Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահի փողկապը միշտ թեքված է

Մայիս 21,2013 14:23

Թառլոյան եղբայրների կարծիքը՝ ՀՀ եւ Ֆրանսիայի պաշտոնյաների ու նրանց տիկնանց մասին

Փարիզի բարձր նորաձեւության ակադեմիայի 16 իսկական անդամներից (այդ թվում՝ Դիոր, Վերսաչե, Վալենտինո, Ջիվանշե, Ժան Պոլ Գոտիե եւ այլն) Գեւորգ եւ Վարդան Թառլոյանները կրկին Երեւանում են: Ժամանակին իրենց արվեստով  Փարիզը նվաճած հայ դիզայներները «Առավոտի» հետ զրույցում նշելով, որ Հայաստանում իսկապես կան հիանալի մոդելյորներ, ասել էին, թե իրենց երազանքն է հայրենիքում սեփական սալոն հիմնելը, ինչը հնարավորություն կտա միահամուռ ուժերով հայկական նորաձեւությունը միջազգային ասպարեզում ներկայացնելը: Ակադեմիայի իսկական անդամ լինելը հայ դիզայներներին հնարավորություն է տալիս տարվա ընթացքում  Ֆրանսիայում 4 անգամ ցուցադրել իրենց հավաքածուները: Ասենք նաեւ, որ Թառլոյան եղբայրները Երեւանում միայն մեկ անգամ՝  2006թ. են ունեցել ցուցադրություն՝ «Ինկվիզիցիա»  եւ «Փախուստ» թեմաներով:

Դիզայներների հետ հանդիպման ժամանակ նախ հետաքրքրվեցինք, թե ո՞ր փուլում է հայրենիքում սալոն ունենալու գործընթացը: «Մեր ոլորտում լուրջ ֆինանսական ներդրումներ են անհրաժեշտ: Նախ պետք է զարգացնել տեքստիլ արդյունաբերությունը, իսկ Երեւանում նորաձեւության դպրոցի հիմնումը հնարավորություն կտա հայաստանցի դիզայներներին մշտապես շփվել Արեւմուտքի իրենց գործընկերների հետ: Ժամանակին դիմել ենք մեծահարուստներին, բայց մեր բանակցությունները զրույցից այն կողմ չեն անցել: Իհարկե, կարելի է ենթադրել, որ նրանք գուցե լավ չեն պատկերացնում բարձր նորաձեւություն ասվածը, տարակուսում են, թե ներդրված ֆինանսը ինչ ճանապարհով է վերադառնալու: Միայն ասեմ, որ վերադարձն անխուսափելի է եւ դա կլինի միայն ու միայն տեքստիլ արդյունաբերության զարգացման ճանապարհով, որն իր մեջ ներառում է կոշկեղենի, զարդերի, գործվածքի, օծանելիքի եւ այլնի արտադրություն»,- հայտնեց Վարդան Թառլոյանը: Հետաքրքրությանը, թե ցուցադրություն, արտադրություն, սալոն հիմնել, մի խոսքով՝ բարձր նորաձեւության հիմք դնելու համար, կոպիտ հաշվարկով, ի՞նչ չափի ներդրում է անհրաժեշտ, մեր զրուցակիցներն ասացին, որ միջազգային  չափանիշներով այս գործընթացի սկիզբը ենթադրում է 1-3 մլն եվրո, ժպտալով էլ հավելեցին, թե իրենք կարող են զեղչեր անել:

Նկատի ունենալով 2000-ականների սկզբներին Մարգարետ Միտչելի «Քամուց քշվածները» երկի հիման վրա կոմպոզիտոր Ժերար Պրեսկուրվեկի երաժշտական թատերական ներկայացման համար իրենց դիզայնով արված զգեստները, հարցրինք,  թե առաջիկայում ունե՞ն ծրագրեր՝ կապված հայաստանյան երաժշտական թատրոնների հետ: Գեւորգ Թառլոյանի պատասխանը հակիրճ էր. «Դրա համար նախ պետք է առաջարկ լինի»:

Դիտարկմանը, թե Արեւմուտքում այսօր գերակշռում են «համարձակ», ասել է թե՝ կիսամերկ մոդելների ցուցադրությունը եւ իրենց հավաքածուն էլ այդ առումով բացառություն չէ, Թառլոյանները, համակարծիք լինելով, պատասխանեցին, որ, օրինակ, հունիսի սկզբներին աշխարհահռչակ Մոնսերատ Կաբալիեի երեւանյան ելույթի ժամանակ ցանկալի է տեսնել նաեւ կուրծքը կամ մեջքը  լրիվ բաց հագուստով հանդիսականի, մանրամասնելով, թե բարձր նորաձեւությունը հենց այն է, որ դիզայները կարողանա դա մատուցել այնպես, որ գեղեցիկ լինի, բայց ոչ՝ գռեհիկ: Նրանք հավելեցին, որ ժամանակին ֆրանսիական մամուլը անդրադառնալով Յուդաշկինի մի ցուցադրությանը, բացասական է արտահայտվել, պատճառաբանելով, որ ներկայացված առանց կրծկալի մոդելները անչափ վուլգար էին:

Հետաքրքրությանը, թե տարբեր կոտյուրյեներ հայտարարում են, թե նորաձեւ է այս կամ այն գույնը, իրականում այս տարի ո՞ր գույներն են մոդայիկ, Թառլոյանները հայտնեցին, որ բոլոր գույները նորաձեւ են, սակայն պետք է դրանք ճիշտ համադրել, շեշտելով, որ վերջին շրջանում իսկապես մոդայիկ են բոլոր գույների հանգիստ երանգները, հատկապես կապույտի, նարնջագույնի եւ կանաչի: Հարցրինք՝ մեր պաշտոնյա կանանց կամ, օրինակ, ՀՀ նախագահի տիկնոջ հագուկապը «բավարարո՞ւմ» է իրենց: Մեր զրուցակիցները նախ նշեցին, որ ֆրանսիական ԶԼՄ-ները մշտապես ուշադրության կենտրոնում են պահում նախագահ Ֆրանսուա Օլանդի, նրա տիկնոջ, ինչպես նաեւ պաշտոնյաների հագնվելու հարցերը, օրինակ, տարակուսանք է առաջացնում, թե ինչու է Օլանդի փողկապը միշտ թեքված դեպի աջ, միեւնույն ժամանակ նշվում է նրա տիկնոջ իսկապես բարձրաճաշակ հագուստը՝ մեղմ, հանգիստ գույների ներդաշնակությամբ: Նաեւ նշեցին, որ տիկին Օլանդի կերպարով զբաղվում է այսօր Ֆրանսիայի նորաձեւության բարձրակետ հանդիսացող  դիզայներ Հերմեսը, ինչպես նաեւ մի ողջ ինստիտուտ: Անդրադառնալով «մերոնց», Թառլոյանները փաստեցին ՀՀ  նախագահի տիկնոջ ներկայանալի տեսքը, ավելացնելով, որ մեկ-երկու պաշտոնյայի հագուկապն էական չէ, միայն ժողովրդի տեսքից կարելի է դատել տվյալ երկրի ապրելակերպի եւ այլնի մասին:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031