Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հայցվորը չունի «գործարար համբավ» եւ չի կարող օգտվել գործարար համբավի պաշտպանությունից

Մայիս 21,2013 15:20

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանի  վարույթում է գտնվում երաժիշտ Սեդրակ Հովհաննիսյանի  հայցն ընդդեմ երաժիշտ Հասմիկ Մանասերյանի, երրորդ անձ ՝ «Առավոտ» օրաթերթի՝ պատվին, արժանապատվությանն ու գործարար համբավին պատճառված վնասի հատուցման մասին հայցը:

Մայիսի 14-ին նշանակվել էր նախնական նիստ, որից հետո դատարանն անցել է դատաքննության փուլի: «Առավոտը» չի մասնակցել նախնական դատական նիստին՝ կապված իր ներկայացուցչի հետ:

Դատաքննությունը նշանակվել է հունիսի 17-ին:

Հիշեցնենք, որ կլարնետահար Սեդրակ Հովհաննիսյանը հայտնել է, որ գրել է 65-ից ավելի երգեր, մի շարք «երգերի երաժշտություն», սակայն, ըստ նրա, իր ստեղծագործությունները «շատանալու» փոխարեն «պակասել են», քանի որ նրանցից մի քանիսը ՝ 8-ը «գրագողության առարկա են դարձել»:

Հայցվորը մինչ այդ դիմել էր Կենտրոն եւ Նորք-մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, վերոհիշյալ 8 ստեղծագործությունների նկատմամբ հեղինակային իրավունքի ճանաչման պահանջով:

«Առավոտը» այս տարվա փետրվարի 14-ին «Հայցվորի փաստաբանը՝ Հ.Մանասերյանին գրագող անվանեց, իսկ Հ.Մանասերյանը հայցվորին՝ խելքդ գցած», հրապարակմամբ անդրադարձել է սույն վեճին:

Հայցվորը պահանջում է պատասխանողներին պարտավորեցնել, առաջին էջում հերքել Ս.Հովհաննիսյանի վերաբերյալ հրապարակված վիրավորանք եւ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները, որպես փոխհատուցում  վճարել նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով  1.000.000 ՀՀ դրամ՝ վիրավորանքի, նվազագույն աշխատավարձի՝ 500 000 ՀՀ դրամի՝ զրպարտանքի համար եւ փաստաբանի վարձատրության գումարը՝ 120  000 դրամի չափով:

Պատասխանող Հասմիկ Մանասերյանի ներկայացուցիչ Արմեն Բաղդասարյանը ներկայացրել է 9 էջից բաղկացած առարկություններ:

Համաձայն այդ առարկությունների, հայցն անհիմն է եւ ենթակա է ամբողջությամբ մերժման:

Պատասխանողը հայցվորից պահանջել է հստակեցնել, թե «Պատասխանողներից ո՞վ է հանդիսանում պատասխանող վիրավորանքի, ով՝ զրպարտության համար»:

Հասմիկ Մանասերյանի ներկայացուցիչ Արմեն Բաղդասարյանը ուշադրություն է հրավիրել նաեւ «գործարար համբավ»- հանգամանքի վրա: Ըստ նրա «հայցվորը չունի գործարար համբավ, քանի որ գործարար համբավը բնորոշ է իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին: Որքան հայտնի է, Սեդրակ Հովհաննիսյանը չի կարող օգտվել գործարար համբավի պաշտպանությունից ՝ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր չլինելու պատճառաբանությամբ»:

Պատասխանողը հղում է կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19 հոդվածի 2-րդ կետին , համաձայն որի, անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից եւ զրպարտությունից օրենքով սահմանված կարգով:

Նախնական պայմանավորվածության համաձայն, դատաքննության ժամանակ «Առավոտի» ներկայացուցիչը կլինի ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գեւորգ Գյոզալյանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031