Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նիկոյանը կատարել է Գալուստի պահանջը

Մայիս 22,2013 11:15

Դեռեւս 2008-ի հունիսի 16-ի որոշմամբ ստեղծվեց մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով, որը ղեկավարում էր ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը։ Այդ հանձնաժողովը պետք է ճշտեր մարտի 1-ի զոհերի մահվան հանգամանքները։ Նախօրեին էլ ՀՀԿ-ն դեմ քվեարկեց մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող նոր հանձնաժողով ստեղծելու ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության նախաձեռնությանը։ «Ժողովուրդ»-ը զրուցեց Սամվել Նիկոյանի հետ՝ պարզելու, թե ինչու է նա դեմ քվեարկել նոր հանձնաժողովի ստեղծմանը։

– Պարոն Նիկոյան, ի վերջո, ինչո՞ւ ՀՀԿ-ականները դեմ քվեարկեցին ՀԱԿ-ի նախաձեռնությանը։ Դուք եւս դեմ եք քվեարկել, ո՞րն էր Ձեր մտավախությունն այդ հարցում։

– Ես բազմաթիվ անգամ հրապարակային ասել եմ, որ ցանկանում եմ՝ այդ հանձնաժողովը գործի, դա (իր քվեարկությունը–Ս.Գ.) զուտ ֆրակցիոն կարգապահությունից ելնելով է եղել։ Անկեղծ ասած, ճիշտ կլիներ գոնե ձեռնպահ քվեարկելը, պահի տակ, եթե ես կողմնորոշվեի, ձեռնպահ կքվեարկեի, բայց ավելի շուտ ես գնացի ֆրակցիոն կարգապահությանը։

– Դա չի՞ նշանակում, որ Ձեր ազատ քվեարկության իրավունքի վրա խմբակցությունը «բռնացել» է, ու Դուք այս դեպքում կամակատարի դերում եք հայտնվել։

– Ո՛չ, Դուք չեք հասկանում՝ ինչ է նշանակում ֆրակցիա, ինչ է նշանակում կուսակցություն, ինչ է նշանակում որոշում ընդունել։ Դուք պատկերացրե՛ք՝ 76 հոգով կամ 20 հոգով քննարկում եք մեկ հարց, եւ հետո մեծամասնությունը մի տեսակետ է ունենում, դու՝ այլ, ի՞նչ եք կարծում՝ բոլորը պետք է վարվեն այնպես, ինչպես իրենք են մտածում, այդպես չի կարող լինել։ Միշտ էլ եղել եւ մնում է ֆրակցիոն կարգապահությունը։ Քննարկման փուլում դու կարող ես քո տեսակետները հայտնել, փորձել քո գործընկերներին համոզել քո տեսակետների ճշմարտացիության մեջ, բայց երբ ընդհանուր այլ որոշում է ընդունվում, դու պարտավոր ես դա իրականացնել։

– Բայց 2012թ. դեկտեմբերի 3-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր հերթին, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն էլ իր հերթին ԱԺ նիստում խոստացել էին կողմ քվեարկել հանձնաժողովի ստեղծմանը՝ պայմանով, որ ընդդիմությունն այն ներկայացնի նախագահական ընտրություններից հետո։ Փաստորեն, ՀՀԿ-ականները խաբեցին ՀԱԿ-ին։

– Ճիշտն ասած, չգիտեմ՝ ինչ են պայմանավորվել։ Ես լսեցի փոխադարձ հրապարակային խոստումները, որ, այո՛, պայմանավորվածություններ կան եւ այլն, բայց ես տեղյակ չեմ պայմանավորվածությունների մակարդակի մասին, այն մասին, թե ինչպիսին են ուզում տեսնել իրենք հանձնաժողովը, ինչ լիազորություններով։ Իմ կարծիքով՝ այդ նախաձեռնության հեղինակները պետք է այն հետ վերցնեին, քանի որ հանձնաժողովը չէր ունենալու այն լիազորությունները կամ, ավելին, ինչ որ ուներ փաստահավաք խումբը կամ ԱԺ նախորդ հանձնաժողովը։ Եվ եթե գոնե այդ լիազորությունները չունի, ապա անիմաստ է ստեղծել մի հանձնաժողով որը չի ունենալու գործիքներ աշխատելու համար։ Ստացվում է՝ նորից քաղաքական բնույթի շահարկումների դաշտից հեռու չէր կարող մնալ, նամանավանդ արդեն անցել է 5 տարի։

– Բայց ՀՀԿ-ն համաձայն չէր ընդամենը մեկ կետի հետ, ըստ որի՝ պետք է հարցաքննվեին նաեւ իրավապահ համակարգի ներկայացուցիչները։ Գուցե մտավախություն ունեիք, որ հանձնաժողովը հենց դրա միջոցո՞վ կարող էր բացահայտել իրական մեղավորներին, դրա համար էլ կրկին «փակեցիք» գործը։

– Եվ դրա հետ… տեսե՛ք, խոսքը վերաբերվում է ոչ թե ինչ-որ պաշտոնյաների, այլ, օրինակ, դատական համակարգին, գործադիր իշխանության կամ դատական համակարգի քննիչներին, դատախազներին, դատավորներին։ Բայց դատական համակարգն անկախ իշխանության ճյուղ է, եւ ԱԺ ստեղծած հանձնաժողովը փորձում է մտնել նրա գործողությունների ոլորտի մեջ, ինչը Սահմանադրությամբ արգելված է։

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031