Լրահոս
Օրվա լրահոսը

Շտեմարանների ստվերային բիզնեսի մասին

Մայիս 21,2013 14:19

Ապրիլի 25-ի կառավարության նիստում ՀՀ վարչապետն անդրադարձել էր դասագրքերի ու տարբեր առարկաների շտեմարանների անհասանելիության խնդրին եւ մեծ ուշացումով տվել էր գնահատական. «Շտեմարաններով բիզնես անելը ճիշտ չէ»: Պատասխանը միանշանակ է՝ այո՛, ճիշտ չէ, մանավանդ, որ դա ստվերային բիզնես է, իսկ 2200-2500 դրամ արժողությամբ տարբեր առարկաների մի քանի շտեմարաններից օգտվում են միասնական քննություն հանձնող բոլոր շրջանավարտները: Նշեմ, որ միայն հայոց լեզվի շտեմարանները 5 հատոր են, մաթեմատիկան՝ 3 եւ այլն: Շտեմարանների բիզնեսի ստվերային լինելու հիմքերը բխում են սույն թվականի ապրիլի 8-ին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորի կողմից ՀՀ վարչապետին ուղղված նամակ-ահազանգի՝ ԿԳ նախարարի պատասխանից: Շրջանավարտների եւ նրանց ծնողների մոտ անհանգստություն առաջացրած շտեմարանների վերաբերյալ միայն ՀՀ վարչապետին «Ժառանգություն» խմբակցության պատգամավորի կողմից հղվել է 2 նամակ, որոնցից հատկապես վերջինում բարձրացված հարցերի մի մասը նպատակ ունեին պարզելու, թե որքանով է ստվերից դուրս այդ շահավետ բիզնեսը, արդյո՞ք շտեմարանների բիզնեսից պետական գանձարան մուտքեր եղել են, հարկեր մուծվել են, արդյո՞ք գնումների մասին օրենքի համաձայն՝ շտեմարանների տպագրման համար մրցույթ հայտարարվել է, որտե՞ղ է իրականացվել շտեմարանների փորձաքննությունը, ո՞վ է հոնորար վճարել հեղինակներին:

Հետաքրքիրն այն էր, որ երբ հասարակությունն իրավացիորեն քննադատում էր շտեմարանների բովանդակությունը, ԿԳ նախարարությունն ասում էր, որ դրանց ստեղծման գործի տերը ԳԹԿ-ն է, եւ մենք որեւէ առնչություն չունենք դրանց հետ, իսկ շտեմարաններին վերաբերող ԱԺ պատգամավորի բարձրացրած բոլոր հարցերին պատասխանում է ԿԳ նախարարությունը, ավելին՝ նախարարի ստորագրության տակ նշված մասնագետը ոչ մի կապ չունի այս հարցերի հետ:

Վերոնշյալ պատասխանից պարզվում է, որ.

1. Շտեմարանների տպագրության մրցույթ չի հայտարարվել, այսինքն՝ կոպտորեն խախտվել է Գնումների մասին ՀՀ օրենքը:

2. Շտեմարանների մշակման աշխատանքները կազմակերպել են հրատարակչությունները՝ ստեղծելով հեղինակային խմբեր, այնինչ, օրինակ, հայոց լեզվի շտեմարանները մշակվել ու հրատարակվել են Գիտելիքների թեստավորման կենտրոնում:

3. Շտեմարանների փորձաքննությունն իրականացրել է ԳԹԿ-ն, որի կանոնադրությամբ այս գործունեությունն իրեն չի վերապահված:

4. Պետբյուջեով գումար չի նախատեսվել:

5. Շտեմարանների հեղինակներին հոնորար վճարել են հրատարակչությունները:

6. 2012 թվականին հրատարակված շտեմարաններից ԳԹԿ-ն վճարել է օրենսդրությամբ նախատեսված բոլոր հարկերը, սակայն չի տրամադրվել պատգամավորի պահանջած որեւէ փաստաթուղթ, որը հաստատի այս մերկապարանոց հայտարարությունը:

7. Շտեմարանները վաճառվում են հրատարակչությունների կողմից, գրախանութներում, կրպակներում եւ վաճառքի այլ կետերում, գրված է պատասխանի մեջ, սակայն պարզ չեղավ, թե հրատարակչությունները պետբյուջե հարկեր մուծե՞լ են:

Կարծում եմ՝ Վերահսկիչ պալատն այստեղ լուրջ անելիք ունի:

Պատգամավորի բարձրացրած հարցերի այս կցկտուր պատասխաններն անգամ վկայում են շահավետ բիզնեսի մասին, որից օգտվում են միայն առանձին անհատներ, բայց ոչ՝ կրթությունը: Էլ չեմ ասում թանկարժեք կրկնուսույցների մասին, որոնք նույնպես խուսափում են հարկերից եւ, ինչպես հայտարարել է հայոց լեզվի շտեմարանների հեղինակներից մեկը, բարձր միավոր ստանալու համար շրջանավարտը պետք է անպայման կրկնուսույցի մոտ պարապի: Այդպես էլ չիմացանք, թե կրթության պետական քաղաքականության դեմ արված այս հայտարարության համար նրանից բացատրություն պահանջվե՞ց:

Եվ ամենացցուն անօրինական փաստը դա Կրթության մասին ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ կետի խախտումն է, որն ասում է. «Պետական հանրակրթական դպրոցների ավարտական, ինչպես նաեւ պետական եւ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունների անցկացման համար նախապատրաստվող հարցաթերթիկները (հարցաշարերը, քննական հարցերը, խնդիրները եւ այլ առաջադրանքները) կազմվում են բացառապես պետական հանրակրթական դպրոցների (1-12-րդ դասարանների) կրթական ծրագրերով նախատեսված, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից պետական հանրակրթական դպրոցներում օգտագործման համար երաշխավորված եւ առնվազն մեկ ուսումնական տարվա ընթացքում պետական հանրակրթական դպրոցներում օգտագործված (դասավանդված) դասագրքերին, ձեռնարկներին, խնդրագրքերին եւ ժողովածուներին համապատասխան»: Իսկ ԿԳ նախարարի հրամանով օգտագործման համար երաշխավորված եւ առնվազն մեկ ուսումնական տարվա ընթացքում պետական հանրակրթական դպրոցներում օգտագործված (դասավանդված) դասագրքերի, ձեռնարկների, խնդրագրքերի եւ ժողովածուների ցանկում շտեմարանները չկան, հետեւաբար դրանք չեն կարող ծառայել միասնական քննությունների ժամանակ հարցաշարերի, քննական հարցերի, խնդիրների եւ այլ առաջադրանքների համար հիմք:

Ավելորդ չեմ համարում հերթական անգամ արձանագրել փաստը, որ շտեմարանները լի են վրիպակներով ու սխալներով,  ո- րոնք յուրաքանչյուր հաջորդ  հա-տորում տպագրվում են էջերով: Չնայած ԿԳ նախարար պարոն Աշոտյանի հավաստիացումներին, որ միասնական քննության թեստերը զերծ կլինեն վրիպակներից ու երկակի պատասխան ունեցող հարցերից, սակայն բոլորս հիշում ենք, որ քննական գնահատականները հայտարարելուց հետո է պարզվում, որ նման հարցեր, այնուամենայնիվ, հայտնվել են թեստերում եւ ինչ որ միավոր համատարած բաշխվելով է հարցը փակվել:

Այս ամբողջ պատմությունը գալիս է նաեւ նրանից, որ թե՛ շտեմարանների հեղինակները, թե՛ թեստերը գրողները չեն առաջնորդվում ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N439-Ն որոշմամբ սահմանված Հանրակրթության Պետական չափորոշիչի նորմերով ու դրույթներով, որոնք, մեջբերում եմ. «Պարտադիր են Հայաստանի Հանրապետության կրթության կառավարման մարմինների, տարրական, հիմնական եւ միջնակարգ ընդհանուր, հատուկ եւ մասնագիտացված հանրակրթական ծրագրեր մշակողների եւ իրականացնող ուսումնական հաստատությունների համար՝ անկախ դրանց կազմակերպական-իրավական ու սեփականության ձեւերից եւ ենթակայությունից»: Նշեմ, որ Պետական չափորոշիչը սահմանում է նաեւ գնահատման ձեւերն ու սանդղակը, որտեղ մինուս մեկ գնահատական չի սահմանվում, որն օգտագործվում է հայոց լեզվի եւ մաթեմատիկայի միասնական քննությունների գնահատման ժամանակ:

Այնպես որ, հարգելի պարոն վարչապետ, անհրաժեշտ է վերացնել շտեմարանների հետ կապված այս ստվերային բիզնեսը, որը խթանում է հսկայական ստվերային կրթությանը եւ խոչընդոտում ավագ դպրոցի կայացմանը: Անհրաժեշտ է առաջնորդվել միայն ՀՀ օրենքներով եւ թեստերի պահանջների հիմքում խստորեն դնել պետական չափորոշիչներին համապատասխանության պահանջը, որով ուսումնական հաստատությունների համար սահմանվում է հանրակրթությանը ներկայացվող պետական պատվերը եւ որոնց արդյունքների գնահատումը նույնպես պետք է կատարվի չափորոշչին համապատասխան: Սա ոչ թե քաղաքական ընդդիմությունն է ասում, այլ ՀՀ օրենքի  պահանջն է:

ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ

կրթության ոլորտի փորձագետ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031