Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտի» եւ «Հայկական ժամանակի» դեմ վերաքննիչ բողոքը կլսվի վաղը

Մայիս 21,2013 14:31

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը, Գոհար Մատինյանի նախագահությամբ, վաղը կլսի «Առավոտ» եւ «Հայկական ժամանակ» օրաթերթերի գործով Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի այս տարվա մարտի 7-ի վճռի դեմ  թոշակառու, նախկինում 9 տարվա ազատազրկման դատապարտված Ռազմիկ Աբրահամյանի բերած վերաքննիչ բողոքը: Բողոքաբերը գտնում է, որ առաջին ատյանում խախտվել են իր նյութական եւ դատավարական իրավունքները:

Ռազմիկ Աբրահամյանը դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ «Առավոտ» եւ «Հայկական ժամանակ» օրաթերթերի՝ պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող, բարի համբավն արատավորող սուտ տեղեկություններ տարածելու համար նյութական, դրամական և բարոյական վնասը՝ 4.000.000 ՀՀ դրամի չափով, բռնագանձելու պահանջներով։ Դատաքննության ժամանակ հայցվորը հրաժարվել էր հայցագնից, պահանջելով հընթացս յուրաքանչյուր լրատվամիջոցից մեկական միլիոն դրամի փոխհատուցում:
Ի դեպ, ըստ Ռ.Աբրահամյանի, «Առավոտը» 2003 թ. սեպտեմբերին տպագրել է «ակնհայտ կեղծ հոդված»` «Պեդոֆիլը կստանա՞ 2 տարի», իսկ  «Հայկական ժամանակն» էլ դարձյալ սեպտեմբերին «կեղծ հոդված»` «62-ամյա պեդերաստը խոստովանել է իր մեղքը» վերնագրերով։
Ինչպես «Հայկական ժամանակը», այնպես էլ «Առավոտը» առարկել էին հայցապահանջի դեմ, նշելով , որ հայցային վաղեմության ժամկետը դեռևս 2006 թվականին լրացել է, ինչի հիմքով խնդրել էին կիրառել հայցային վաղեմության ժամկետ և հայցը մերժել։
Դատարանը հղում էր արել ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածին, համաձայն որի. «Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք…Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից։ Լրատվամիջոցների և տեղեկատվության այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է», իսկ ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածի համաձայն էլ. «Մարդու և քաղաքացու՝ Սահմանադրության 27 հոդվածով…ամրագրված հիմնական իրավունքները և ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար:

Ընդհանուր իրավասության դատարանն իրավական հիմնավորումների ժամանակ հղում էր արել նաեւ Եվրոպական կոնվենցիային, ԵԴ նախադեպային որոշումներին, անգամ գտել էր, որ «լրագրողական ազատությունը ներառում է որոշակի աստիճանի չափազանցության և նույնիսկ սադրանքի դիմելու հնարավորություն և այդ իմաստով Կոնվենցիայի 10-րդ հոդվածը պաշտպանում է ոչ միայն տեղեկությունների և գաղափարների բովանդակային մասը, այլ նաև դրանց մատուցման եղանակը («Պրագերն ու Օբերշլիկն ընդդեմ Ավստրիայի», թիվ 15974/90, 26/04/1995, ՄԻԵԴ, պարբ. 38, «Դե Հաեսն ու Գիյսելսն ընդդեմ Բելգիայի», թիվ 19983/92, 24/02/1997, ՄԻԵԴ, պարբ. 48, «Չեմոդուրովն ընդդեմ Ռուսաստանի», թիվ 72683/01, 31/07/2007, ՄԻԵԴ, պարբ. 19, «Շաբանովն ու Տրենն ընդդեմ Ռուսաստանի», թիվ 5433/02, 14/12/2006, ՄԻԵԴ պարբ.):

Ընդհանուր իրավասության դատարանի վիճարկվող վճռի համաձայն, «նշված հոդվածները տպագրելու պահին, տեղեկությունները համապատասխանել են իրականությանը, քանի որ նշված տեղեկությունները պատասխանողները ստացել են նշված քրեական գործի նախաքննությունն իրականացնող մարմնից, հետևաբար տվյալ դեպքում դրանք չէին կարող արատավորել հայցվորի պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը»։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031