Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերունդները չպետք է մոռանան իրենց հայրերի եւ պապերի գործը»

Մայիս 21,2013 14:15

Հուշ-երեկույթը, որը տեղի էր ունենում Նոր Նորքի հայորդյաց տանը, նվիրված էր մեր ժողովրդի արժանավոր զավակներից մեկի՝ կուսակցական եւ պետական գործիչ Անտոն Քոչինյանի հիշատակին։ 2013-ին լրանում է նրա ծննդյան 100-ամյակը։

Միջոցառման ընթացքում, տարբեր սերունդների ներկայացուցիչներ ընդգծում, ներկայացնում էին այն ամենը, ինչ նա հասցրեց անել Հայաստանի մինիստրների խորհրդի նախագահի եւ Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոններում։ Փաստորեն, ավելի քան երկու տասնամյակ նա Հայաստանի այն ղեկավարներից էր, ովքեր փորձում էին վեր հանել, բարձրացնել, կառուցել երկիրը։ Ինչպես ցերեկույթին ներկա գտնվողներն էին նշում, նա քարը քարի վրա դնում, ստեղծում ու արարում էր, որ Արփայի ջուրը Սեւան հասնի, արժանապատիվ «Զվարթնոց» օդանավակայան ունենանք, հայ մարդը ֆուտբոլասեր լինի եւ խաղը դիտի «Հրազդանի» նման մարզադաշտում։ Անտոն Քոչինյանի կենսագիրը՝ պատմաբան Վլադիմիր Պետրոսյանը ընդգծեց, որ հոբելյանը թույլ կտա լավ ճանաչելու մեր ժողովրդի արժանավոր զավակին։ Չէ՞ որ նա իր ամբողջ կյանքը եւ գործունեությունը նվիրել է ժողովրդին, հայոց հողին ու ջրին, ազգային գաղափարներին։

«Նա ազգային գործիչ էր,- ասաց բանաստեղծ եւ Անտոն Քոչինյանի հայրենակից Լիպարիտ Սարգսյանը։- Նրա արմատներն այնքան խորն էին հայրենի հողում, որ հավատում էր, որ Արցախը կմիանա Հայաստանին, իսկ ինքը կլինի Արեւմտյան Հայաստանի տարածաշրջաններից մեկի ղեկավարը։ Իր ազգային հավատով վարակում էր բոլորին»։

Թերեւս հուշ-երեկոյի ընթացքում ամենաուշագրավը այն էր, որ Անտոն Քոչինյանի մասին պատմում էին Երեւանի թիվ 135 դպրոցի աշակերտները։ Օգտվելով Անտոն Քոչինյանի «Անավարտ հուշեր» գրքից՝ նրանք պատումներ էին հնչեցնում ներկա եւ գալիք սերունդներին՝ պատգամների տեսքով։

«Լոռվա ձոր» հայրենակցական միության նախաձեռնությունը պատշաճ մակարդակով իրականացրին Երեւանի թիվ 135 դպրոցի աշակերտները,- ասաց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցանը,- 2013-ը սկզբունքորեն դառնում է քոչինյանական, եւ նրա 100-ամյակի ոգեկոչման բազմաթիվ միջոցառումներ կլինեն։ Դեռ ավելին, ՀՀ վարչապետի հրամանով ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով՝ Վլադիմիր Մովսիսյանի ղեկավարությամբ։ Այն ձեռնամուխ է եղել նախապատրաստական աշխատանքներին, որոնք կլինեն բազմաբնույթ եւ թույլ կտան բարձր մակարդակով նշելու մեր ժողովրդի լավագույն զավակներից մեկի 100-ամյակը։ Այսօրվա նման ինքնաբուխ միջոցառումներ շատ կլինեն եւ դրանք ողջունելի կլինեն։ Սերունդները չպետք է մոռանան իրենց հայրերի եւ պապերի գործը»։

ԼԻԼԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031