ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը պատասխանել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանի գրությանը:
Հիշեցնենք, որ Էլինար Վարդանյանը գրություն էր ուղարկել Կարեն Անդրեասյանին՝ կոչ անելով վերանայել ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության գրությունը: Կարեն Անդրեասյանը գրությամբ նշել է, որ բողոքը չպետք է քննարկվի: «Համաձայն Մարդու իրավունքների պաշտպանի մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի՝ պաշտպանը չի քննարկում այն բողոքները, որոնք պետք է լուծվեն միայն դատական կարգով,- պատասխան գրությամբ նշել է Կ. Անդրեասյանը եւ շարունակել,- ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով Մարդու իրավունքների պաշտպանի մասին ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով՝ որոշեցի, որ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանի կողմից հասցեագրված՝ Ս. Հակոբյանի բողոքը չքննարկել»:
Հիշեցնենք, որ Էլինար Վարդանյանը կոչ էր արել Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, որ վերանայեր ՄՊԾ-ի պատասխան գրությունը եւ միջոցներ ձեռնարկեր այդ ուղղությամբ: ՄՊԾ-ի կողմից՝ Էլինար Վարդանյանին ուղղված պատասխան գրության մեջ նշված էր, որ. «ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայությունը «Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքով իրեն վերապահված համապատասխան պարտադիր լիազորությունների շրջանակներում եւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի 30 եւ 34-րդ հոդվածներով սահմանված դրույթների համապատասխան՝ իր նախաձեռնությամբ 16.01.2012թ. հարուցել է վարչական վարույթ՝ Հայաստանում Ս. Հակոբյանի փախստականի կարգավիճակ ունենալու հիմքերը վերանայելու համար: Իրականացված վարչարարության արդյունքում 20. 01. 2012թ. ընդունվել է թիվ Մ-151/12-Փ որոշումը՝ Ս. Հակոբյանի փախստականի կարգավիճակը դադարեցնելու մասին, որը նա բողոքարկել է դատական կարգով:
Վարչական դատարանի 25.07.2012թ. վճռով հայցը մերժվել է: Նշված վճռի դեմ Ս. Հակոբյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը վարչական վերաքննիչ դատարանի 13.12. 2012թ. որոշմամբ նույնպես մերժվել է: Տվյալ որոշումը սահմանված ժամկետում չի բողոքարկվել եւ մտել է օրինական ուժի մեջ»: Այդ գրությունը վերանայելու կոչ էր արել Էլինար Վարդանյանը՝ Մարդու իրավունքների պաշտպանին, որն էլ իր հերթին հասցեագրված բողոքը համարել է քննարկման ոչ ենթակա:
Կարդացեք նաև
Հարկ ենք համարում տեղեկացնել, որ փախստականների կարգավիճակի դադարեցման հարցերով՝ «Առավոտը» հանդիպում էր ունեցել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանի հետ, որն էլ իր հերթին փորձեց շտկել առաջացած խեղաթյուրված վիճակը, սակայն, թերեւս, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը համարեց, որ բողոքը քննարկման ենթակա չէ:
ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ