Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցականները քննարկում են աշակերտական ինքնակառավարման խնդիրները

Մայիս 21,2013 15:55

Մայիսի 21-ին տեղի ունեցավ աշակերտական ինքնավարության մարմինների առաջին համադպրոցական համաժողովը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող համադպրոցական այս համաժողովի ընթացքում քննարկվեցին ավագ դպրոցների ինքնավարության մարմինների հիմնախնդիրները։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, ողջունելով համաժողովի մեկնարկը, նշեց, որ հիմնադրամը հետևողականորեն համագործակցելու է աշակերտական ինքնավարության մարմինների ներկայացուցիչների հետ։ «Ինքնակառավարումը, ինքնադրսևորումը, ինքնակազմակերպումը դպրոցներում խրախուսվելու են մեր կողմից, և մենք համապատասխան ծրագրերով կփորձենք աջակցել աշակերտական կառույցներին։ Աշակերտական նման կառույցների հիմնական նպատակն աշակերտների շահերի պաշտպանությունն է։ Մենք ցանկանում ենք, որ աշակերտները քաղաքացիական հասարակության մի մասնիկը լինեն ավագ դպրոցներում։ Մեզ պետք են ակտիվ աշակերտներ, ակտիվ երիտասարդներ, ակտիվ մարդիկ»,- ասաց Կարեն Ավագյանը՝ աշակերտական ինքնակառավարման մարմինների կայացումը կարևորելով նաև կրթական բարեփոխումների համատեքստում։

ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը նշեց, որ ավագ դպրոցի հիմնախնդիրների լուծման հարցում մեծ է աշակերտական ինքնակառավարման մարմինների դերը։ «Դուք պետք է օգնեք մանկավարժական կոլեկտիվին, որպեսզի միասին կարողանանք հաղթահարել դժվարությունները»,- ասաց Նարինե Հովհաննիսյանը։

Աշակերտական ինքնավարության մարմինների առաջին համադպրոցական համաժողովին ներկա էին 22 ավագ դպրոցի աշակերտական կառույցների ներկայացուցիչներ, դպրոցների տնօրեններ, հասարակական կազմակերպությունների անդամներ։

Համաժողովի ընթացքում աշակերտները հանդես եկան իրենց ինքնավարության մարմինները ներկայացնող զեկույցներով, բարձրացրին առկա խնդիրները, իսկ միջոցառման ավարտին համատեղ քննարկման արդյունքում նախանշվեցին վերջիններիս լուծման հետագա ուղիները:

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031