Դսեղ գյուղի մանկապարտեզում անելիքներ շատ կան. շենքը կիսախարխուլ է, դուռն ու լուսամուտները՝ «դարն ապրած»: Վարդանուշ Թումանյանը, ով մեր այցելության ընթացքում աշխատակիցների հետ խնամում էր նորատունկ վարդերը, շուրջ 2 ամիս առաջ է ստանձնել մանկապարտեզի տնօրենի պաշտոնն ու թողել ուսուցչությունը:
Մեր հարցերին տիկին Թումանյանը լիարժեք պատասխանել չկարողացավ, քանզի այս պաշտոնն իր համար դեռ «փակ էջեր» շատ ունի: Սակայն տնօրենը եկել ու սկսել է իր գործունեությունը. «Հավաքագրել ենք 40-42 երեխա, պետք է նոր խումբ բացվի: Այս պահին հիմնականում 35-37 հաճախող երեխա կա, ունենք 1 դաստիարակ, 2 դայակ, որոնցից մեկը փոխարինող է»,-նշում է մանկապարտեզի տնօրենը:
Վարդանուշ Թումանյանը խոսեց նաև շենքային անբարենպաստ պայմաններից. հատակը, դռներն ու լուսամուտները, սանհանգույցը վատթար վիճակում են, երեխաները ցերեկը չեն քնում՝ համապատասխան մահճակալներ ու քնի պարագաներ չունենալու պատճառով: Չկան խաղալիքներ, առկա է գույքային խնդիր: Սննդի խնդիր չկա: Գյուղապետն էլ, ըստ Վարդանուշ Թումանյանի, սառնարան է նվիրաբերել մանկապարտեզին: Երեխաներն, ի դեպ, սույն հունվարից մանկապարտեզ այցելում են անվճար:
Մանկապարտեզի հետագա ճակատագրի մասին խոսեցինք Դսեղի համայնքապետի տեղակալ Սամվել Անտոնյանի հետ: Անտոնյանը նշեց, որ Ամերիկյան «Քաունթերփարթ» կազմակերպության «Տեղական ինքնակառավարման մարմինների զարգացման դրամաշնորհային ծրագրի» շրջանակներում գյուղի մանկապարտեզին հատկացվել է 10 մլն դրամ, իսկ 4 մլն դրամ հատկացրել է Դսեղի համայնքապետարանը: Ներկայացվել է 2-ից 3 մլն դրամի նոր ծրագիր, որն առաջիկա օրերին պատրաստ կլինի:
Անտոնյանն ասաց, որ 14 մլն դրամի սահմաններում կվերանորոգվի մանկապարտեզի մի մասնաշենքը. այն մասնաշենքը, որը հենց հիմա որպես մանկապարտեզ է ծառայում:
«Հունիսի 1-ից մանկապարտեզում նոր հաստիք կավելացնենք, մեկ խումբը կդառնա երկու: Մանկապարտեզն ի վիճակի է ներկայում ընդունելու երեք խմբի: Եթե ավելի շատ հաճախողներ լինեն, պիտի օգտագործենք մանկապարտեզի մյուս մասնաշենքերը»,-նշում է համայնքապետի տեղակալը: Նա նաև նշեց, որ առաջիկայում կբարեկարգվի մանկապարտեզի խաղահրապարակը, կտեղադրվեն ճոճանակներ, կտնկվեն պտղատու ծառեր. «Որպեսզի երեխան փոքրուց ճանաչի ծառատեսակները»,-նշում է Սամվել Անտոնյանը:
Վոլոդյա Հովսեփյան՝ (mynews.am)