Ամերիկահայ գրականագետ, թարգմանչուհի, թուրք գրող Էլիֆ Շաֆակի «Ստամբուլի ընկեցիկը» գրքի հայերեն թարգմանության հեղինակ Մարո Մադոյան-Ալաջաջյանն այսօր հյուրընկալվել էր «Ուրբաթ» մամուլի ակումբում: Թարգմանիչը ներկայացրեց Էլիֆ Շաֆակի` Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ստամբուլի ընկեցիկը» գիրքը, որի հեղինակը՝ Շաֆակը, այս գրքի պատճառով ժամանակին դատապարտվել է Թուրքիայի քրեական օրենսգրքի 301 հոդվածով, որը ազգային ինքնությունը վիրավորելու մասին է: Ի դեպ, Շաֆակին դատի էր տվել հենց վեպի «հերոսը»:
«Էլիֆ Շաֆակը հայ հասարակությանը պետք է հայտնի լինի, նրա վեպը ցեղասպանության հետեւանքների մասին է: Նա շատ բարձր գեղարվեստ է օգտագործել, ժամանակակից ոճ եւ իր առաջին վեպն է, որ անգլերենով է գրել: Շաֆակը ծնվել է Ստրասբուրգում, մայրը դիվանագետ է ու միայնակ մայր: Շաֆակը տիրապետում է երեք լեզվի, գիտի նաեւ իսպաներեն, այժմ ապրում է Լոնդոնում, ունի երկու զավակ: Այս գրքից հետո Շաֆակը եւս երկու գիրք է գրել: Վերջերս Լոնդոնում կայացած գրքի տոնավաճառին Շաֆակը համարվել է տարվա գրող: Թուրք գրողը վեպում ասել է, որ Թուրքիան տառապում է ամնեզիայով: Չնայած սրան, Շաֆակը Թուրքիայում ամենաընթերցված հեղինակն է»,-նշեց թարգմանիչը:
Նա նաեւ հավելեց. «Մի կին, որ թրքուհի է, ինձ համար ավելի հարազատ է, քան շատուշատ հայեր: Արվեստը եւ բարձր մտավոր կարողությունները պետք է ազգություն չճանաչեն, Շաֆակի ամենամտերիմ մարդկանցից մեկը Հրանտ Դինքն էր, որ մահից հետո Շաֆակը դեպրեսիա է ապրել»:
Մարո Մադոյան-Ալաջաջյանն ասում է, որ այս գիրքը թարգմանելուց հետո պահանջ է զգացել գնալ Ստամբուլ: Նա հայտնեց, որ ուշացումով է տեղեկացել, որ «Անտարես» հրատարակչությունը գնել է գիրքը թարգմանելու հեղինակային իրավունքը: Հետագայում իրենք համաձայնության են եկել որոշ հարցերում:
Կարդացեք նաև
«Ես բնագրից էի թարգմանել, «Անտարեսը»՝ թուրքերենից: Ի դեպ, այս վեպը թարգմանված է աշխարհի երեսուն լեզուներով»,-նշեց թարգմանիչը:
Գրքի հայաստանյան շնորհանդեսը կկայանա մայիսի 30-ին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ