Լրահոս
Օրվա լրահոսը

Ա. Մինասյան. «Մեր իշխանությունները ամենաթույլիկ իշխանություններն են» (Տեսանյութ)

Մայիս 21,2013 12:03

«Սա ՀՀ հազվագյուտ փաստաթղթերից մեկն է, որը չունի կոնկրետություն: Սա ծրագիր չէի համարի, այն մի հռչակագիր է, որը չունի ոչ միայն կոնկրետություն, այլև մշուշոտ և անորոշ ձևակերպումներով, ապագա չունեցող երկրի գործողությունների համալիր է»,- «Ուրբաթ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ կառավարության օրերս ներկայացրած ծրագրին այսպիսի գնահատական տվեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ այս ծրագիրը չի վավերացնում մեր երկրի առջև կանգնած հիմնական մարտահրավերները: Խոսելով կառավարության ծրագրում ներկայացված առաջնահերթությունների մասին՝ պարոն Մինասյանը նկատեց. «Վստահ եմ, որ դրանք կառավարության համոզմունքը չեն: Նրանք այդ առաջնահերթությունները երևի վերցրել են նախագահի երլույթից և այլ ուժերի ծագրերից: Իրականում կառավարությունը խորքային պատկերացում չունի այդ առաջնահերթությունների մասին»:

Պարոն Մինասյանը նշեց, որ երկրում 500 հազար աշխատատեղի կարիք կա, իսկ կառավարությունը թիրախավորում է ընդամենը 100 հազարը: Այնուհետև շարունակեց. «Եթե այս տեմպերով ենք ուզում լուծել երկրի սոցիալ-տնտեսության հիմնական խնդիրը՝ գործազրկությունը, ապա անկհայտ է, որ սա հեռու է մեր երկրի մարտահրավերները լուծելու նպատակներից: Ու մենք՝ սովորական մահկանացուներս, այդքան երկար չենք կարող ապրել, որ տեսնենք այս կառավարության աշխատանքի արդյունքը»:

Հղում կատարելով վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների արդյունքներին՝ Ա. Մինասյանը նկատեց. «Այս կառավարությունը թալանչի և կեղեքող կառավարություն է, այն բյուջետային միջոցները մսխել է, անսահման ոչնչացրել և այսպիսի պայմաններում հիմա էլ ներկայացնում է այս ծրագիրը: Գաղթ մթնոլորտ ծնողը առաջինը ներկա կառավարությունն է, իշխանությունը՝ սկսած նախագահից մինչև սովորական պաշտոնյան: Նրանք խոսում են բարեփոխումների մասին, բայց ոչ մի բարեփոխում չեն անում: Խոսում ենք ազգային ավիափոխադրողի մասին, բայց ոչ մի խոսք կառավարության ծրագրում չկա այդ ինստիտուտի մասին»: Ընդհանուր առմամբ Ա. Մինասյանը կառավարության ծրագրում տեղ գտած ձևակերպումները համարում է «անատամ»: Իսկ ՀՀ վարչապետի հայտարարությունները՝ կառավարության ծրագիրը ներկայացնելիս դաշնակցական պատգամավորը համարում է «իրենք ուզում  են լավ անել, բայց այդքան ուժ չունեն ժանրից», «բաժակաճառային», «դեմագոգիկ» ու «հռչակագրային»: Նա նկատում է, որ այս իշխանությունների ամենամեծ վատությունը եղել է այն, որ սպանել են ժողովրդի հույսը ու թեման եզրափակում. «Մեր իշխանություններն ամեաթույլիկ իշխանություններն են, քանի որ քաղաքացուն հալածելով ուզում են պահել իրենց իշխանությունը»:

Գազի գնի թանկացման խնդրի վերաբերյալ էր Ա. Մինասյանն այս կարծիքն ունի. «Մեր իշխանությունները մեղավոր են, որ չեն կարողանում և պատրաստ չեն վճռական քայլերի, որ ՌԴ-ն իր քաղաքականությունը ՀՀ-ում այդքան հալածիչ չիրականացնի: Երբ հանձնում ես քո ամբողջ էներգետիկ հզորության 80 տոկոսը ՌԴ-ին, ու այդ երկիրն այս պայմաններում գազի ամենաթանկ գինն է ՀՀ-ին առաջարկում, դա խոսում է ՌԴ-ի՝ Հայաստանը հայաթափելու քաղաքականության մասին: Վրաստանին գազը վաճառվում է 400-405 դոլարով, ՀՀ-ում գազի գինը թանկ է անգամ Անգլիայում, Լատվիայում, Լիտվայում գոյություն ունեցող սակագնից: Ուստի Իրան-Հայաստան գազամուղը չպիտի հանձնեինք ռուսներին: Սա ալտերնատիվ էր, էներգետիկ բալանսում այլընտրանքային էներգետիկ աղբյուրները պիտի խրախուսել,  հիմա առարկայական պահն է, որ ցույց տանք, որ չենք կարող կախման մեջ գտնվել մի երկրից, մանավանդ որ նա այս հարցը կիրառում է որպես գործիք՝ քաղաքական ճնումներ կատարելով ՀՀ-ի վրա: Ինձ պե՞տք է սահմանների պաշտպանությունը, եթե ՀՀ-ում հայ չմնա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031