Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Այդ ո՞ր օրվանից ստատուս-քվոն անընդունելի դարձավ Մոսկվայի համար

Մայիս 22,2013 12:12

Մեկնարկեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան: Այս այցի մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել մայիսի 17-ին Լեհաստանի Կրակով քաղաքում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Առհասարակ այս այցը, ինչպես նաեւ ԱԳ նախարարների հանդիպումը նշանավորվեց նրանով, որ պաշտոնական Բաքուն դրանցից առաջ հանդես եկավ բանակցային գործընթացին լուրջ հարված հասցնելու գործընթացի սկիզբ դնելով:

Ադրբեջանի խորհրդարանում, ինչպես հայտնի է, շրջանառության մեջ է դրվել՝ «Ադրբեջանի Հանրապետության օկուպացված տարածքների մասին» օրինագիծը: Որքան էլ պաշտոնական Բաքվի այս քայլը որակեն պոպուլիստական ու նախընտրական, այնուամենայնիվ փաստ է, որ կարգավորման գործընթացում լինելով հիմնական արգելակող կողմը՝ Ադրբեջանի իշխանությունները կանգ չեն առնում իրենց դիրքորոշումներն էլ ավելի կոշտացնելու ճանապարհին:

Սակայն ուշագրավն այս օրերին պաշտոնական Մոսկվայի պահվածքն է՝ ԼՂ կարգավորման գործընթացում: Մոսկվայում գտնվող Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամլո ասուլիսում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը փաստելով, որ հետագայում եւս ՌԴ-ն ձգտելու է նպաստել կողմերի համար փոխընդունելի լուծումների որոնմանը՝  նշել է, թե վստահ է, որ ամեն ինչ կստացվի, եթե փորձ արվի ձեռք բերել փոխզիջում՝ հաշվի առնելով կողմերի շահերը: Այնուհետեւ Լավրովը նշել է, թե ԼՂ հակամարտության կարգավորման ստատուս-քվոն անընդունելի է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ հակամարտող երկու կողմերի համար․ «Ռուսաստանի համար ստատուս-քվոն անընդունելի է, քանի որ նրանք մեր հարեւաններն են, մեր ընկերները, եւ կայունությունն ու հանգստությունը Կովկասում Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են: Ստատուս-քվոն նշանակում է, որ՝ ադրբեջանական տարածքների վերադարձման հարցը չի լուծվել, նշանակում է նաեւ Հայաստանի տնտեսական շրջափակում»:

Թե ինչն է հիմք հանդիսացել, որ ՌԴ ԱԳ նախարարը վստահեցնի, որ ստատուս-քվոն անընդունելի է կողմերի համար՝ նա չի հստակեցրել: Երկար տարիներ կարգավորման գործընթացին հետեւող լրագրողները, փորձագետներն ու քաղաքական գործիչները միշտ էլ փաստել են, որ կողմերն իրականում ցանկություն չունեն փոխել ստատուս-քվոն, նույնիսկ Ադրբեջանը, որը առանձնանում է կոշտ հռետորաբանությամբ եւ ռազմաշունչ հայտարարություններով:

Իսկ այն, որ՝ ՌԴ-ն ստատուս-քվոն անընդունելի է համարում՝ սա արդեն բավական անսպասելի ամրագրում է: Ղարաբաղյան խնդրի վերջնական կարգավորման գնալու ամենա ոչ շահագրգիռ միջնորդը մշտապես դիտարկվել է Մոսկվան՝ ի տարբերություն արեւմտյան երկրների, որոնք այս խնդրի լուծումը կապել են տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորությունների, Հայաստանի եւ հարեւանների հետ սահմանների բացման հետ:

Հիմա հարց է ծագում՝ այդ ո՞ր օրվանից ստատուս-քվոն անընդունելի դարձավ Մոսկվայի համար․․․ Սա Կրեմլի կողմից փոփոխված դիրքորոշման արդյո՞ւնք է, (եթե այո, ապա ՌԴ-ն վստահաբար կունենա հիմնավոր պատճառներ ու ակնկալիքներ), թե՞ հերթական ակնարկը, որն առավելապես կարելի է ճնշման փորձ համարել հայկական կողմի նկատմամբ․․․  Իհարկե, ՌԴ-ի պաշտոնյաները երբեք չեն էլ հայտարարել, որ կողմնակից են ստատուս-քվոյի պահպանմանը, սակայն Մոսկվային համարել ԼՂ կարգավորման ամենամոլի ջատագովը՝ չափազանցություն կլինի:

Հաջորդ ուշագրավ պահը․ իր ադրբեջանցի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում ՌԴ ԱԳ նախարարը փաստում է՝ «ստատուս-քվոն նշանակում է, որ՝ ադրբեջանական տարածքների վերադարձման հարցը չի լուծվել, նշանակում է նաեւ Հայաստանի տնտեսական շրջափակում»: Ինչպես համանախագահող մյուս պետությունները՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, որոնք փոփոխված բազմաթիվ համանախագահների, ԱԳ նախարարների եւ նախագահների մակարդակով փաստել են, որ՝ «ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,  այնպես էլ Ռուսասատանի պաշտոնյաներն են դա ամրագրել:

Սակայն հետաքրքրականն այն է, որ վերջին գրեթե մեկ տարվա ընթացքում, երբ միջազգային հանրությունը կարծես ավելի բացասական էր տրամադրվել պաշտոնական Բաքվի պահվածքի նկատմամբ՝ սկսած մարդասպան Սաֆարովին արտահանձնելու ու հերոսացնելու փաստերի առիթով, եւ առհասարակ, այդ երկրում գործող ռեժիմի ավտորիտար բնույթի պատճառով, ու թվում էր, թե միջազգային հանրությունը կարծես ընկալում էր հայկական կողմի առավելությունները, հանկարծ ՌԴ ԱԳ նախարարը, բնականաբար, ոչ միամտաբար, հիշեցնում է՝ «ադրբեջանական տարածքների վերադարձի»:

Հայաստան-ԵՄ Ասոցացման պայմանագրի ստորագրմանը, որը ԵՄ-ի հետ հարաբերությունների բոլորովին այլ խորություն է ենթադրում, դեռ ամիսներ առաջ հակադրման, կամ ընտրություն կատարելու այլ գաղափար էր առաջ քաշվում՝ Մաքսային միությանը ՀՀ-ի անդամակցության հարցը: Որքան էլ հնչեցին տեսակետներ, թե դրանք միմյանց համեմատելի, առավելեւս՝ դրանց միջեւ ընտրություն կատարելու համարժեք միավորներ չեն, այնուամենայնիվ, ինչպես երեւում է, Մոսկվան սկսում է «ընտրության» հարցը բավական նկատելի դարձնել: Իսկ դա անշուշտ կարող է Կրեմլի կողմից դրսեւորվել բոլորովին այլ թեմաներով, թափանցիկ եւ ուղիղ ակնարկներով, ինչպես օրինակ՝ ԼՂ հակամարտության առնչությամբ հայկական կողմի համար տհաճ հայտարարություններն են, կամ էլ՝ գազի սակագնի փոփոխության շուրջ ծավալվող գործընթացները:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արթուր says:

    Ես միշտ պնդել եմ` ռուս ժողովուրդը մեզ բարեկամ է, իսկ Ռուսաստանի իշխանությունները միշտ էլ հանդես են եկել մեզ համար թշնամու դիրքերից:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031