Մայիսի 9-ին ԱՄՆ-ի անգլալեզու հայկական The Cali-fornia Courier շաբաթաթերթում հրապարակվել է հայաստանցի կոմպոզիտոր, դաշնակահար, հայ դասական երաժշտության «Կանթեղ» անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՌԴ արվեստի ասպարեզում բարձրագույն նվաճումների համար շնորհվող «Տրիումֆ» մրցանակի դափնեկիր Արփինե Կալինինայի «Komitas: Pearls of Armenian Folk Music» («Կոմիտաս. հայ ժողովրդական երաժշտության գոհարները») հոդվածը: Վերջինիս հիմքում Կոմիտասի մեներգերի մասին գրված Ա. Կալինինայի երաժշտագիտական ակնարկն է, որը հեղինակը, իր ստեղծագործությունների պարտիտուրների եւ ձայնագրությունների հետ մեկտեղ, ներկայացրել է Լոնդոնի Թագավորական Երաժշտական Ակադեմիա՝ նվաճելով ուսումնական սակավաթիվ տեղերից մեկը: Հոդվածը կազմում է նաեւ «Կանթեղ» անսամբլի կողմից ՀՀ-ում արդեն 3-րդ տարին իրականացվող Կոմիտասյան համերգաշարի համերգ-դասախոսությունների հիմքը:
Մայիսի 17-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը «Կանթեղը» ներկայացրեց «Կոմիտասը՝ հոգեւոր ապահովության գրավական» խորագրով Կոմիտասյան համերգաշարի 23-րդ համերգ-դասախոսությունը: Ի դեպ, մուտքն ազատ էր: Կներկայացվեցին անսամբլի մենակատարները՝ Իշխան Հարությունյանը (սաքսոֆոն), Արփինե Կալինինան (դաշնամուր): Հնչեցին Կոմիտասի մեներգերի փոխադրությունները սաքսոֆոնի եւ դաշնամուրի համար, Կոմիտասյան մեղեդիների հիման վրա գրված Արփինե Կալինինայի դաշնամուրային իմպրովիզացիաները: Համերգային հատվածներն ընդմիջվում էին կատարվող մեներգերի բանաստեղծական տեքստերով եւ դասախոսությամբ:
«Կանթեղը» փորձում է հանրությանը հնարավորինս համակողմանի ներկայացնել եւ խորապես սիրելի դարձնել Կոմիտասի ժառանգությունը, որը հայ ժողովրդի պատմության յուրօրինակ սեղմագիրն է եւ բացահայտում է մեր ժողովրդի իսկական ինքնությունը:
Սեփ. լր.
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ