Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Հակոբյան. «2-3 տարի հետո նույն ԱԺ պատգամավորները հարց կտան՝ պարոն վարչապետ, դուք գրել էիք այսքան աշխատատեղ…»

Մայիս 22,2013 10:10

Հատված Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի հարցազրույցից:

   -Ձեր գնահատմամբ՝ կառավարության ներկայացրած փաստաթուղթը նախադրյալներ ստեղծո՞ւմ է «ապահով Հայաստանի» տեսլականը կյանքի կոչելու նախագահի հանձնառության իրականացման համար։ 
-Որպես սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, առաջին հերթին ուզում եմ խոսել սոցիալական ոլորտին վերաբերող խնդիրների մասին։ Դրանք կառավարության ծրագրում բավական ընդգծված են, եւ կատարվելու դեպքում լուրջ հաջողություններ կունենանք այդ ոլորտում։ Խոսքը վերաբերում է մասնավորապես կենսաթոշակային նոր համակարգի ներդրմանը։ Իհարկե, կենսաթոշակային բարեփոխումների արդյունքները կտեսնենք 17 տարի հետո, բայց դա ուղղակի հեղափոխություն կլինի սոցիալական ոլորտում։
Գումարած դրան, եթե ճիշտ օգտագործենք այն գումարները, որոնք կհավաքվեն՝ ներդրվեն տնտեսության մեջ, որպես երկարաժամկետ փողեր, ստիպված չենք լինի վարկեր վերցնել. կծախսենք մեր ժողովրդի կուտակած գումարները, շահույթի մի մասը կվերադարձնենք ժողովրդին, որպես հավելյալ եկամուտ իրենց ներդրած գումարների, միաժամանակ զարկ կտանք տնտեսությանը։
   -Կառավարության ծրագրում երեւո՞ւմ են 100 հազար եւ ավելի բարձր վճարվող նոր աշխատատեղեր ստեղծելու աղբյուրները՝ ի՞նչ կոնկրետ ծրագրերի, մեխանիզմների հաշվին են ապահովվելու այդ աշխատատեղերը։ 
-Ես այդ 100 հազար աշխատատեղերի հեռանկարին վատ չեմ նայում։ Դա հաշվելի ցուցանիշ է։ Ինչո՞ւ։ Մեր ձեռքի տակ են գործազրկության այսօրվա ցուցանիշները, եւ, կարծում եմ, 2-3 տարի հետո նույն ԱԺ պատգամավորները հարց կտան՝ պարոն վարչապետ, դուք գրել էիք այսքան աշխատատեղ, չեք արել՝ 100 հազարի փոխարեն 10 հազար է ավելացել կամ չի ավելացել. ինչո՞ւ չեք կատարում ձեր ծրագրային դրույթները։ Սա նաեւ պատասխանատվության հարց է։
Խորհրդարանը ձեւավորում է կառավարություն եւ վերահսկում կառավարության գործունեությունը տարվա բյուջեով, ընթացիկ բյուջեներով եւ այլն։ Ես չեմ ասում՝ մեխանիզմները լավն են կամ վատը, չեմ քննարկում՝ ասում եմ այն, ինչ կա. կառավարության ձեւավորում, վերահսկողություն եւ վերջնական հաշվետվություն՝ տարեկան բյուջեի քննարկում, տարեկան բյուջեի ընդունում։ Եվ եթե կառավարությունը թերանա իր պարտականություններում խորհրդարանը կարտահայտի իր վերաբերմունքը։
   -Մի խոսքով՝ կառավարության ծրագիրը համապատասխանում է ձեր ակնկալիքներին։ 
-Ես էլ ի՛մ առաջարկություններն ունեմ, ընդ որում, ոչ թե մեկ-երկու, այլ տասնյակ առաջարկություններ եւ ծրագրեր։ Բայց դրանք, կարծում եմ, կօգտագործվեն ընթացիկ ժամանակահատվածում, որովհետեւ ինչքան էլ առաջարկենք, քննարկենք, միեւնույն է, սկզբունքները մնում են նույնը։
Օրինակ՝ կենսաթոշակների բարձրացումը հարցի մի կողմն է, կարեւոր է, թե ինչպես պետք է լինի միջոցների ճիշտ բաշխումը, պայմանական բաշխումը, կոորդինացիան… Որպես պատգամավոր ներկայացրել եմ իմ առաջարկությունները, խմբակցությունը քննարկել է, պայմանավորվել ենք, որ յուրաքանչյուրը կներկայացնի իր նկատառումները, որպեսզի կարողանանք ընթացքում, ըստ նպատակահարմարության, տվյալ պահին իրականացնել։
   -Նվագազույն աշխատավարձի կրկնապատկումը առաջիկա 4-5 տարիներին որքանո՞վ իրատեսական է, նկատի ունենալով, որ ամիսներ առաջ կառավարությունը ընդամենը 2500 դրամով ավելացրեց այդ գումարը՝ հասցնելով 35 հազար դրամի։
-Տարեվերջին կառավարությունը խնդիր դրեց նվազագույն աշխատավարձը դարձնել 46 հազար։ Այսինքն՝ 2014թ. հունվարի 1-ին նվազագույն աշխատավարձը պետք է լինի 46 հազար դրամ։ Հիմա քանի որ նոր ծրագիր է ներկայացնում, մեր քաղաքականությունը տանում ենք առաջ. 2017թ. պետք է ունենանք մոտ 70 հազար դրամ նվազագույն աշխատավարձ, տարեկան կտրվածքով՝ 46 հազար դրամ 2014-ի հունվարի 1-ին, 56 հազար՝ 2015-ի հունվարի 1-ին, հետո՝ 66 հազար, հետո՝ 75 հազար։ Այդ բաշխումը կա։
Այսինքն՝ ոչ մի արտառոց բան չենք անում, մեր սոցիալական քաղաքականության հիմնական սկզբունքները նախանշված են Հանրապետական կուսակցության ծրագրում, հիմա ավելացել են նախագահի նախընտրական ծրագրի դրույթները, որոնք որոշ փոփոխություն են մտցրել կառավարության ծրագրում, բայց հիմնական ուղղությունները, թիրախները չեն փոխվել։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհի» այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031