Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Երեւալ հայրենասեր ու ազգայնական, նվագել քաղքենիական լարերի վրա»

Մայիս 21,2013 14:39

Ըստ Արիֆ Յունուսովի՝ եթե Ադրբեջանի նախագահը շրջանառվող օրինագիծն ընդունի, լուրջ հարված կհասցնի ԼՂ խնդրի կարգավորմանը:

Անցյալ շաբաթվա վերջին ադրբեջանական գործակալությունները ցնցող տեղեկություն հայտնեցին: Պարզվում է՝ շրջանառության մեջ է «Ադրբեջանի Հանրապետության օկուպացված տարածքների մասին» օրինագիծը, որի 7-րդ հոդվածում մի խիստ ուշագրավ դրույթ կա. «Ադրբեջանի քաղաքացին, ով կհամագործակցի Հայաստանի որեւէ կառույցի կամ կազմակերպության հետ՝ մինչեւ կորսված տարածքների ամբողջական վերադարձը, կենթարկվի քրեական պատասխանատվության»:

Այդ նոր օրինագծում ասվում է, որ Ադրբեջանի քաղաքացիները (բացառությամբ կենտրոնական գործադիր կառույցների ներկայացուցիչների, որոնք մասնակցում են Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացին եւ դիվանագիտական առաքելությունների ու անձանց, որոնք համապատասխան լիազորություններ են ստացել խորհրդարանի որոշմամբ), ովքեր կհամագորակցեն Հայաստանի պետական եւ ոչ պետական կառույցների, դատական ու օրենսդիր մարմինների, կուսակցությունների, հասարակական միավորումների, ԶԼՄ-ների, պետական ու մասնավոր, կոմերցիոն եւ ոչ կոմերցիոն ձեռնարկատիրական օբյեկտների ու դրանց ներկայացուցիչների հետ, կենթարկվեն քրեական պատասխանատվության՝ համաձայն Ադրբեջանի Հանրապետության Քրեական օրենսգրքի: Նախատեսվում է, որ առաջիկայում օրինագիծը կդրվի Ադրբեջանի խորհրդարանի քննարկմանը:

Ինչպես երեւում է, Ադրբեջանի իշխանությունները՝ ի դեմս նախագահ Իլհամ Ալիեւի, առաջիկա ընտրություններից առաջ նոր թափով են լծվել «ազգայնական» տրամադրություններին եւ շարունակում են կոնկրետ քայլերի դիմել: Թե ինչ հետեւանքներ կունենա այդ նախագիծը Ադրբեջանի հեղինակության վրա՝ որպես բանակցային կողմի, իհարկե, այդ երկրի իշխանավորների գործն է, բայց դժվար չէ պատկերացնել, որ հայկական կողմի համար դա կլինի եւս մեկ հաղթաթուղթ՝ Ադրբեջանի ղեկավարության անհանդուրժողականության եւ ապակառուցողական դիրքորոշումը շեշտելու ուղղությամբ:

Ադրբեջանցի ընդամենը մի քանի քաղաքական-հասարակական գործիչներ կան, որոնք չնայած իրենց երկրում գերիշխող բացասական տրամադրություններին՝ այնուամենայնիվ, հազվադեպ, բայց այցելում են Հայաստան, մասնակցում են տարբեր միջազգային համաժողովների, հարցազրույցներ են տալիս հայաստանյան լրատվամիջոցներին: Նրանցից մեկը Բաքվի Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտաբանության եւ միգրացիայի բաժնի ղեկավար Արիֆ Յունուսովն է, ում «Առավոտ»-ը դիմեց՝ պարզաբանում ստանալու ակնկալիքով։ Նրան հարցրինք, թե ի՞նչ նպատակ է, այսպիսով, հետապնդում Ադրբեջանի իշխանությունը՝ այդ օրինագիծը շրջանառության մեջ դնելով: Քաղաքագետը նկատեց, որ Ադրբեջանի խորհրդարանի համար նախապատրաստվող այդ փաստաթղթի հիմքում ընկած են աշնանը կայանալիք նախագահական ընտրությունները: «Գաղտնիք չէ, որ ընտրական փուլերում քաղաքական գործիչները ձգտում են ավելի հայրենասեր եւ ազգայնական երեւալ եւ նվագել քաղքենիական լարերի վրա: Եվ այդ ապագա որոշումը քաղքենիների համար բավական լավ հնարավորություն է քաղաքական կապիտալ կուտակելու: Նախագահի կողմից Ռամիլ Սաֆարովի հերոսացման եւ Աքրամ Այլիսլիի դեմ պատմությունների հիմքը նույնպես այդ հարթությունում է։ Դրանց բոլորի հիմքը մեկն է՝ դրանք դրական արձագանքի են արժանանում հենց քաղքենիների մոտ, որոնք իրենց համարում են հայրենասերներ: Իսկ այն, որ դրա արդյունքում երկրի վարկանիշն է տուժում, քաղաքական գործիչներին առանձնապես չի մտահոգում՝ ինչպես տվյալ պարագայում»։

Արիֆ Յունուսովը կանխատեսեց, որ եթե նման որոշում ընդունվի եւ կարեւորը՝ Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրվի, ապա դա լուրջ հարված կհասցնի Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: «Դժվար է պատկերացնել, որ հայկական կողմը կգնա լուրջ բանակցությունների նման իրավիճակում: Իրականում նման որոշումից հետո նոր իրավիճակ կստեղծվի ընդհանրապես տարածաշրջանում։ Կասկած չունեմ, որ դրանից հետո լարվածության մեծացում կարձանագրվի՝ նախ տեղեկատվական ոլորտում, ապա, հնարավոր է նաեւ, շփման գծում: Ամեն դեպքում որեւէ լավ բան չեմ ակնկալում»,- եզրափակեց ադրբեջանցի քաղաքագետը:

«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով մեր հարցին, թե այս քայլը կարելի՞ է Ադրբեջանի նախընտրական փուլով պայմանավորել, նշեց, որ միանշանակ կարելի է կապել ներքաղաքական գործընթացների եւ մասնավորապես՝ ընտրությունների հետ: «Իլհամ Ալիեւը փորձում է ցույց տալ, այսպես կոչված, վճռականություն այս հարցում, բայց իրականում դա հուսահատության նշան է, որովհետեւ ադրբեջանական կողմը բազմիցս նշել է, որ փորձում է օգտագործել վրացական փորձը՝ նմանատիպ օրենք ընդունելով։ Սակայն հայտնի է, որ վրացական փորձը ավելի քան անհաջող էր, եւ այս պահին վրացական իշխանությունները նույնիսկ ստիպված են վերանայել համապատասխան օրենքը, ավելի են մեղմացնում այն, որովհետեւ հասկանալի է, որ բացի վնասից՝ որեւէ օգուտ չի բերել։ Պարզ է, որ Ադրբեջանի դեպքում դա նույն ճակատագրին կարժանանա, ինչը եղավ Վրաստանի դեպքում»,- նկատեց մեր զրուցակիցը:

Ս. Մինասյանի փոխանցմամբ՝ այս քայլը նաեւ վկայում է այն մասին, որ Ադրբեջանը հույսը կորցրել է այլ եղանակներով ազդեցություն թողնելուց եւ այսպիսի ինքնամեկուսացման քայլի է գնում, իսկ այն փաստաթուղթը, որը շրջանառության մեջ է դրվել՝ փաստացի գործում է առնվազն վերջին տասը տարիներին: «Բացառությամբ մի քանի ադրբեջանցիների, որոնց մենք ճանաչում ենք, Հայաստան ուրիշ փորձագետներ չեն այցելում, մյուս փորձագետներն ու լրագրողները իրենց վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ չեն էլ թաքցրել, ադրբեջանցիները տարբեր մակարդակներով խուսափում են որեւէ շփում ունենալ հայկական կազմակերպությունների հետ: Այնպես որ՝ փաստացի ոչինչ չի փոխվել: Բայց այն, որ փորձում են իրավական հիմք ստեղծել դրա համար, դա ավելի է բարդացնելու ադրբեջանական կողմի գործը: Այս հարցով Ադրբեջանը թիրախ կդառնա՝ արժանանալով նաեւ միջազգային կառույցների քննադատությանը, իսկ դա հայկական կողմի օգտին է՝ այն առումով, որ Սաֆարովի արտահանձնումից հետո հասկանալի է, որ հայկական կողմից ոչ ոք միակողմանի զիջումներ չի պահանջի եւ չի ակնկալի»:

Հայկական կողմի փաստարկներին կավելանա եւս մեկը՝ կարծում է քաղաքագետը: «Ադրբեջանական կողմը խոսում է հաշտեցման մասին, փոխզիջումների մասին, մինչդեռ քայլեր է իրականացնում, որոնք ընդհանրապես հասարակական կազմակերպությունների մակարդակով լիովին կասեցնելու են կողմերի մերձեցման հնարավորությունները: Սաֆարովի գործից հետո այն փաստարկները, որոնք ստացել էր հայկական կողմը, հիմա ավելի հիմնավոր կդառնան: Արտաքին քաղաքական դաշտում Ադրբեջանի նախագահը բացասականից բացի՝ ոչինչ չի ստանալու, իսկ ներքաղաքական առումով՝ գուցե, բայց սա փաստում է այն մասին, որ ներքաղաքական դաշտում գործընթացները իր համար այնպիսին են, որ նա ստիպված է այսպիսի քայլերի դիմել»,- նկատեց Սերգեյ Մինասյանը:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031