«Արս լունգա» դուետն իրականացրել է «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» (ՄասI. Ստեղծագործություններ թավջութակի և դաշնամուրի համար) նախագիծը: Ծրագրի ստեղծման և զարգացման գաղափարը եղել և իրականացվել է Արամ Թալալյանի և Ջուլիետա Վարդանյանի կողմից: «Երկու տարի շարունակ աշխատել ենք այս ծրագրի վրա, որը կազմված է 12 ձայնասկավառակից, որն իր մեջ ներառում է 20-21-րդ դդ. 60 հայ կոմպոզիտորների` թավջութակի և դաշնամուրի համար գրված ստեղծագործություններ, որոնք կատարվել և ձայնագրվել են ժամանակակից տեխնիկայի օգտագործմամբ»,-այս մասին այսօր Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում ասաց Ջուլիետա Վարդանյանը:
Արամ Թալալյանն էլ հավելեց, որ շուրջ 3 տարի առաջ, երբ ուսումնասիրում էին կամերային երաժշտությունը, սարսափով էին լցվել, քանի որ ոչինչ գտնել հնարավոր չի եղել և այստեղից էլ առաջացել է այս միտքը. «Սա վաճառքի ենթակա չէ, այն հատկացվելու է միայն խոշոր հաստատություններին, որոնք կարող են գրանցել իրենց բազաներում, ինչպես օրինակ Ամերիկյան համալսարանը: Այն կտրամադրվի նաև բոլոր այն կազմակերպություններին, որոնք կցանկանան մասշտաբայնացնել երաժշտությունը այս կամ այն փառատոնի միջոցով»:
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի համար այսօր տոնական օր է. «37 տարի առաջ գրածս առաջին սոնատը, որը ես գրել և նվիրել էի Լևոն Ներսիսյանին, երբևէ չէր կատարվել և այսօր կարծես կյանքի կոչվեց, որի համար շատ շնորհակալ եմ այս զույգից` այսպիսի մեծ արժեք ներկայացնող աշխատանք կատարելու համար»: Արտիստը հույս հայտնեց, որ Թալալյանի հաջորդ քայլը ևս այսպիսի խենթություն կլինի, վերջինիս ցանկությանն ի պատասխան Արամն ասաց. «Հաջորդ խենթ քայլն արդեն ճանապարհին է, որը կկոչվի «Հայ կոմպոզիտորների տրիոների անթոլոգիա»:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ