«Երեկ չընդունեցիք իմ այն խոսքը, որ ՀՀ դատախազը խարդախ է: 6 տարի առաջ այս դահլիճից ներկայացրեց այդ խարդախ գլխավոր դատախազը ԱԺ-ին, որպեսզի մենք հավանություն տայինք նրա ընտրվելուն: Ես բացահայտ ասել եմ, որ դեմ եմ նրա ընտրվելուն: Կառավարության որոշումները, մեծ մասը չեն համապատասխանում օրենքի պահանջներին»,- այսօր կառավարության ծրագրի մասին իր ելույթում նշեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նրան ընդհատեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ դիտողություն անելով, որ «Չի կարելի մարդկանց վիրավորել»: Զարուհի Փոստանջյանը հորդորեց իրեն չընդհատել. «Դուք իր տեղը մի վիրավորվեք, խնդրում եմ, պաշտպանների կարիք նա չունի»:
Նա մատնանշեց որոշումներ, որոնք չի կանխել գլխավոր դատախազը, որը, ըստ Զարուհի Փոստանջյանի, այդ որոշումից օգտվող շահառու անձ է. «Բյուրականի ՀԷԿ-ին դեմ են գյուղացիներ, դու ջերմոցներ ես դրել, կանաչի, պոմիդոր ես ծախում, թող մենք էլ ապրենք: Կարեւորն այն է, որ այդ ՀԷԿ-ը չկառուցվի, որովհետեւ մեզ ոչ խմելու, ոչ ոռոգման ջուրը չի բավարարում: Սա գյուղացիների նամակն է: Այդ որոշումների հետեւում միգուցե փաստաթղթերով Աղվան Հովսեփյանը չի, բայց գյուղացու անկեղծ խոսքերն եմ ասում: Ինչպես ասում է Սերժ Սարգսյանը՝ փաստաթղթերով ամեն ինչ նորմալ է: Սա է համատարած»:
Նա նաեւ հիշեց Վարդան Օսկանյանին. «Այդ խարդախ դատախազն այս ամբիոնից պահանջում էր մեր գործընկերոջը զրկել անձեռնմխելիությունից, որ կարողանար մեղադրանք առաջադրեր: Ո՞ւր է այդ մեղադրանքը: Ո՞վ էր թույլ տվել նրան, որ գար անձեռնմխելիությունից զրկեր: Մեր թույլտվությամբ անձեռնմխելիությունից զրկեցին մեր գործընկերոջը»:
Պատգամավորն անդրադարձավ նաեւ կարկուտից տուժած համայնքներին՝ հարց ուղղելով, որ կառավարությունն ասում է՝ օգնելու ենք, ինչքա՞ն եք օգնելու: Մարդիկ նստելու են ինքնաթիռ եւ գնան:
Կարդացեք նաև
Զարուհի Փոստանջյանի ելույթից հետո Հովիկ Աբրահամյանը կոչ արեց հաջորդ ելույթ ունեցողներին, որ զերծ մնան վիրավորանքներից. «Ովքեր չեն գիտակցում, թող գիտակցեն, որ ուրիշներին անհիմն վիրավորելով՝ իրենց չեն արժեւորի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ