Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Ա. Հեֆերնի գնահատմամբ, Հայաստանը էներգետիկ անվտանգության առումով խնդիրներ ունի:
«Ամեն մի երկիր ունի էներգետիկ ապահովության առումով խնդիրներ, եւ ցանկացած երկրի կառավարություն աշխատում է էներգետիկ անվտանգության հարցերի շուրջ, աշխատում է հաստատել դիվերսիֆիկացիա, որ բազմազան հնարավորություններ ունենա եւ ապահովի պահանջարկը»,- այսօր լրագրողներին ասաց դեսպանը:
Նրա խոսքերով, այդ առումով Հայաստանը գտնվում է դժվար վիճակում. «Բայց դա չի նշանակում, թե Հայաստանը էներգակիրներ չունի: ԱՄՆ եւ ԵՄ հետ համագործակցությունը Հայաստանի էներգետիկ ոլորտում, ուղղված է վերականգնող էներգետիկայի զարգացմանը այլընտրանքային աղբյուրների օգտագործմանը: Սրանք խնդիրներ են բոլոր երկրների համար, ոչ միայն Հայաստանի»:
Անդրադառնալով կառավարության որոշմանը՝ գազի գինը երեսուն տոկոսով սուբսիդավորելու վերաբերյալ, ասաց. «Գազի հետ կապված բանակցությունները Ռուսաստանի Հայաստանի միջեւ են, սակայն կարեւոր հասարակական հնչեղություն ունեցող հարց է, ու հորդորում ենք, որ այս աշխատանքները կատարվեն առավելագույն թափանցիկությամբ… Հայաստանի կառավարությունը պետք որոշում կայացնի խորհրդարանի եւ եւ ժողովրդի հետ»:
Կարդացեք նաև
Հարցին՝ Ռուսաստանը փորձո՞ւմ է ճնշում գործադրել գազի գինը բարձրացնելով, դեսպանն ասաց. «Մեկնաբանություն չունեմ Ռուսաստանի շարժառիթների հետ կապված. Հայաստանը եւ Ռուսաստանը գործընկերներ են»:
Հարցին էլ, թե ճի՞շտ է, որ իրանական գազը Հայաստանի վրա թանկ է նստում, որովհետեւ կան սանկցիաներ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի կողմից, ասաց. «Այն որ Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կան, դա ճիշտ է: Քանի դեռ Իրանը միջուկային ծրագրերի առումով իր միջազգային պարտավորությունները հարգում է, չի աշխատում միջուկային զենքի մշակման ուղղությամբ, միջազգային հանրության կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումն էական էր: Հայաստանը որպես ՄԱԿ–ի անդամ պետություն, հարգում է այդ պատժամիջոցները եւ մենք ողջունում ենք Հայաստանի այդ քայլը»:
Մանրմասները տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ