Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» պահանջում են հրապարակել ընտրացուցակները

Մայիս 21,2013 16:55

Այս պահին ԱԺ-ում քննարկվում է «Ժառանգության» ներկայացած «Ընտրական օրենսգրքի» նախագիծը: Այն ներկայացրեց Ռուբեն Հակոբյանը: Նա ասաց, որ պաշտոնական տվյալներով՝ ամենաշատը արտագաղթել են Գեղարքունիքի մարզից, բայց այնպես է ստացվել, որ նույն պաշտոնական տվյալներով ամենաշատը ընտություններին մասնակցություն ունեցել են եւ ՀՀԿ-ին քվե են տվել նորից Գեղարքունիքի մարզում:

ՀՀԿ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը ներկայացրեց հանձնաժողովի գնահատականը օրինագծին, որը բացասական է. «Այս օրինագիծը հակասում է մեր Սահմանադրությանը, ՍԴ-ի որոշմանը եւ հակասում է Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշմանը»,- ասաց նա՝ հավելելով, որ խոսքը ՍԴ-ի 2003-ին ընդունած որոշման մասին է, որ քվեարկության մասնակցածների կողմից ստորագրված ցուցակները համարվում են գաղտնի:

Զարուհի Փոստանջյանն առարկեց՝ «Մատնանշում եք 10 տարի առաջվա մի որոշում, երբ ընտրական պրոցեսները, մեր եկրի զարգացումները փոփոխություններ են կրել»:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի խոսքերով՝ ՍԴ-ի որոշումը հին ու նոր չի լինում: Քանի դեռ այդ որոշումը չի փոխվել, այն ուժի մեջ է:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ հեգնեց Լեւոն Մարտիրոսյանին. «Վենետիկի հանձնաժողովին որ հղում եք տալիս, ծանո՞թ եք էդ հանձնաժողովի գործունեությանը: Այդ հանձնաժողովի կողմից նաեւ խորհուրդ է տրվում գրանցամատյանները ոչ թե մեխանիկորեն կազմել, այլ՝ ընտրողների ցանկությամբ, մինչդեռ մեզ մոտ լրիվ հակառակն է: Եթե նույն հանձնաժողովը երկու խորհուրդ ունի, ինչո՞ւ եք մի դեպքում ընդունում, մյուս դեպքում՝ ոչ»:

Արմեն Ռուստամյանին սա նույնպես անհասկանալի է՝ «Ինչպե՞ս կարելի է ընտրովի մոտենալ նույն փաստաթղթին»:

Ընդդիմադիրները միաբերան կրկնում էին, որ ընտրություններին դեռ չի եղել մեկը, որ ծպտված եւ թաքուն է գնացել ընտրության, հետեւաբար ասել, որ ստորագրված ընտրացուցակները գաղտնի են՝ ճիշտ չէ:

ՀԱԿ-ի տեսակետը ներկայացրեց Արամ Մանուկյանը՝ ասելով, որ ցանկացած մարդ ի վիճակի է վերահսկել, թե ովքեր մտան ընտրատեղամաս, նկարահանվում է ամբողջ ընթացքը եւ որեւէ արգելք չկա մեր օրենսդրությամբ: Այսինքն, այստեղ գաղտնիության խնդիր գոյություն չունի. «ԸՕ-ն թույլ է տալիս նաեւ վերահաշվարկ անել, որի ժամանակ թույլ է տրվում բոլոր ընտրացուցակները նայել: Օրենքով որեւէ արգելք այս առումով չկա: Օրենքը այսինքն հակասում է Սահմանադրությա՞նը: Գաղտնի քվեարկությունն ուրիշ սկզբունք է, մասնակցության գաղտնիությունը ուրիշ սկզբունք է»: Նա ասաց, որ ՀԱԿ-ը կողմ է քվեարկելու այս օրինագծին:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի խոսքերով՝ այստեղ ոչ մի իրավական խնդիր գոյություն չունի: Խնդիրը քաղաքական է. «Երկու հարց կա, որ երբեք չի ընդունի քաղաքական մեծամասնությունը, մեկը՝ 100 տոկոս համամասնական ընտրակարգ, մյուսը՝ Ընտրական օրենսգիրք: Ի՞նչ ազատ, արդար ընտրության մասին ենք խոսում, երբ հենց տեղը գալիս է ազատության սահմանափակում է»: Նա վստահեցրեց, որ այդ երկու օրինագծերը ինչքան բերեն՝ մերժվելու է:

Իսկ ՀՀԿ պատգամավոր Դավիթ Հարությունյանը վստահեցրեց, որ դա վատ գործիք է, որն ուզում է ընդդիմությունը՝ առանց հասկանալու, որ այդ գործիքը վտանգավոր է: Նա ասաց, որ ավելի լավ է վերահսկեն ու գործիք ստեղծեն, որ ուրիշի փոխարեն քվեարկությունը բացառվի, քան ընտրացուցակները հրապարակեն:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու. «Այո, Վենետիկի հանձնաժողովը այդպիսի եզրակացություն է արել, բայց Վենետիկի հանձնաժողովը չի իմացել, որ մեր երկրում ընտրությունների օրը արտագաղթը հասցվում է զրոյական մակարդակի: Այո, հարգելով միջազգային կառույցների տեսակետները՝ մենք գտնում ենք, որ ընտրական համակարգի հանդեպ վստահության ինչ-որ մի տոկոս ունենալու համար ընտրացուցակները պիտի հրապարակվեն»:

Ռուբեն Հակոբյանը քննարկման վերջում բարկացած ելույթ ունեցավ՝ ասելով, որ «գիտենք, որ դեմ եք քվեարկելու, ձեզ թվում է քանակով կարող եք ճնշել, քվեարկեք, բայց ձեր վերջը վատ է լինելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031