Լրահոս
Օրվա լրահոսը

Գարիկ Հայրապետյան. «Պետք է այնպես անել, որ երեխան ցանկությամբ, այլ ոչ թե փողի դիմաց ծնվի»

Մայիս 21,2013 20:04

Թեեւ ներկայումս Հայաստանում որոշակի քայլեր արվում են, որոնք ուղղակի կամ անուղղակիորեն նպաստում են ծնելիության ցուցանիշը բարելավելուն, սակայն, այսօր չենք կարող ասել, որ դրանք նպաստել են: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը: Նրա ներկայացմամբ` ներկայումս մեր երկրում վերարտադրողական տարիքի կանանց ծնելիության ցուցանիշը 1,5-1,6 մակարդակից չի բարձրանում: Արդեն այս ուղղությամբ քաղաքականություն է մշակվել եւ փորձ է արվում 5 տարվա ընթացքում այդ ցուցանիշը հասցնել 1,8-ի:

Ասուլիսին ներկա միջազգային փորձագետ Ռալֆ Հակերտն էլ կարծիք հայտնեց, որ 5 տարին ծնելիության ցուցանիշը բարձրացնելու համար բավականին քիչ ժամկետ է, ուստի անհրաժեշտ է երկարաժամկետ ծրագիր եւ մի քանի համակագային ծրագրեր:

Պարոն Հակերտի դիտարկմամբ, մեր երկրում ծնելիության մակարդակի ցածր լինելը հիմնականում կապված է գործազրկության եւ արտագաղթի` այսինքն բնակչության նվազման հետ, իսկ այս 2 խնդիրները կխոչընդոտեն կառավարության մշակած ծրագրին:

Փորձագետը մի շարք երկրների օրինակ բերեց, թե ինչպես կարելի է բարձարցնել ծնելիության մակարդակը. Շվեդիան եւ Ֆրանսիան ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծել երեխայի ծնվելու եւ հետագայում էլ` խնամքի համար: Փորձագետի խոսքերով.«Ֆրանսիայում 28 տարբեր միջոցառումներ են անում այդ ուղղությամբ: Միանվագ գումարից բացի, մի շարք ծրագրեր են անում մինչեւ երեխան հասնի 15 տարեկան: Միանվագ գումար տրամադրելը հիմնականում անարդյունք է: Հայաստանի ժողովրդագրական քաղաքականության դեպքում, պետք է կառավարությունը ուշադրություն դարձնի ոչ միայն ծնելիության, այլեւ ընդհանրապես բնակչության տարբեր  հիմնախնդիրներին»:

Պարոն Հակերտի փոխանցմամբ` Ֆրանսիան իր ՀՆԱ-ի 3.5%-ը ծախսում է ծնելիության խթանմանը նպաստող տարբեր ծրագրերին, եւ առհասարակ ծնելիության խթանումը թանկարժեք բան է: Շվեդիայում երեխայի խնամքի բեռը համամասնորեն բաժանված է ծնողների միջեւ. տղամարդիկ եւս կարող են ֆիզարձակուրդ գնալ:

Մասնագետի խոսքերով`«Շվեդիայում եւ Ֆրանսիայում երիտասարդ ծնողներին սուբսիդիա են տրամադրում բնակարան ձեռք բերելու հարցում, կան կենտորններ, որտեղ ծնողները կարող են դպրոցական եւ մանկապարտեզի ժամերից հետո թողնել իրենց երեխաներին ու գնան աշխատանքի: Արեւմտյան Եվրոպայի մի շարք երկրներում աշխատող ծնողներից մեկը շաբաթական 35 ժամ աշխատելով հնարավորություն ունի 1 օր ազատ օր ունենալ»: Ծնելիության աճին կարող է բավականին լավ ազդեցություն ունենալ երկարաժամկետ, այսպես կոչված` նպաստները: Փորձագետի ներկայացմամբ` Մակեդոնիայում յուրաքանչյուր 3-րդ եւ հաջորդ երեխայի համար պետությունը ոչ թե միանվագ, մեկ անգամ գումար է տրամադրում, այլ 10 տարվա ընթացքում՝ 150 դոլար:

Պարոն Հակերտի խոսքերով` դժվար է երիտասարդ ընտանիքներին համոզել երեխա ունենալ, եթե նրանք վստահ չեն, որ վաղը կամ մյուս օրը չեն կորցնի իրենց աշխատանքը, կամ «դեկրետ» գնալուց հետո կկարողանան վերադառնալ իրենց աշխատանքին:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի դիտարկմամաբ էլ` հետծննդյան նպաստն ավելի էֆֆեկտիվ պետք է օգտագործվի, գուցե պետք է աշխատանքային օրենսգիրքը բարելավել, որպեսզի ծնողները ոչ թե նպաստով պահեն, այլ հնարավորություն ունենան իրենց աշխատանքով պահել երեխային, կամ էլ` դեկրետ գնալուց հետո մինչեւ 80-85% պահապանվի աշխատավարձի չափը. «Պետք է այնպես անել, որ երեխան ցանկությամբ ծնվի, ոչ թե փողի դիմաց»:

Aravot.am-ի այն հարցին, թե որքանով կաշխատի հայրական դեկրետի տարբերակը Հայաստանում, պարոն Հայրապետյանն ասաց, որ արդեն 2 նման դեպք ունեցել ենք, երբ տղամարդը դեկրետ է գնացել երեխային խնամելու համար, ընդ որում դա եղել է մարզում, նպաստ էլ ստացել են: Այս առնչությամբ միջազգային փորձագետն ասաց, որ հայրական դեկրետի գործառույթը կա նաեւ Իսպանիայում, Իտալիայում, բայց Իսպանիայում հազվադեպ են օգտվում. «Մտավախություն ունեն կորցնել աշխատանքը»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031