Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ չի կայանում մագիստրատուրան

Մայիս 21,2013 14:20

Վերջին տարիներին բազմաթիվ մագիստրոսական ծրագրերով հայազգի ուսանողներ են մեկնում արեւմտյան բուհեր եւ տեսնում են կրթության այն էական տարբերությունը, որն առկա է մեր բուհական համակարգում: Ուսումնական տարվա հենց սկզբից արեւմտյան բուհերում մագիստրոսները ստանում են մինի համակարգիչներ, դասերը ընթանում են փոքր խմբերով, ժամանակակից համակարգչային տեխնոլոգիաներով, ընտրության լրջագույն փորձություններով անցած պրոֆեսորադասախոսական կազմով, էլեկտրոնային ուսումնամեթոդաբանական նյութերի շտեմարաններով, որը, ցավոք, չի նկատվում հայրենական բուհերում: Իսկ դրա հիմնական պատճառը, իմ կարծիքով, մեր հանրապետությունում մագիստրոսական կրթության մշակույթի բացակայությունն է:

Դեռեւս մեր իրականությունում մագիստրոսական կրթությանը լուրջ մոտեցում չի ցուցաբերվում ինչպես գործատուների (որոնք, ի դեպ, կրթական շուկայում պահանջատեր են), այնպես էլ կրթության մյուս շահառուների՝ ուսանողների, բուհերի եւ անգամ պետության կողմից: Մինչ այժմ, ուսանողները ձգտում են մագիստրատուրա, թույր ըմբռնում ունենալով, թե իբր բակալավրիատը «թերի բարձրագույն է»: Իրենց հերթին, բուհերը մագիստրատուրայում շարունակում են բակալավրիատում մատուցվող կրթական ծառայությունների ավանդույթները (հոսքային դասախոսություններ, տեսական բնույթով եւ որոշակիորեն ձանձրալի գործնական աշխատանքներ ու սեմինարներ), չկազմակերպելով ակտիվ բանավիճային քննարկումներ, կլոր սեղաններ, իրավիճակային խնդիրների լուծումներ, մի խոսքով՝ ուսանողակենտրոն ուսուցում: Դեռեւս կազմակերպվող դասախոսակենտրոն ուսուցումը որոշակիորեն անհետաքրքիր է արդեն բակալավրիատի փուլն անցած ուսանողների համար, որոնց մագիստրատուրայում պետք է սովորեցնեն ոչ թե «ինչպես աշխատել», որն, ի դեպ, բակալավրիատի խնդիրն է, այլ «ինչպես մտածել»:

Վերջերս մամուլում հաղորդագրություն եղավ, որ արեւմտյան բուհերից մեկում պրոֆեսորը իր երկու ուսանողների համագործակցությամբ հայտնագործել է «ստվարաթղթյա ճկվող» բջջային հեռախոս, որն արտադրության մեջ կմտնի 2016 թ.-ից: Ժամանակն է, որ մեր բուհերում ակտիվ գիտահետազոտական համագործակցություն ծավալվի մագիստրանտների ընդգրկմամբ, որն ընդհանուր առմամբ նախատեսված է ուսումնական ծրագրերով, բայց հիմնականում ձեւական բնույթ է կրում եւ սոսկ մնում է թղթի վրա: Արդյունքում, մագիստրական թեզերը, որոնք, ի դեպ, որոշ չափով գիտական նորույթ են պարունակելու, ոչ միշտ են պատշած որակով ներկայացվում, մագիստրատուրայում երբեմն դասավանդում են ու-սանողներին բակալավրիատից ծանոթ եւ անգամ գիտական վաստակ չունեցող դասախոսները, իրենց կրկնվող ծրագրերով:

Մագիստրոսներին լուրջ չեն վերաբերվում նաեւ գործատուները: Եթե Արեւմուտքում մագիստրոսների աշխատավարձը շուրջ 30%-ով բարձր է բակալավրիատն ավարտած շրջանավարտների աշխատավարձից, ապա մեր իրականությունում նման միտում չի նկատվում: Ավելին, եթե մագիստրոսին Արեւմուտքում արգելված է ցածրորակ աշխատանք կատարելը, եւ նրանք պետք է լինեն բաժնի պետեր, միջին մակարդակի կամ վերադաս կառավարիչներ, ապա մեր գործատուների առջեւ նման արգելանք չկա: Արեւմուտքում մագիստրոսները հեշտությամբ դասավանդում են բուհերում, եւ անգամ համալսարանների սկսնակ կուրսերում, որը մեր հանրապետությունում նկատելի չէ:

Վերջում կուզենայի խոսել մագիստրոսական կրթության ֆինանսավորման մասին, որը մեր իրականությունում նույնպես բացթողումներով է իրականացվում: Պետպատվերի ֆինանսավորումը, մեր կարծիքով, բավարար չէ պատշաճ որակով կրթական ծառայություններ մատուցելու համար: Ավելին, մեր բուհերը խոշոր հարկատուներ են եւ դրանով պետության ֆինանսական աջակցությունը ոչ արդյունավետ է դառնում: Բացի այդ, ցածր են նաեւ մագիստրատուրայում ուսման վարձերը: Եթե Արեւմուտքում շրջանավարտը աշխատանքի անցնելուց հետո 7-10 տարում է մարում իր մագիստրական կրթության ծախսերը, ապա մեր իրականությունում աշխատանք գտնելու պարագայում մագիստրոսը կարող է ընդամենը մեկ տարում փոխհատուցել իր կրթական ծախսերը: Միջազգային պրակտիկայում պատշաճ չափով ուսման վարձերի խնդիրը միշտ էլ լուծվել է արտոնյալ պայմաններով կրթական վարկերի տրամադրմամբ, որը դեռեւս մեր բանկային համակարգում կայացման փուլ է ապրում: Ուրեմն, մագիստրատուրայում մենք անելիքներ շատ ունենք, սակայն առաջին հերթին դրանք պետք է առնչվեն կրթական մշակույթի ձեւավորմանը, որը ենթադրում է մագիստրատուրայի որակի ապահովման հարթությունում բոլոր շահառուների (պետություն, ուսանողներ, ծնողներ, գործատուներ, բուհեր, պրոֆեսորադասախոսական անձնակազմ) պահանջմունքների ներդաշնակեցում:

ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ

տնտեսագիտության դոկտոր,

պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031