ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը գործող կառավարության անդամների մոխրագույն ֆոնին առանձնանում է իր «կրեածիվ» լուծումներով։
«Գալա» հեոուստաընկերության տրամադրության տակ հայտնվել է Սերգո Կարապետյանի նամակը ուղղված գործարարներին, որով կարկուտից տուժած գյուղացիներին օգնելու նպատակով նա խնդրում է փող փոխանցել գյուղի եւ գյուղատնտեսության զարգացման հիմնադրամին։
Արդեն երեկ որոշ արձագանքներ կային։ «Ես դեռ չեմ ստացել նախարարի նամակը, երբ ստանամ, կորոշեմ իմ անելիքը։ Մի բան գիտեմ, որ բոլորս պարտավոր ենք օգնել գյուղացուն։ Մեր երկիրը պահողը գյուղացին ա։ Մի բան գիտեմ՝ ով գյուղացուն չօգնեց, վերջում բիզը մտնելու ա նրա քամակը»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է «Ֆլեշ» ընկերության ղեկավար Բարսեղ Բեգլարյանը։
Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը մեր թղթակցի հարցին ի պատասխան հիշեցրել է, որ մայիսի 15-ին Ծառուկյանը Արմավիրի մարզ կատարած այցի ժամանակ արմավիրցիներին խոստացել է զրոյացնել իր կողմից այս տարվա գարնանը գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին տրամադրած պարարտանյութերի և դեղորայքի վերադարձվելիք գումարը։
Կարդացեք նաև
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ երեկ հայտարարել է, որ իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցելու է արմավիրցիներին օգնելու նպատակով ստեղծված հիմնադրամին: Մի խոսքով, գյուղնախարարի «կրեածիվ» նամակը «կրեածիվ» պատասխաններ է ստանում:
Գործարարների արձագանքից դեռ դժվար է ասել, թե արդյոք այնքան փող կհավաքվի, որ գյուղացիների կրած ամբողջ վնասը փոխհատուցվի։ Բայց եթե նույնիսկ այս մի՝ առանձին վերցրած դեպքում համահայկական, համազգային, համատիեզերական հանգանակությունների շնորհիվ հնարավոր լինի օգնել մի քանի հարյուր գյուղացիական ընտանիքների, ապա հասկանալի չէ, թե այլ ոլորտներում, այլ բնագավառներում, մարդկանց այլ խավերին ինչպես են օգնելու, աղոթքներո՞վ, հանգանակություններո՞վ… Այդ որքա՞ն փող պետք է հանգանակվի, որ օգնություն ստանան Հայաստանի այն մեկ միլիոն բնակիչները, որոնք նույնիսկ պաշտոնական վիճակագրության համաձայն աղքատ են, նրանց եկամուտը չի բավարարում ամենաառաջնային հոգսերը հոգալու համար նույնիսկ։
Ակնհայտ է՝ հասարակությունը գնալով ավելի անհանդուրժողական է դառնում։ Օրեցօր ատելությունը իշխանության նկատմամբ աճում է եւ այդ ատելությունը օրեցօր ավելի տեսանելի դրսետրումներ է ստանում։ Մի օր Արմավիրի մայրուղին փակում են կարկուտից տուժած գյուղացիները, մյուս օրը Արտաշատի մայրուղին փակում են իրենց գյուղի փողոցների վիճակից դժգոհ գյուղերի բնակիչներ, հաջորդ օրը Սեւանի մայրուղին փակում են բանակում սպանված երիտասարդի համագյուղացիները՝ արդար պատժի պահանջով…: Ու սա ոչ մի կերպ չի տեղավորվում իշխող վարչախմբի՝ ընտրությունից ընտրություն ավելի շատ ձայներ ստանալու տրամաբանության մեջ։ Սա ոչ մի կերպ չի տեղավորվում տարեցտարի արձանագրվող տնտեսական աճի, կենսամակարդակի բարձրացման մասին պաշտոնական տվյալների տրամաբանության մեջ։ Սա ոչ մի կերպ չի տեղավորվում գործող իշխանության՝ անարդարության, կոռուպցիայի, օլիգոպոլիաների դեմ պայքարի խոստումների տրամաբանության մեջ։ Ու քանի որ իշխանությունը չի կարողանում, որովհետեւ չի ցանկանում նորմալ երկիր կառուցել, պարբերաբար ծագում է «կրեածիվ» լուծումների կարիք։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում