Քիչ առաջ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից ՀՀ Արդարադատության նախարարության «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվեց քաղաքագետ Արկադի Վարդանյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ նշված դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանը, դռնփակ դատական նիստ անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացրեց Ա. Վարդանյանի նկատմամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը դիմել էր նշված դատարան, որպեսզի Ա. Վարդանյանը, ով կասկածվում է Ռոբերտ Ավետյանի սպանությունը կազմակերպելու մեջ, որպեսզի տիրանա նրա գույքին, վերցվի երկամսյա կալանքի: Դատավոր Ռ. Ներսիսյանը, խորհրդակցական սենյակից դուրս գալով, բավարարեց քննիչի միջնորդությունը, և Ա. Վարդանյանը քիչ առաջ դատարանից տեղափոխվեց «ԿԳԲ-ի պադվալ»: Գ. Շամշյանը հայտնում է, որ նշված քրեական գործը ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, և այն հարուցվել է 2013թ մայիս 17-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերի (մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով սպանության նախապատրաստություն) հատկանիշներով: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ երեկ՝ մայիսի 20-ին, նշված դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի որոշմամբ էլ երկամսյա կալանքի որոշում է կայացվել Արսեն Ավետյանի նկատմամբ, ով Ա. Վարդանյանի հետ կասկածվում է սեփական հոր սպանությունը նախապատրաստելու մեջ: