Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմադիր գործիչը դեմ է գազի թանկացումների առիթով սուբսիդավորմանը

Մայիս 21,2013 14:45

Խաչատուր Քոքոբելյանը գտնում է, որ ՌԴ-ի այս քայլին Հայաստանն ավելի կոշտ պետք է արձագանքի

«Իմ կարծիքով՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը շատ բնական եւ տրամաբանական էր, սպասելի: Յուրաքանչյուր քաղաքական ուժ եւ իր ղեկավարն են որոշում, թե որ ուղղությամբ քաղաքականություն տանել: Ավելին՝ ես գտնում եմ, որ շատ լավ եղավ, որ նման հայտարարություն եղավ, քանի որ իմ համոզմամբ՝ հայաստանյան քաղաքական դաշտի այս անառողջ մթնոլորտի թիվ մեկ խնդիրը հենց իմիտացիոն քաղաքականությունն է, որը դեռ շատ ու շատ քաղաքական ուժեր շարունակում են վարել: Գագիկ Ծառուկյանը վեր կանգնեց այդ գործընթացից եւ հայտարարեց, որ իրենք ընդդիմադիր լինելու իմիտացիայով չեն զբաղվում»,- «Առավոտի» հետ զրույցում անցած շաբաթ ծավալված իրադարձությունների վերաբերյալ կարծիք հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը: Մեր զրուցակցի կարծիքով՝ Գագիկ Ծառուկյանի այդ հայտարարությունն ուղղված էր նաեւ այն քաղաքական ուժերին եւ գործիչներին, ովքեր միգուցե սին հույսեր էին կապում այդ գործընթացի հետ. «Իր այդ մեսիջով Ծառուկյանը ցույց տվեց, թե ինչպիսին պետք է լինեն մոտեցումներն ու հարաբերությունները: Կարծում եմ՝ այդ հայտարարությունն ընդդիմադիր դաշտի համար շատ կարեւոր եւ էական էր: Գոնե այն մարդիկ եւ ուժերը, ովքեր համարում են, որ ընդդիմադիր դաշտում են գործում, այսուհետ կպատկերացնեն, թե որ ուժի հետ ինչպիսի քաղաքական հարաբերություններ պետք է ունենան»: Խաչատուր Քոքոբելյանը կարծում է, որ Ծառուկյանի հայտարարությունը շատ հստակ էր, եւ մեկնաբանությունների խնդիր չկա, բայց չի կարծում, որ այս զարգացումների արդյունքում ՀԱԿ-ը քաղաքական լուսանցք կարող է մղվել: «Անկախ ամեն ինչից՝ ես գտնում եմ, որ ՀԱԿ-ը ընդդիմադիր քաղաքական դաշտում գործող ուժ է: Այլ խնդիր է, թե որ հարցի նկատմամբ մոտեցումների եւ պատկերացումների ինչ տարբերություններ կան՝ սկսած աշխարհաքաղաքական, վերջացրած ներհայաստանյան: Այո, ժամանակին՝ դեռ ՀԱԿ-ը կուսակցություն չդարձած, մենք ՀԱԿ-ի հետ տարաձայնություններ ունեցել ենք հենց այդ ստրատեգիական հարցերի վերաբերյալ, մինչեւ այսօր էլ տարբեր մոտեցումները կան: Ինչեւիցե, ՀԱԿ-ն ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական ուժ է, ու չեմ ցանկանում ավելին խոսել այդ խնդիրների մասին, հատկապես, որ իրենք առիթ ունենում են անընդհատ մեկնաբանելու, եւ հասարակությունը հասկանում է, թե ով ինչ է անում: Կարծում եմ, որ մեր քաղաքական դաշտում ընդդիմության հետագա գործունեության նոր ռազմավարության ու մեթոդաբանության կարիք կա»:

Մեր զրուցակիցն այս պահի կարեւորագույն խնդիրը համարում է գազի գնի թանկացումը, եւ դա, իր պնդմամբ, բնավ էլ տնտեսական խնդիր չէ, այլ խիստ քաղաքական: Սակայն չի կարծում, թե դա Հայաստանում կարող է սոցիալական բունտ հասունացնել, ինչպես պնդում են որոշ վերլուծաբաններ. «Բազում առիթներ եղել են եւ այսօր էլ կան, որ բավարար պայմաններ են եղել, որպեսզի սոցիալական ընդվզումներ լինեին: Հասարակությունն իր դժգոհությունն արտահայտել է, բայց բունտի դա երբեք չի վերածվել: Միգուցե կառավարությունը հենց դա մեղմելու համար գնաց սուբսիդավորման, բայց ես գտնում եմ, որ դա հարցի լուծում չէ: Դա կատարվում է հարկատուների գումարների՝ պետական հավաքագրված միջոցները Հայաստանում բնակվող ՀՀ քաղաքացիների հարկամասնաբաժիններից առաջացած գումարներ են, փաստորեն, դա նորից հասարակության հաշվին է արվում: Պետք չէ աչքակապությամբ զբաղվել, թեպետ, այո, շատ ընտանիքների սոցիալական բեռը թեթեւացնելու խնդիր կա: Կարծում եմ՝ սուբսիդավորումը թեեւ որոշ սոցիալական շերտի համար շատ օրախնդիր եւ անհրաժեշտ է, բայց ընդհանրապես պետք չէր անել: ՀՀ-ն շատ սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկիր է, եւ կուտակված տարբեր սոցիալական հարցեր կան լուծելու»,- ասաց Խաչատուր Քոքոբելյանը՝ չբացառելով, որ գազի թանկացումը պայմանավորված էր ՀՀ իշխանությունների՝ որոշ հարցերում «ընկրկումների չգնալով»: Նա գտնում է, որ ՌԴ-ն այսպիսով պատժում է Հայաստանին՝ Եվրասիական միության հետ կապված դիրքորոշումների համար: Լինելով ընդդիմադիր գործիչ՝ Քոքոբելյանը ողջունում է իշխանությունների ադ պահվածքը եւ հուսով է, որ պաշտոնական Երեւանն այս առիթը կօգտագործի, եւ պատկան պաշտոնյաները ավելի հստակ կգործեն Ասոցացման համաձայնագրի ստորագրման ուղղությամբ: Նա ողջունում է նաեւ «պատասխանատու պաշտոնյաների» լռությունը Հայաստանի՝ Եվրասիական միությանն անդամակցելու հավանական եւ հնարավոր տարբերակների շուրջ: «Ճիշտ է, այդ մասին չեն խոսում այն մարդիկ, ովքեր այդ գործընթացի մեջ են, բայց ըստ իս՝ անհնար է, որ դրանք միմյանց հետ կապ չունենան, եւ այս ժամանակահատվածում գազի գնի այսչափ բարձրացման հայտարարություն հնչեր»,- կարծում է ընդդիմադիր գործիչը: Նա գտնում է, որ գոնե այժմ Հայաստանը պետք է ակտիվացնի այլընտրանքային էներգետիկ աղբյուրների փնտրտուքը. «Դեռ այն ժամանակ, երբ Իրանից Հայաստան էր բերվում խողովակաշարը, առիթ ունեցել եմ այդ մասին խոսելու: Բայց, դժբախտաբար, կառավարության չգիտակցված որոշումով խողովակի տրամաչափը փոքրացվեց: Դա հենց ապացույցն էր նրա, որ Հայաստանին զրկում են այլ տեղից գազ ստանալու հնարավորությունից»:

Ինչեւէ, Խաչատուր Քոքոբելյանի կարծիքով՝ դեռ ամեն ինչ կորած չէ: Նա հորդորում է ՀՀ իշխանություններին եւ հասարակությանը, որպեսզի ուժ գտնեն իրենց մեջ, ընդհուպ մինչեւ աստիճանաբար ռուսական գազից հրաժարվելու համար. «Հայաստանը պետք է ի զորու լինի մեկընդմիշտ ոչնչացնելու այս գործիքը: Մենք մեծ խնդիրներ ունեցող երկիր ենք եւ պետք է կարողանանք մեր տնտեսական կախվածության հարցը լուծել: Ես խնդիր չունեմ Ռուսաստանի պետության հետ, բայց շատ մտահոգ եւ անհանգստացած եմ Հայաստանի՝ իմ պետության համար, մեր ազգային անվտանգության խնդիրների համար: Որեւէ պետության համար ՀՀ-ն չպետք է պլացդարմ դառնա»: Նա կարծում է, որ նման կտրուկ քայլերը Ռուսաստանին կմղեն մոտեցումները վերանայելու, քանի որ, այնուհանդերձ, շուկա են կորցնում, եւ միաժամանակ պետք է մտորել իրանական գազը Հայաստան հասցնելու ուղղությամբ: «Հայաստանը նույնիսկ տարանցիկ երկիր կարող է լինել իրանական գազի համար: Ամենապարզ հաշվարկները վկայում են, թե ինչքան վնաս կարող է հասցվել մեր երկրին այս ռուսական գործընթացից, ու կառավարությունը պետք է մտածի ոչ թե սուբսիդավորման, այլ ստեղծված իրավիճակը շտկելու մասին»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031