողմի անհանգստությունները Մաքսային միության գործունեության առումով.
«Հասկանալի է, որ սա հավելյալ խնդիրներ է առաջացնում և հավելյալ այլ ծախսեր, բայց դա չի կարող հանդիսանալ անհաղթահարելի մի խոչընդոտ: Իսկ եթե Հայաստանի մոտ ցանկություն լինի դառնալ Մաքսային միության անդամ, ապա հնարավոր է դիտարկել ողջ գործընթացը, հաշվի առնելով նաև այդ հանգամանքը»: Նախարարի կարծիքով, գործընթացն այս ամենի շուրջ այնքան արագ է զարգանում, որ անգամ «եթե համատեղ սահման էլ չունենանք, Կովկասում էլ տնտեսական իրավիճակն արագ զարգանա, ապա տարածքային հեռավորությունը`ապրանքների տեղափոխման տեսանկյունից, վաղ թե ուշ կլուծվի»: Մանավանդ, ինչպես պարզ դարձավ նախարարի խոսքից, Հայաստանից հիմնական ակնկալիքները`արտահանվող ապրանքատեսակների մասով, բարձր տեխնոլոգիաներն են, ինչի համար սահմանի առկայության հարց ընդհանրապես չի առաջանում: Ռուսաստանցի պաշտոնյան այս առումով կարեւորեց հայ-ռուսական համատեղ ծրագրերի գոյությունը:Սա, բնականաբար, չի բացառում սպառողական ապրանքների արտահանումը: Նախարար Վալովայան ակնարկեց այն մասին, որ տնտեսական համագործակցության զարգացումը նաեւ կարող է հանգեցնել ի վերջո ընդհանուր սահմանի գոյության: «Առավոտի» հարցին` ինչպե՞ս է տիկին նախարարը պատկերացնում համատեղ սահմանի գոյությունը Հայաստանի և ՌԴ-ի միջև՝ նախարար Վալովայան ժպտալով պատասխանեց, որ նա, բնական է, բառացիորեն նկատի չուներ ընդհանուր սահմանը: Բացատրեց, որ նկատի ունի երրորդ երկրներից մեկը` Թուրքիա, Իրան և այլն, որոնք մի օր կմիանան Մաքսային միությանը. «Իհարկե կատակում էի… կրկնում եմ` մեզ համար պարտադիր պայման չէ համատեղ սահմանը, բայց եթե ՀՀ կառավարությունը նման որոշում երբևէ կայացնի` մտնել Մաքսային միություն, ապա պետք է նախեւառաջ հասկանալ, թե ինչպես նվազագույնի հասցնենք հարցի ծախսային կողմը: Ամենակարևորն այն է, որ Անդրկովկասում առկա բարդ իրավիճակը բարելավվի և նույն այդ տեղափոխման հարցերը սուր լինելուց սկսեն դասվել արդեն ամենօրյա հարցերի շարքին»:
Տիկին Վալովայան դեմ չէ, որ ընդհանուր սահմանի հարցը քննարկման առարկա դառնա, բայց, կարծում է որ ընդհանուր սահման չունենալու խնդիրը խոչընդոտ չէ:
Ռուս պաշտոնյան նաեւ խնդիր չի տեսնում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման ուղղությամբ ընթացող աշխույժ բանակցություններում: Նա այն կարծիքին չէ, որ ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունները կարող են խոչընդոտել Մաքսային միության շրջանակներում Հայաստանի ակտիվ գործունեությանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև
Մոսկվա