Լրահոս
Օրվա լրահոսը

Խուդյանի ընկերության թալանի գործով փորձաքննությունը դեռ չի ավարտվում

Մայիս 21,2013 14:29

Փորձագետները ՀՔԾ քննիչին են սպասում

Ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի կողմից հիմնադրված եւ նրա «գործընկերների» ջանքերով կանխամտածված սնանկության տարված «Արին կապիտալ» ներդրումային ընկերության վերաբերյալ քրեական գործով այս պահին ՀՀ փորձաքննությունների ազգային բյուրոյում գտնվող համալիր փորձաքննությունը դեռեւս ավարտին չի հասնում: Նշանակված դատահաշվապահական, շինարարատեխնիկական, ապրանքագիտական բնույթի փորձաքննությունն ավարտին հասցնելու համար այս պահին պահանջվում են ընդամենը մի քանի փաստաթղթեր, որոնք գտնվում են ՀՔԾ քննիչ Արամ Գրիգորյանի ենթակայության տակ:

«Հարկային գործի հետ կապված ամեն բան ուսումնասիրված է եւ առկա է բազայում: Այս պահին ինձ առաջին հերթին հետաքրքրում է, թե քանի տուժած քաղաքացի կա, յուրաքանչյուրից ինչքան գումար է վերցվել, եւ այդ հատկացված գումարները պետք է համեմատվեն մեզ մոտ ուսումնասիրված հարկային գործում առկա տվյալների հետ եւ տեսնենք՝ լրիվությամբ իրենց հաշվետվություններում ցույց են տվել ամեն բան, թե ոչ: Քննիչը ինձ պետք է տա ինֆորմացիա այն մասին, թե քննությամբ պարզվել է, որ այսքան քաղաքացիներ, այսքան գումար են տվել շենքին: Մենք արդեն միջնորդություն ենք գրել քննիչ Արամ Գրիգորյանին՝ քրեական գործի պահանջի վերաբերյալ, իհարկե՝ նա զուգահեռ քննություն է տանում, սակայն այդ գործից մեզ հետաքրքիր է տուժած գնորդների մասը, ինչպես նաեւ մասնագիտական շինարարական մի քանի հարցեր կան»,- ասում է բյուրոյի փորձագետ Վասիլ Առուստամյանը:

Նրա խոսքով, քննիչի կողմից քրեական գործը իրենց հանձնելուց հետո արդեն պարզ կլինի, թե շենքում բնակարան ձեռք բերելու համար քանի քաղաքացի է գումարներ տվել եւ նախնական պայմանագրեր կնքել, այդ գումարները կճշգրտվեն անմիջապես ու կհամեմատվեն հարկային հաշվետվությունների հետ ու պարզ կդառնա, թե հաշվետվություններում ինչքանն են պակաս ցույց տվել:

Ըստ փորձագետի, երկրորդ փուլում, արդեն այդ հավաքագրված տվյալներից ելնելով, իրենց համար պարզ կդառնա, թե այս ընթացքում ինչքան ծախս է կատարվել շենքի վրա, որ ներդրողի ներդրումներով ինչ է կատարվել: «Եվս մեկ անգամ շեշտում եմ, որ մեր այս փորձաքննությամբ հիմնականում ճշտվելու են հարկային հաշվետվությունները, ինչքան են ցույց տրվել, ինչքան են եղել, ինչքանն են պակաս ցույց տրվել, ինչքան հարկեր են այստեղ հաշվարկված, հաշվարկվածի որ մասն է մուծված, որ մասը չմուծված, ինչքան քաղաքացիների գումարներ են վերցվել, ինչքան քաղաքացի է դուրս մնացած տներից ու այդ եղած այսօրվա դրությամբ առկա շենքի վրա ինչքան ծախս է կատարվել եւ եթե հնարավոր լինի ասել, թե այդ ծախսի որ մասը ում ներդրած գումարների հաշվին է կատարվել: Իսկ այդ ամենի համար մենք սպասում ենք քննիչից փաստաթղթերին»,- ամփոփում է փորձագետը:

Իսկ ապրանքագետ-փորձագետ Հրանտ Ավետիսյանի խոսքով՝ իրենք միջնորդություն են ներկայացրել ՀՔԾ քննիչ Արամ Գրիգորյանին, որպեսզի իրենց տրամադրեն բոլոր քաղաքաշինական փաստաթղթերը, որոնք առնչվում են շենքի կառուցման հետ. «Դա նույնպես այդքան հեշտ խնդիր չէ, որովհետեւ դրանք փաստաթղթեր են, որոնք սկսում են դեռ շենքի հողհատկացումից, հարցադրումների ցանկը շատ մեծ է, եւ համապատասխան հետազոտություններ են պահանջվում, ընդ որում՝ հնարավոր է ոչ բոլոր փաստաթղթերը տեղում լինեն: Քննիչն իր հերթին պետք է այդ փաստաթղթերը վերցնի քաղաքապետարանից: Երբ դրանք արդեն մեզ մոտ լինեն, մենք կուսումնասիրենք եւ մեր մասով անելիքը կվերջացնենք»:

Փորձաքննությունների ազգային բյուրոյի փորձագետը կրկին վստահ է, որ հնարավորինս սեղմ ժամկետում կավարտեն փորձաքննությունը:

Հիշեցնենք, որ նշված համալիր փորձաքննության նշանակման վերաբերյալ գործը նախկինում վերահսկած դատախազ Լեռնիկ Հովհաննիսյանը մեզ տեղեկացրել էր դեռ անցյալ տարվա նոյեմբերի սկզբին: Իսկ ավելի կոնկրետ՝ սփյուռքահայ գործարարի տուժող ճանաչվելու հայցով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում կայացած վերջին դատավարությանը դատախազը հայտարարել էր, որ նախորդ տարվա հոկտեմբերի 18-ի դրությամբ համալիր փորձաքննություն է նշանակված, որի եզրակացության պատրաստ լինելուց հետո միայն հնարավոր կլինի գործում կասկածյալ կամ մեղադրյալ ունենալ, կամ գուցե եղած հոդվածներին եւս մի քանիսը ավելացնել: Հետաքրքիր է, սակայն, որ Փորձաքննությունների ազգային բյուրո գործը մուտք է արվել ընդամենը նախորդ տարեվերջին ու չնայած դատախազի հայտարարություններից անցել է արդեն 4 ամիս, Փորձաքննությունների ազգային բյուրոն դեռ միայն հունվարին է սկսել գործի քննությունը, քանի որ այդ ժամանակ է գործն իրենց մոտ մուտք արվել:

Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության

նախաձեռնող խումբ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031