Առաջարկողը նրա վաղեմի ընկերն է
Գործարար Ռաֆիկ Մադոյանի սպանության համար ստեղծված հանցավոր խմբի անդամ լինելու մեջ կասկածվող, Տավուշի մարզի Բերդավան գյուղի 43-ամյա բնակիչ, ազատամարտիկ Վարուժան Քարիմյանի երկու տղաները՝ 12-րդ եւ 10-րդ դասարանի աշակերտներ, մայիսի 10-ին իրենց հոր ձերբակալությունից հետո 2 օր դպրոց չեն հաճախել, որից հետո Բերդավանի դպրոցի ուսուցիչները երեխաներին հորդորել են դասերին մասնակցել: Բերդավանի բնակիչները մեզ ասացին, որ մոտ 2 տարի առաջ Վարուժան Քարիմյանը համագյուղացիներին ասել է, որ ազատամարտի տարիներից իր վաղեմի ընկեր Սարգիս Զազյանը(ով եւս կասկածվում է հանցախմբի անդամ լինելու մեջ) իրեն Իսպանիա տեղափոխվելու առաջարկ է արել, որպեսզի ինքն աշխատի Զազյանին պատկանող հյուրանոցում: Վ. Քարիմյանն ասել է, որ ինքը մերժել է Զազյանին, քանի որ իսպաներեն չգիտեր եւ չէր կարող օտար միջավայրում հարմարվել: Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ Ռաֆիկ Մադոյանի հետ անբարյացկամ հարաբերությունների պատճառով Հովհաննես Ղամարյանը դիմել է իր ընկեր Սարգիս Զազյանին եւ Դավիթ Զիրոյանին՝ Մադոյանի սպանությունը կազմակերպելու համար, ինչի դիմաց նրանց խոստացել է 500 հազար ԱՄՆ դոլար եւ առանձնատուն Իսպանիայում: Ըստ նույն հաղորդագրության՝ 2012թ. հոկտեմբերին Սարգիս Զազյանը դիմել է ընկերոջը՝ Վարուժան Քարիմյանին՝ առաջարկելով ամսական 1000 դոլար վճարի դիմաց լրտեսել Ռ. Մադոյանին եւ այդ ծառայության դիմաց Քարիմյանը ստացել է 3000 ԱՄՆ դոլար վարձատրություն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ