ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի մասին վարչապետին հարց ուղղեց. «Դուք եկել եք այստեղ, որ արժանանաք մեր հավանությա՞նը: Դուք խոստացել էիք մենաշնորհների դեմ պայքար, օլիգարխներին բերել հարկային դաշտ, դուք ձեր խոստումը չեք կատարել: Հիմնական մարտահրավերների հարցով ձեր կառավարությունը ոչ մի բան չի արել՝ կոռուպցիայի վերացման, կոռուպցիայի կրճատման ուղղությամբ: Անգամ ցանկությունը չեք ունեցել: Ո՞ր մեկն ասեմ:
Դուք ավելի շատ մարդկանց հացն եք կտրել, քան հաց ստեղծել՝ գրավաճառներից գնացեք վստահություն խնդրեք, օդաչուներին հիշեք, ո՞ւր են այդ հրաշք մասնագետները: Ո՞ր մեկն ասեմ, դուք բնագավառն ասեք, ես ձախողումներն ասեմ: «Արմավիան» հերիք ա: Ստեղից Սոչի 400-500 դոլար է, ինչի՞ համար, երբ Անգլիայից Հռոմ կարելի է 100 եվրոյով թռնել: Սա ուղղակի սկանդալ է: Եկել եք վստահություն եք ուզում: Բանակի մասին եք խոսում, գոնե մի ասեք 30 տոկոս սպանությունների պակաս կա: Դիակները էնտեղ դրած՝ դուք ասում եք սպանությունների պակաս կա, գոնե մի ասեք: Եթե մի սպանություն էլ լինի՝ էլի մտահոգիչ է»:
Արամ Մանուկյանը նաեւ առաջարկեց գրազ գալ, որ ընտրություններին իշխանությունները չեն հաղթել. «Ասում եք ընտրություններին վստահության քվե եք տվել, մի հատ տաքսի նստեք գնացեք հրապարակ, եթե մեկը ասի, որ փող չեք տվել….: Փողոցում ինչ ասես՝ անում են: Փողոցի խուժանը ե՞րբ էր էսքան լկտի եղել: Դուք սա թույլ եք տվել ու ասում եք՝ ժողովուրդն ընտրել է»:
Խոսելով գազի սակագնի բարձրացման մասին՝ ՀԱԿ պատգամավորն ասաց, որ «Գազի գինը քաղաքական խնդիր է: Սա պատասխան է՝ նախորդ նախագահական ընտրությունների: Մենք կզելու ենք, մենք ճկռելու ենք, չենք կարողանալու տակից դուրս գալ: Դուք հիմա եկել եք հավանություն եք ուզում: Ձեզ պատժել է պետք, ոչ թե հավանություն»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ