«Վերգետնյա անցումներն այնպիսի տեղերում են կառուցել, որ այդ տեղով օրը տասը մարդ էլ չի անցնում»,-այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում իր դժգոհությունը հայտնեց «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:
ՀԿ-ի իրավաբան Արմինե Մկրտչյանն էլ առանձնացրեց այն հիմնական խնդիրները, որոնց վերաբերյալ իրենք ամենաշատ ահազանգերն են ստանում: Նա նշեց, որ լուծում չի տրվել այն խնդրին, որ վարորդն անկախ իր կամքից չտուգանվի: Մասնավորապես, վարորդները տուգանքի մասին ծանուցում են ստանում անկախ հասցեում գտնվելու վայրից և հաճախ չեն իմանում տուգանքի մասին ու հետո ստիպված են լինում վճարել տուգանքի հնգապատիկը: Այնինչ ճանապարհային ոստիկանությունը պատճառաբանում է, թե դա համակարգի հետ կապված խնդիր է: Այնուհետև իրավաբանը շարունակեց. «Լինում են դեպքեր, երբ ավտովթար է եղել ու վարորդները փոխհամաձայնության են եկել, սակայն ԱՊՊԱ-ի ներկայացուցիչը պահանջում է վարույթ անկախ այն բանից, թե որքան է կազմում վնասի չափը: ԱՊՊԱ-ի ներկայացուցիչը ասում է՝ ճանապարհային ոստիկանությունը պիտի վարույթ անցկացնի, ոստիկանությունն էլ դա գցում է ԱՊՊԱ-ի վրա: Վերջում կամ չեն ստանում ապահովագրական փոխհատուցում, կամ գործը հասնում է դատարան: Օրենքը չի սահմանում, թե երբ պիտի ԱՊՊԱ-ն վարույթ իրականացնի, երբ ճանապարհային ոստիկանությունը: Մեկ այլ խնդիր է այն, որ վարորդը չգիտի՝ ինչի համար է տուգանվում: Ծանուցման մեջ չի նշվում, թե ճանապարհային երթևեկության կանոնների որ կետն է խախտվել: Միայն նշվում է սանկցիան, որով նախատեսվում է այդ խախտումը: Ստացվում է՝ վարորդի նկատմամբ կիրառում են սանկցիան՝ չասելով, թե որ դիսպոզիցիայի վրա են այդ սանկցիան կիրառում»: Է. Հովհաննիսյանն էլ այս կապակցությամբ ասաց. «Այնպիսի տպավորություն է, որ ճանապարհային ոստիկանությունը չգիտի երթևեկության կանոնները, անգամ դատարաններում չեն կարողանում դա պարզաբանել»:
Պարոն Հովհաննիսյանը նաև առաջարկեց, որ ավելորդ խնդիրներից ու դատարանային քաշքշուկներից խուսափելու համար լավ կլինի, որ երբ վարորդը խախտում է անում և լուսանկարվում, այդ ժամանակ նրա բջջայինին հաղորդագրություն գա: Պարոն Հովհաննիսյանը նաև բարձրացրեց այն հարցը, որ ցանկացած մեքենայի մաքսային արժեքը գտնվում է գաղտնի, ինչը պարունակում է բազմաթիվ կոռուպցիոն ռիսկեր:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ