Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում տեղի ունեցավ ԷԳՓԱԼ-ի` Էկոլոգիապես անվնաս կամ կանաչ տնտեսական աճի հարցերով փորձի փոխանակման ցանցի երկօրյա մեկնարկային միջազգային համաժողովը, որի համահովանավորներն էին Համաշխարհային բանկը և Լեհաստանի բնապահպանության նախարարությունը: Միմյանց փորձին ծանոթանալու, միմյանցից սովորելու, մարտահրավերները ու էկոլոգիապես անվնաս տնտեսական աճի ճանապարհին առկա խնդիրների հնարավոր լուծումները քննարկելու և ցանցի ներսում նմանատիպ խնդիրներ ունեցող համայնքային խմբեր ձևավորելու համար ընդհանուր շահերն ու հետաքրքրությունները վերահնելու նպատակով հավաքվել էին մոտ 90 մասնակիցներ:
Համաժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրների էկոնոմիկայի, բնապահպանության և ֆինանսների նախարարություններից, Արևմտյան Եվրոպայի որոշ երկրների կառավարություններից, ինչպես նաև կրթական, հասարակական կառույցներից և միջազգային զարգացման հաստատություններից:
«Կլիմայի փոփոխության և էկոլոգիապես անվնաս տնտեսական աճի տնտեսագիտական վերլուծությունը դեռևս ձևավորման մեջ գտնվող բազմաոլորտային տեխնիկական փորձաքննության ուղղություն է, սակայն տարածաշրջանի երկրների կառավարությունները գիտակցում են, որ էկոլոգիապես անվնաս տնտեսական աճի ուղին կարող է փոխակերպող ազդեցություն թողնել իրենց երկրի տնտեսության վրա, – բացման խոսքում ասաց Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի հարցերով Համաշխարհային բանկի փոխնախագահ Ֆիլիպ Լը Ուեղուն, – ուրախ եմ տեսնել, որ թեմայի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա տարածաշրջանում և այսքան շատ մասնակիցներ ունենք: Անհրաժեշտ է թեմային ավելի խորությամբ տիրապետել, որպեսզի քաղաքականության ու ներդրումների մասով նախապատվությունը տրվի ավելի լավ տարբերակների: Հուսով ենք, որ ԷԳՓԱԼ–ի շրջանակում կապահովվեն առնվազն այս կարիքին արձագանքելու մեկնարկային հիմքերը»:
Կարդացեք նաև
ԷԳՓԱԼ-ը նոր ձևավորված տարածաշրջանային ցանց է, որը միմյանցից սովորելու, փորձի փոխանակման ու տեխնիկական համագործակցության հարթակ է ապահովում Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրների կառավարությունների ավագ տեխնիկական մասնագետների համար` կլիմայի փոփոխության ու էկոլոգիապես անվնաս տնտեսական զարգացման հարցերի շուրջ: Կանոնավոր կազմակերպվող համաժողովներից ու աշխատաժողովներից զատ, ինչպիսին այս համաժողովն էր, կձևավորվի նաև վեբ-հարթակ, որտեղ կիրականացվի գիտելիքների փոխանակում: Այս նոր ցանցը ձևավորելիս հաշվի են առնվել պետական օղակում աշխատող մասնագետների համար նմանատիպ այլ ցանցերի, մասնավորապես` պետական ծախսերի կառավարման, միգրացիոն քաղաքականության և դատաիրավական բարեփոխումների ցանցերի գործարկումից քաղած դասերը: Այս նոր ցանցը կհամալրի էկոլոգիապես անվնաս տնտեսական աճի հետ կապված գիտելիքների ապահովման մյուս աշխատանքների շարքը, որոնցից է Էկոլոգիապես անվնաս տնտեսական աճի հետ կապված գիտելիքների հարթակը:
Կայուն տնտեսական զարգացման մոտեցումները փնտրտուքը շոշափելի մարտահրավեր է: Հետևաբար, ինձ համար շատ կարևոր է, որ Համաշխարհային բանկը առաջնորդում է այս գործընթացը և խթանում տարբեր միջավայր ու զարգացման մակարդակ ունեցող երկրների երկոսությունը կանաչ տնտեսության շուրջ: Վստահ եմ, որ Համաշխարհային բանկն իր մեծ փորձով և մասնագիտացմամբ կապահովի այս նախաձեռնության ստեղծագործական զարգացման ընթացքը: Քանի որ մենք այս ոլորտում իրականացրել ենք մի շարք միջոցառումներ, ուրախ կլինենք կիսվել այդ փորձով մյուս շահեկիցների հետ: Ես ուրախ եմ, որ կանաչ տնտեսության տեսանկյունից կարևոր թեմաներ, ինչպիսիք են կանաչ հանրային գնումները, կանաչ հարկումը, վերականգնվող էներգիայի աղբյուրները և կլիմայի հետ կապված հարցերը քննարկվելու են այս համաժողովի ընթացքում, նշեց Անետա Վիլմանսկան՝ Բնապահպանության նախարարության պետքարտուղարի տեղակալը:
Համաժողովի օրակարգում ներառված էին էլոկոգիապես անվնաս տնտեսական աճին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում` ածխածնային արտանետումներ, էներգետիկ սուբսիդիաներ, էկոլոգիապես անվնաս` կանաչ ներդրումային ծրագրեր, վերականգնվող էներգիայի արտոնյալ սակագներ և սուբսիդիաներ և այլ էկոլոգիապես անվնաս տեխնոլոգիաներ, կլիմայի փոփոխության հետ կապված պետական ծախսերի վերանայում, կլիմայի փոփոխության հետևանքները մեղմացնելու ու դրանց հարմարվելու ծախսեր, պետական ներդրումային տարբերակներ, էկոլոգիապես անվնաս աշխատատեղեր, արտահանում, նորամուծություններ և այլն:
Այս նոր ցանցի առաջիկա քայլերը կներառեն առցանց ներկայության ձևավորում, որպեսզի ցանցի մասնակիցներն ունենան վիրտուալ հանդիպումների անցկացման վայր, ինչպես նաև Եվրոպայում ու Կենտրոնական Ասիայում էկոլոգիապես անվնաս կամ կանաչ աճի հնարավորությունների գնահատման ու կյանքի կոչման վերաբերյալ գործնական տեղեկատվության ապահովում հանրությանը:
Համաշխարհային բանկ