Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ավագանու որոշումներից մեկը կրակն է գցել Գյումրու քաղաքապետին

Մայիս 21,2013 14:33

Սամվել Բալասանյանը ներողություն է խնդրում ազատամարտիկներից

Ապրիլի 30-ին Գյումրու ավագանին, արտահերթ նիստ հրավիրելով, որոշել էր մայիսյան տոների կապակցությամբ որոշակի դրամական օգնություն հատկացնել Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների, զոհված կամ մահացած զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաեւ Արցախյան պատերազմի 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցող ազատամարտիկներին, Հայրենական մեծ պատերազմի վետերաններին ու 1956թ.-ի հոկտեմբերին Հունգարիայի հեղաշրջման ճնշմանը մասնակից վետերաններին: Սակայն գումարը ոչ բոլորին էր հասել, մասնավորապես՝ այդ ցանկից դուրս էին մնացել 2-րդ ու 3-րդ կարգի հաշմանդամ ազատամարտիկները, իսկ մնացածներին 6 միլիոն դրամ ընդհանուր գումարից տրվել էր 20 հազարական դրամներ:

Այս պատմությունը ոչ միայն վրդովեցրել էր հաշմանդամ ազատամարտիկներին, այլեւ Գյումրու ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանին, ով ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Հենց նիստի ժամանակ՝ մինչեւ քվեարկելը, ես հատուկ հարց տվեցի, թե քանի՞ հոգի են այդ խմբերը: Բոլորի ներկայությամբ ավագանու անդամներին եւ քաղաքապետին բացատրվեց հետեւյալը, թե Հայրենական պատերազմի վետերանները 100 հոգի են, զոհված ազատամարտիկների ընտանիքները՝ 106, Արցախյան ազատամարտի 1-ին, 2-րդ, 3-րդ կարգերի բոլոր հաշմանդամ ազատամարտիկները՝ 309: Բոլորս միաձայն կողմ քվեարկեցինք: Տղերքից մեկն էլ արագ 6 մլն դրամը բաժանեց 515-ի եւ ասաց, թե յուրաքանչյուրին 11.650 դրամ է հասնելու: Հիմա այս պատմությունը ես մեծ խայտառակություն եմ համարում. քիչ է՝ քաղաքացիների մի մասը չեն ստացել մեր որոշմամբ հաստատված օգնությունը, նաեւ ինքնիրավչություն է իրականացվել, ակնհայտորեն եւ դիտավորյալ խախտել են Գյումրու տեղական իշխանության կամքն ու որոշումը: Սա ինքնագլխություն է, քանի՞ գլխանի են նրանք, ովքեր որոշել են ավագանու որոշում փոխել: Դե, միանգամից մեր փոխարեն ձեր ուզած որոշումները կայացրեք, պրծնենք, էլ ինչո՞ւ ենք գալիս, քննարկում, բան որոշում, սա ծաղր է մասնավորաբար իմ հասցեին: Հատկանշական է նաեւ, որ այդ որոշումը արտահերթ նիստում ընդունվեց՝ ապրիլի 30-ին, որովհետեւ առջեւում տոներն էին, ու այդ գումարը մինչեւ մայիսի 9-ը պիտի հատկացվեր, սակայն պարզվում է՝ հատկացումն էլ է ուշացվել: Հիմա շարունակությանը նայեք: Ավագանու որոշումը կա, այն ոչ ոք չի փոխել, Գյումրու քաղաքապետարանը պարտավոր է ինչ-որ անհասկանալի աղբյուրից գումար հատկացնել եւ վճարել նաեւ Արցախյան ազատամարտի 2-րդ ու 3-րդ կարգի հաշմանդամներին, եւ դա չի կարող անել Գյումրու բյուջեից, որովհետեւ այնտեղից արդեն ծախսել է 6 մլն դրամը, որ որոշել էինք: Բացի այդ, եթե գումարը ճարի, մյուսներին հատկացնելու է ոչ թե 11.650-ական դրամ, այլ 20.000 դրամ, որովհետեւ խտրականություն կլինի, հո չի՞ կարող մյուսներից 8350-ական դրամը հետ հավաքել»:

Լեւոն Բարսեղյանը պատշաճ բացատրություն էր պահանջել Գյումրու քաղաքապետարանից այս պատմության կապակցությամբ: Շաբաթ օրը՝ Թանգարանների միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ, այս թեմայի շուրջ լրագրողներին որոշակի պարզաբանումներ ներկայացրեց նաեւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, որը բառացիորեն ներողություն խնդրեց ազատամարտիկներից տեղի ունեցածի համար: «Մի քիչ թյուր կարծիք է առաջացել մեր ազատամարտիկների մոտ, տեսեք՝ ինչ է ստացվել. հիմա մենք ավագանու որոշմամբ 6 միլիոն դրամ տրամադրեցինք կատեգորիաներին՝ Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներ, զոհված ազատամարտիկների ընտանիքներ, առաջին կարգի հաշմանդամներ եւ նաեւ խաղաղ պայմաններում զոհված ազատամարտիկների ընտանիքներ: Չորս կատեգորիան արդեն ստացել է, նույնիսկ այն մարդիկ, որոնք հաշմանդամներ են 1-ին կարգի եւ չեն կարողացել գալ-ստանալ, մենք անձամբ մոտ 100 ընտանիքի այդ գումարը տարել-տվել ենք հենց իրենց բնակարաններում: Մենք այս պահին ցուցակներ ենք ճշտում, որպեսզի մայիսի 28-ին, որը նույնպես տոն է մեզ բոլորիս համար, անպայման էդ հարցին լուծում տանք: Գիտեք, որ եթե միջոցները չեն հերիքում, ես իմ աշխատավարձն եմ տալիս համապատասխան ֆոնդերին: Ցուցակները նորից ենք ճշտում, որովհետեւ քաղաքապետ լինելուց հետո ես բոլոր տեսակի հաշվառումները ճշտում եմ, եթե թյուրընկալում է եղել, ես ներողություն եմ խնդրում դրա համար, որովհետեւ մենք կատարելու ենք մեր որոշումը, որը ընդունել ենք: Մինչեւ մայիսի 28-ը կհստակեցնենք, բոլորին կիրազեկենք, եւ մեր հնարավորության չափով իրենց գումարները կստանան: Այստեղ որեւէ խնդիր չկա, պարզապես 6 միլիոն գումարը բավարարեց մարզպետարանի ուղարկած ցուցակով նախատեսված քանակին»,- ասաց քաղաքապետը: Նա նաեւ ասաց, որ մարզպետարանը իր ցուցակն էր ուղարկել, զինկոմը՝ իրենը, քաղաքապետարանը եւս ուներ հին ցուցակ, հիմա էլ փորձում են այս մարդկանց ցանկը ճշտել ԵԿՄ-ի միջոցով, որպեսզի մյուս տարիներին չսխալվեն ու նման անհարմար պատմության մեջ չընկնեն:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031