Դատավորը վճռել է նշանակել պայմանական պատիժ
Մայիսի 21-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը Արարատի մարզի Նշանավան գյուղի բնակիչ, 1991թ. ծնված Դավիթ Մկրտչյանին ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի 2-րդ մասով( «Զինծառայողին վիրավորանք հասցնելը») դատապարտել է 2 ամիս կալանքի: Դատարանը կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, որոշել է նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանելով 1 տարի փորձաշրջան: Սույն հոդվածը նախատեսում է կալանք՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով կամ կարգապահական գումարտակում պահելը՝ առավելագույնը 1 տարի ժամկետով կամ ազատազրկում՝ առավելագույնը 1 տարի ժամկետով: Դ. Մկրտչյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով սահմանապահ զորամասի դասակի հրամանատար, կոչումով լեյտենանտ, 2012թ. դեկտեմբերի 14-ին անձնակազմի ներկայությամբ, շարք կանգնելուց ուշանալու կապակցությամբ իր նկատմամբ ստորադրյալ զինծառայողներ հանդիսացող, շարքայիններ Պ. Վ.-ից եւ Ա. Պ.-ից պահանջել է հանել զինվորական գլխարկները եւ շարքի դիմաց վերջիններիս գլուխները մի քանի անգամ հարվածել է իրար` ստորացնելով զինվորների պատիվն ու արժանապատվությունը: Տուժած զինվորները դատավարության ժամանակ հայտարարել են, որ լեյտենանտի կողմից իրենց գլուխները իրար հարվածելուց հետո ֆիզիկական ցավ եւ անձնական վիրավորանք չեն զգացել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ